Այսօր Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Արտյոմ Մեսրոպյանը մասնակցել է Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության առաջին ազգային զեկույցին նվիրված համաժողովին:
Համաժողովին մասնակցում էին ՀՀ կառավարության, հանքարդյունահանող կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) միջազգային քարտուղարության պատվիրակության և այլ անդամ երկրների կառավարությունների, միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովին հրապարակեց Հայաստանի ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցը։ Այն ստանդարտի ներդրման աշխատանքների կարևորագույն արդյունքներից է, որին նախորդել են կարողությունների զարգացման միջոցառումներ, ոլոտային ուսումնասիրություններ, օրենսդրական փոփոխությունները և այլն։
Համաձայն ԱՃԹՆ-ի ստանդարտի՝ պետական մարմինների և հանքարդյունահանող ընկերությունների կողմից ներկայացվել են հրապարակային հաշվետվություններ, որոնց հիման վրա ԱՃԹՆ-ի ազգային զեկույցում ամփոփվել են ընկերությունների կողմից կառավարությանը կատարած վճարումների, ինչպես նաև պետության ստացած եկամուտների, մետաղական հանքարդյունաբերության ոլորտում օգտակար հանածոների պաշարների, արտադրության, ներքին իրացման և արտահանման վերաբերյալ տեղեկություններ։
Համաժողովին տեղի ունեցան նաև պանելային քննարկումներ ԱՃԹՆ-ի փոխակերպիչ դերի և համակարգային տվյալների հրապարակման ապագայի, իրական սեփականատերերի բացահայտման, ինչպես նաև պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ։
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է: ԱՃԹՆ-ի նպատակն ավելի թափանցիկ և հաշվետվողական պետական ու գործարար համակարգերի ստեղծումն է, ինչպես նաև հանրային երկխոսության կայացմանը խթանելն է՝ դրանով իսկ երաշխավորելով կողմերի միջև փոխըմբռնումը:
ԱՃԹՆ-ի արժեքավոր առանձնահատկությունը որոշում ընդունող եռակողմ մարմնի՝ բազմաշահառու խմբի (ԲՇԽ) ձևավորումն ու գործունեությունն է։ Հայաստանի ԲՇԽ առաջին կազմը ստեղծվել է 2016 թվականին, որը բաղկացած է ՀՀ կառավարության, հանքարդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության իրավահավասար ներկայացուցիչներից, որոնց որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ՝ կոնսեսուսով։
ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ներկայացված ԱՃԹՆ-ի անդամակցության հայտը հաստատվել է 2017 թվականի մարտի 9-ին Բոգոտայում կայացած ԱՃԹՆ-ի խորհրդի նիստում: Երկիրը թեկնածու անդամ դառնալուց հետո ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդի կողմից սահմանված ժամկետներում պետք է հրապարակի ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցը։