Մարտի 16-ին Դիլիջանում Կանանց իրավունքների միջազգային օրվա շրջանակներում տեղի ունեցավ Եվրոպական Միության «Երիտասարդ եվրոպական դեսպաններ»-ի (YEAs) նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառում, որին մասնակցում էին Դիլիջանի ակտիվ կանայք և աղջիկները։ Հանդիպման ընթացքում մասնակիցները և Երիտասարդ եվրոպական դեսպանները քննարկեցին թեմաներ, ինչպիսիք են կանանց իրավունքների պաշտպանությունը, կրթության մակարդակը և ակտիվությունը իրենց համայնքներում։ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ, Երիտասարդ եվրոպական դեսպան Մարիամ Զադոյանը ներկայացրեց պետության կողմից վարվող քաղաքականությունը կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում՝ անդրադարձ կատարելով համապատասխան ռազմավարական նախագծին և վերջինիս բացերին, ինչպես նաև ներկայացրեց ասոցիացիայի կողմից իրականացվող գործունեությունը կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։