Կապանում գործունեություն իրականացնող փոքր և միջին ձեռնարակտիրական ընկերությունների ներկայացուցիչների համար «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ապրիլի 4-ին անցկացրեց «Հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում» դասընթացը: Ծրագրի նպատակն է Հայաստանի գործարար հատվածի կողմից համապատասխանության ընկալման բարելավումն ու դրա գործնական կիրառումը, ինչպես նաև հակակոռուպցիոն բարեփոխումներին աջակցելու նպատակով պետություն-մասնավոր հատված գործակցության խթանումը:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի Կապանի մասնաճյուղի ղեկավար Վաչե Բաղդասարյանը ողջույնի խոսքով հանդես եկավ: «Մենք անվճար հիմունքներով աջակցելու ենք Ձեզ Ձեր բիզնեսներում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդնելու գործում․ Սա ունիկալ հնարավորություն է, քանի որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում բիզնեսները վճարելու են այս ծառայության համար»,-նշեց նա:
ԻՀԱ-ում «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի ղեկավար Մարիամ Զադոյանի խոսքով, դասընթացի սկզբում մասնակիցները կոշտ դիրքորոշում էին հայտնում ծրագրի վերաբերյալ, նշելով, որ ինչու՞ դա պետք է սկզբում կիրառվի բիզնես ոլորտում, այլ ոչ՝ պետական համակարգում: «Մեր կողմից տրված պարզաբանումների արդյունքում դասընթացի ավարտին վերջիններս փոխեցին իրենց վերաբերմունքը` հասկանալով նաև բիզնեսի դերը կոռուպցիայի դեմ պայքարում»,-ասաց Մարիամ Զադոյանը:
Լուսինե Նալբանդյանն էլ նշում է, որ որպես այս ծրագրում ներգրավված իրավաբան-փորձագետ, բարձր է գնահատում բիզնես ներկայացուցիչների կողմից օրենսդրական բացերի մասին բարձրաձայնելը, որը մեծապես խոչընդոտում է նրանց տնտեսական գործունեությանը։ «Մեր նպատակն է՝ նախ բիզնես ներկայացուցիչներին իրազեկել հակակոռուպցիոն կրթության մասը կազմող հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի մասին, այնուհետև ներդնել այդ ծրագիրը ձեր կազմակերպություններում՝ վերհանելով յուրաքանչյուր բիզնեսին հատուկ ռիսկերը։ Շատ կարևոր է, որ ներքին կարագապահական կանոնները, ընթացակարգերը, քաղաքականությունները, որոնք մենք Ձեզ ենք տրամադրելու հետագայում մոնիտորինգի ենթարկվեն և բարելավվեն ըստ անհրաժեշտության։ Դասընթացի ընթացքում՝ ռիսկերի գնահատման խաղի ժամանակ, ավելի ակներև էր իրավական կարգավորումների խնդիրը բիզնես ոլորտում։ Ակնհայտ է, որ նորմատիվ մակարդակում կարգավորումների բացակայությունը ռիսկային է դարձնում ոլորտում կոռուպցիոն գործողությունների դրսևորումը»,-նշեց Լուսինե Նալբանդյան:
Գրիգորի Հարությունյանը, ով ներկայացնում է երթակարգավար «Լավ ընկեր» սահամանփակ պատասխանատվությամբ ընկերությունը, մեզ հետ զրույցում նշեց, որ կազմակերպությունում այս պահին մոտ 25 աշխատակից կա:
«Առ այսօր տարբեր տեսակի աշխատանքեր եմ տարել ու միշտ նախընտրել եմ թափանցիկ աշխատել, քանի որ գիտակցել եմ, որ եթե ես աշխատող ունենամ, ով չլինի գրանցված, դա արդեն իսկ խախտում է համարվում: Ցանկալի է, որ մենք ինքներս էլ մեր աշխատակիցների հետ դասընթացներ վարել, քանիո ր մարդ ինչքան իրազեկված լինի, այնքան ավելի պաշտպանված կլիներ»,-ասաց Գրիգորի Հարությունյանը:
Նա նշեց նաև, որ դասըթնացի ընթացքում առավել հետաքրքիր է կոռուպցիոն ռիսկերի վերհանում ու գնահատումը, քանի որ կազմակերպության աշխատանքն անմիջապես հասարակության հետ է կապված և ոլորտում կոռուպցիոն ռիսկերը բացառված չեն:
Փաստաբանական գրասենյակի ղեկավար Լիանա Գևորգյանի խոսքով էլ, թեպետ ծանոթ չէին հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրին, սակայն ծրագրի գաղափարը միշտ էլ ցանկացել են ներդնել ընկերությունում: «Առաջին անգամ եմ մասնակցում նման դասընթացի, ես ժամանակ կգտնեմ ու կզբաղվեմ ծրագրով»,-նշեց նա:
Դասընթացի մասնակիցները, բացի տեսական դասախոսություններն ունկնդրելուց, լրացրեցին կոռուպցիայի վերաբերյալ իրենց գիտելիքների և ընկալման վերաբերյալ նախաթեսթ և հետթեսթ։ Նրանք նաև խաղացին «5 ինչու» խաղը, մասնավորապես՝ ինչու իրենք կարիք ունեն ներդնել Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրեր իրենց բիզնեսներում։
Մասնակիցները մասնավորապես քննարկեցին, թե ինչու՞ է անհրաժեշտ կոռուպցիոն ռիսկերի կառավարումը, ինչու՞ է անհրաժեշտ ներքին ռեսուրսների կայունացումը, ինչու՞ է անհրաժեշտ հասարակության կարծիքը և այլն:
Վերջին խմբային աշխատանքը միտված էր իրենց սեփական բիզնեսների կոռուպցիոն ռիսկերի վերհանմանը և դրանց կանխարգելման պլանի ներկայացմանը։
Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի պաշտոնական տեսակետը։
Լուսանկարները հասանելի են սկզբնաղբյուր կայքում։