Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Ողջունելով առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից և ծխախոտի ծխի վնասակար հետևանքներից, ինչպես նաև սոցիալական ու տնտեսական ոլորտների և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից ներկա և ապագա սերունդներին պաշտպանելուն ուղղված ջանքերը,

Կարևորելով Հայաստանում ծխելու մակարդակի կրճատմանն ու կյանքի որակի բարձրացմանը, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխելը որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելուն ուղղված նախաձեռնությունները,

Վստահ լինելով, որ առողջ ազգաբնակչություն ունենալու նախապայմաններից կարևորագույնն են պետությունների՝ ծխելու դեմ պայքարին ուղղված նախաձեռնությունները,

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտնում է իր մտահոգությունը e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ և գտնում է, որ հիշյալ Նախագիծն ունի էական բացթողումներ և անճշտություններ, որոնք կարող են բերել ոչ միայն տարաբնույթ մեկնաբանությունների, այլև հանդիսանան կոռուպցիոն ռիսկերի և այլ բարդությունների ծագման աղբյուր՝ Օրենքի կիրառման և վերահսկման տեսանկյունից։ Ավելին, արդյունքում դա կարող է բերել նաև հասարակության կողմից Օրենքի նկատմամբ վստահության կորստի՝ դրանում առկա բացթողումների և անհավասար կիրարկման հետևանքով։

Կոալիցիան վստահ է, որ առողջ ազգաբնակչություն ունենալուն միտված պայքարը պետք է լինի պրոֆեսիոնալ, չափելի և հստակ, ուստիև կոչ է անում ՀՀ առողջապահության նախարարությանը ծավալել հանրային քննարկումներ հիշյալ Նախագծի վերաբերյալ և վերջնական քննարկման ներկայացնել մի նախագիծ, որը հիմնված կլինի հանրային համաձայնության վրա։

Կոալիցիան հայտնում է իր պատրաստակամությունը վարել կառուցողական  երկխոսություն, համագործակցել Նախագծի հստակեցման և վեր հանված բացթողումների շտկման ուղղությամբ, ինչպես նաև կազմակերպել հանրային քննարկումներ և տրամադրել փորձագիտական աջակցություն բարձրացրած հարցադրումներին ու մտահոգություններին պատշաճ կերպով արձագանքելու պարագայում»։