Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետի անդրադարձը Թրանսփարենսի Ինթերնեշնլի հայտարարությանը

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ Մարիամ Զադոյանն անդրադարձել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի հայտարարությանը.

«2019 թվականի մայիսի 7-ին iravaban.net մասնագիտական անկախ լրատվական կայքին տրված հարցարզույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել եմ նաև վերջերս Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի առաջարկով հակակոռուպցիոն փորձագետ Վ.Կալնինշի կողմից Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ստեղծման վերաբերյալ իր փորձագիտական կարծիքին։ Այդ առնչությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հայտարարություն է տարածել՝ փորձելով հերքել հարցազրույցում տեղ գտած փաստերի իրավացիությունը։

Այսպես, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը իր հայտարարության շրջանակներում նշել է Վ.Կալնինշի ամփոփ կենսագրությունը՝ փորձելով վերջինիս ներկայացնել որպես անկախ փորձագետ։ Ցավում եմ, որ Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից կրկին փորձ է արվում մանևրել և ցույց չտալ ամբողջական պատկերը, մասնավորապես՝ այն կարևոր փաստը, որ Վ.Կալնինշը հանդիսանում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի անդամ։ Հավատարիմ մնալով իմ կողմից միայն փաստարկներով խոսելու սկզբունքներին՝ ստորև ներկայացնում եմ հատված Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից կազմված հրավերից, որտեղ սևով սպիտակի վրա գրված է Վ.Կալնինշի՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլի անդամ հանդիսանալու փաստը։

Նշյալով ապացուցվում է, որ Թրանսփարենսի Ինթերնեշնլը, պաշտպանելով իրենց ցանցի անդամ, փորձագետ Վ.Կալնինշի միակողմանի եզրահանգումները, փաստացի գտնվում է շահերի բախման իրավիճակում, քանի որ պաշտպանում է հենց իր իսկ կազմակերպության շահերը և առաջ է մղում կոռուպցիայի դեմ պայքարի իր իսկ տեսլականը՝ «միջազգային անկախ» փորձագետի շղարշի ներքո, ինչը կարող է մոլորության մեջ գցել ոչ միայն հասարակությանը, այլև՝ պետական մարմիններին։ Եվս մեկ անգամ հարկ եմ համարում նշել, որ իմ կարծիքով Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից քննարկումները ճիշտ ուղղությամբ չեն տարվում․ այստեղ գերագույն խնդիրը փորձագետին պաշտպանելը չպետք է լիներ, այլ այն հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի քննարկումը, որը հարկավոր է Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։

Թերևս, այս մասով իմ ներկայացված փաստերը հիմնավոր էին։

Ինչ վերաբերվում է այն հակափաստարկին, որ Վ.Կալնինշի կողմից ս.թ. մարտի 12-ի միջոցառմանն ունեցած ելույթի սլայդերում և նրա կողմից մեկ ամիս անց մշակված փորձագիտական կարծիքում ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի մոդելի թերությունների, իսկ տարանջատված մոդելներով մարմինների՝ առավելությունների թվի աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավելի ուշ փորձագիտական կարծիքում ներառվել են նաև վերոնշյալ միջոցառման ընթացքում շահագրգիռ կողմերի հնչեցրած կարծիքները, պետք է փաստել, որ այն զուրկ է որևէ տրամաբանությունից, ոչ օբյեկտիվ է և չի արտացոլում այն իրողությունը, որ տեղի է ունեցել փորձագիտական քննարկման ընթացքում։ Հատկանշական է, որ հիշյալ քննարկման ընթացքում մասնակիցների և փորձագետների մի մասը, այդ թվում ԱԺ ընդդիմության պատգամավորը, ներկայացրել են մի շարք փաստարկներ՝ թվելով հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ ունիվերսալ մարմնի առավելությունները։ Եվ այս տեսանկյունից, ինձ համար առնվազն տարօրինակ է այն սուբյետիվիմզն ու կողմնակալությունը, որ ցուցաբերվել էր պարոն Վալցի կողմից իր եզրահանգումների մշակման փուլում։

Ամփոփելով նշեմ, որ նման կերպով փաստերի ոչ ամբողջական ներկայացումը հարցականի տակ է դնում այն ներկայացնող կառույցի բարեխղճության մակարդակը։ Ավելին, մինչ այլ անձանց ուղղված էթիկայի և կոռեկտության կոչերով հանդես գալը, անհրաժեշտ է վերանայել սեփական մոտեցումները և գործելաոճը՝ չգերագնահատելով սեփական գիտելիքները՝ դրանք ստորադասելով էթիկայի կանոններին։ Նմանատիպ հայտարարությունները, որոնք պարունակում են միայն էմոցիոնալ կողմ և զուրկ են մասնագիտական լուրջ հակափաստարկներից, չեն կարող նպաստել գաղափարների ու կարծիքների մրցակցությանը և համերաշխության մթնոլորտի ձևավորմանը։ Մասնագետների բանիմացությունն ու փորձառությունը ոչ թե չափվում է ուղղակի աշխատած տարիների քանակով, այլ՝ նման իրավիճակներում վերլուծությունների փորձագիտության ու փաստարկվածության մակարդակով։ Չեմ փորձի կրկնել այն, ինչն արդեն իսկ ասվել է նախորդ հարցազրույցում Վ. Կալնինշի կողմից պատրաստված փորձագիտական կարծիքում տեղ գտած թերությունների մասին, որովհետև հետաքրքրված անձինք կարող են կարդալ նախորդ հարցազրույցը։

Հավելեմ, որ այս թեմայով սա իմ կողմից ներկայացված վերջին մեկնաբանությունն է»: