Ամիսներ շարունակ Հայաստանում քննարկվում է հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծման հարցը:
-Որո՞նք են եղել այն հիմնական խոչընդոտները, որ նախկին իշխանությունները չհաջողեցին հակակոռուպցիոն պայքարում:
-Հայաստանում տարիներ շարունակ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու հիմնական խոչընդոտ են հանդիսացել այդ պահին գործող իշխանությունների կողմից բավարար քաղաքական կամք չունենալու հանգամանքը, ինչպես նաև այն հանգամանքը, որ երկիրը, որպես այդպիսին, չի ունեցել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ: Հակակոռուպցիոն պայքարը մշտապես ուղեկցվել է իրադրային և կոսմետիկ լուծումներով, իրականացվել ապակենտրոնացված համակարգի միջոցով, երբ կոռուպցիայի դեմ պայքարելու լիազորություններ են ունեցել մի շարք պետական մարմիններ, բայց չենք ունեցել նույնիսկ մեկ մարմին, որը պատասխանատվություն կկրեր իր կողմից ցուցաբերած արդյունքների համար:
-Ի՞նչ է փոխվել այսօր և ի՞նչ լուծումներ է առաջարկում ներկայիս իշխանությունները:
-Այսօր իրականությունն այլ է: Հետհեղափոխական Հայաստանի իշխանությունները կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելու հարցում բավարար քաղաքական կամք ունենալու մասին հայտարարել են, ինչպես նաև հանձնառություն են ստանձնել ժողովրդի առջև գործնական քայլեր ձեռնարկել՝ երկրում հակակոռուպցիոն պայքարը ինստիտուցիոնալ հենքի վրա դնելու ուղղությամբ: Վերջինս նվաճելու համար ակնկալվում է կառավարության-քաղաքացիական հասարակության կառույցների-փորձագիտական հանրույթի ակտիվ համագործակցություն և անհրաժեշտ կոնսենսուսի ձևավորում:
Կառավարության ծրագրով առաջարկվում է մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի ստեղծում, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով:
–Ինչպե՞ս է երաշխավորվելու այդ մարմնի անկախությունը և պետական կառավարման համակարգի մարմինների շարքում ի՞նչ դիրք է այն ունենալու:
-Հարկ է նշել, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ լիազորություններ և գործառույթներ կունենա նոր ստեղծվող հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինը, ի սկզբանե պետք է երաշխավորված լինի հակակոռուպցիոն մարմնի անկախությունը, ինչի առնչությամբ մի շարք պահանջներ են սահմանվում թե միջազգային փաստաթղթերով և թե ներպետական օրենսդրական կարգավորումներով:
Ջակարտայի սկզբունքների համաձայն հակակոռուպցիոն գործակալությունները պետք է երկրների հիմնարար իրավական սկզբունքների համաձայն հաստատվեն պատշաճ և կայուն իրավական շրջանակներում, ինչպիսին Սահմանադրությունն է կամ հատուկ օրենքները:
Ինչ վերաբերում է ներպետական իրավական հիմնարար սկզբունքներին, ապա վերլուծելով սահմանադրական կարգավորումները՝ գալիս ենք այն եզրահանգման, որ անկախ հակակոռուպցիոն մարմին ստեղծելու համար Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջանալու՝ որպեսզի անկախ սահմանադրական մարմինների շարքում նախատեսվի նաև այդ մարմինը:
Հակակոռուպցիոն անկախ մարմնին սահմանադրաիրավական կարգավիճակ տալով այդ մարմնի վրա պետական իշխանության որևէ ճյուղի հնարավոր քաղաքական ազդեցությունը չեզոքացվելու է, ապահովված է լինելու դրա կայունությունն ու գործունեության շարունակականությունը: Այս պարագայում, անշուշտ, նպատակահարմար է ապակենտրոնացված համակարգից անցում կատարել կենտրոնացված համակարգի, և Սահմանադրությամբ նախատեսել անկախ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեկ մարմին: Սահմանադրությամբ երաշխավորված հակակոռուպցիոն անկախ մարմին ձևավորելու այլ հնարավոր տարբերակ է համարվում օրենքով ինքնավար մարմնի ստեղծում, սակայն այս պարագայում անկախ մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակից բխող իմունիտետները չեն գործում և բարձր է պետական իշխանության մյուս ճյուղերի կողմից հնարավոր քաղաքական ազդեցության ենթարկվելու ռիսկերը:
-Արդյոք, այդ մարմնի ստեղծմամբ գործ ունենք ապակենտրոնացված համակարգից կենտրոնացված համակարգի անցման հետ, թե ոչ:
-Ինչ վերաբերվում է ապակենտրոնացված, թե կենտրոնացված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ ունենալու մասին հարցին, ապա պետք է նշեմ, որ ներկայումս Կառավարությունն այս հարցի առնչությամբ վերջնական քաղաքական որոշում չի կայացրել: Սակայն, եթե խոսք է գնում իրապես անկախ հակակոռուպցիոն մարմին ստեղծելու մասին, ապա անհրաժեշտ է լինելու դա անել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու եղանակով, քանի որ մեկ անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ սահմանադրական մարմինն ունենալն այսօրվա հրամայականն է: