2019 թ․ ապրիլի 17-18-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում անցկացվելու է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը` միջազգային փորձի ներքո» խորագրով կառավարություն-քաղաքացիական հասարակություն փորձագիտական միջազգային համաժողովը։
Համաժողովը բաղկացած կլինի 6 մասերից՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ներկայացում, հակակոռուպցիոն անկախ ինտիտուցիոնալ համակարգ, կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ գործունեություն, կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ և կանխարգելիչ գործունեություն, կոռուպցիայի դեմ պայքարում կանխարգելիչ գործունեություն, հակակոռուպցիոն կրթություն, պանելային միաժամանակյա քննարկումներ 3 խմբերում։
Համաժողովը կազմակերպվում է ՀՀ արդարադատության նախարարության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) հետ համագործակցությամբ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին։
Միջոցառման ընթացքում զեկուցումներ կհնչեն ճանաչված միջազգային և ազգային հակակոռուպցիոն փորձագետների կողմից։ Գրանցվել և համաժողովի օրակարգի և նկարագրի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: