2019 թվականի ապրիլի 8-ից 12-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցավ Միջազգային Քաղաքացիական Հասարակության Շաբաթը, որին մասնակցում էին ավելի քան մեկ հազարից ավել քաղաքացիական հասարակության կազմակերպության առաջնորդներ և ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից։ Գագաթնաժողովին մասնակցում էր նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ՔՀԿ-Կառավարություն երկխոսության համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը։
Մեկ շաբաթվա աշխատանքների ընթացքում ՔՀԿ սեկտորի առաջնորդների հետ համատեղ Ս․ Սողոմոնյանը քննարկել է տարածաշրջանում և, առհասարակ, աշխարհում առկա հիմնական մարտահրավերները, որոնց հետ պարբերաբար բախվում են ՔՀԿ ներկայացուցիչները։
Ս․ Սողոմոնյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է նաև Հայաստանում ընթացող հակակոռուպցիոն բարեփոխումները, այդ թվում նրանք, որոնք նախաձեռնվել են Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ ներկայացնելով այդ գործընթացում ՔՀԿ-ների դերն ու կատարած աշխատանքները։
Գործընկեր ՔՀԿ-ները մեծ հետաքրքրությամբ են նաև ծանոթացել ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հաջողության պատմությունների և կայունության ապահովմանն ուղղված միջոցառումներին։
Տիկին Սողոմոնյանը ներկայացրել է նաև Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, և դրա շրջանակներում իրականացված գործողությունները, որոնք ուղղված են ՔՀԿ-ների կոալիցիաներին և ՔՀԿ-ների ինկուբատորների անդամների կարողությունների և մասնագիտական հմտությունների զարգացմանը։
Գագաթնաժողովը կազմակերպվել է CIVICUS: World Alliance for Citizen Participation կազմակերպության և գործընկեր կառույցների կողմից։
Միջազգային գագաթնաժողովի աշխատանքները կամփոփվեն այսօր։