Մայիսի 16-ին, Միլանի Պետական համալսարանում տեղի ունեցավ «Սոցիալական մոդելներ և հանցագործություն. Կոռուպցիայի դեմ պայքար և մարդու իրավունքների պաշտպանություն» թեմայով համաժողովը: Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչ, «Հայաստանի երիտասարդ իրավաբաններ ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ Մարիամ Զադոյանը նույնպես հրավիրված էր մասնակցելու և «Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանում» թեմայով դասախոսություն կարդալու։ Բանախոսների թվում էին նաև Հյուսիսային և Լատինական Ամերիկայի ինչպես նաև Իտալիայի համալսարանների պրոֆեսորներ:
Մարիամ Զադոյանը ներկայացրեց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ազգային և միջազգային գործիքները։ Նա խոսեց նաև այն միջազգային հակակոռուպցիոն նախաձեռնությունների մասին, որոնց մասնակցել է Հայաստանը։ Բանախոսը ներկայացրեց կանխարգելիչ/կրթական ինչպես նաև իրավապահ գործառույթներով օժտված հակակոռուպցիոն մարմինների նկարագիրը։ Խոսվեց նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և նրա կողմից նախաձեռնված բարեփոխումների մասին, ինչպիսիք են ապօրինի հարստացման քրեականացման բարեփոխումները, ազդարարների պաշտպանության մեխանիզմների ներդրումը, պետական գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը, պետական պաշտոնյաների ներկայացրած հայտարարագրերի համակարգի կատարելագործումը և այլն։ Մարիամը նաև ընդգծել է հակակոռուպցիոն ռազմավարության նոր նախագծի առավելություններն ու թերությունները:
Կոնֆերանսի ընթացքում ներկայացված փաստաթղթերի արդյունքները կհրապարակվեն Միլանի Պետական Համալսարանի «Հասարակություն և իրավունք» պարբերականում: