ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը (ՀԵԻԱ) հիմնադրվել է 1995թ-ին` նպատակ ունենալով համախմբել կազմակերպության անդամների, համակիրների և նոր սերնդի իրավաբանների ջանքերը` աջակցելու Հայաստանի կայացմանը որպես անկախ, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն: Կազմակերպության հիմնադիրներն էին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողներ և երիտասարդ իրավաբաններ, որոնց հիմնական մասը մինչ օրս էլ, ակտիվորեն ներգրավված է կազմակերպության գործունեության մեջ: Անցած ժամանակահատվածում կազմակերպությունը իր առաքելությունից և նպատակներից բխող բազմաթիվ աշխատանքներ և ծրագրեր է իրականացրել` սպասարկելով մի քանի տասնյակ հազար շահառուների:
Մեծ ուշադրություն է դարձվել ՀԵԻԱ մարզային կառույցների ձևավորմանը: Ներկայումս ՀԵԻԱ-ն ունի ութ գրասենյակներ` ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակը` Երևանում, ՀԵԻԱ Երևանի մարզային մասնաճյուղը` Երևանում, ՀԵԻԱ Շիրակի մարզային մասնաճյուղը` Գյումրիում, ՀԵԻԱ Լոռու մարզային մասնաճյուղը` Վանաձորում, ՀԵԻԱ Տավուշի մարզային մասնաճյուղը` Իջևանում, ՀԵԻԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղը` Գավառում, ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղը` Կապանում և ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղի Գորիսի տարածաշրջանային գրասենյակը` Գորիսում:
Անցած ժամանակահատվածում մեծացել է ՀԵԻԱ անդամների, համակիրների, ինչպես նաև կամավորների թիվը, որոնց ընդհանուր թիվը ներկայումս հասնում է 250-ի: Գործուն քայլեր են ձեռնարկվել կազմակերպության նյութատեխնիկական բազայի ամրապնդման և կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնման ուղղությամբ:
Ներկայումս կազմակերպության գրասենյակները ապահովված են ժամանակակից համակարգչային և այլ անհրաժեշտ տեխնիկայով, իրավաբանական գրականությամբ, ՀՀ օրենսդրության համակարգչային բազայով, ինտերնետային կապով և անհրաժեշտ այլ գույքով: Կազմակերպությանը հաջողվել է Երևան քաղաքում (կազմակերպության կենտրոնական գրասենյակի համար), ինչպես նաև Կապան և Գյումրի քաղաքներում սեփականության իրավունքով ձեռք բերել գրասենյակային տարածքներ:
Ընդլայնվեցին կապերը միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների հետ: 1998թ-ից կազմակերպությունն անդամակցում է Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիային և համագործակցում է դրան անդամակցող տարբեր երկրների կազմակերպությունների հետ: Ակտիվ համագործակցություն է ծավալվել Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների հետ: Մասնավորապես, գործընկերային հարաբերություններ են հաստատվել Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի Փախստականների գործերով Գերագույն Հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման դեպարտամենտի և “Քորդեյդ” հոլանդական կազմակերպության հետ: Կազմակերպությունը ակտիվորեն համակործակցել և/կամ համագործակցում է նաև այլ միջազգային կազմակերպությունների` մասնավորապես ԵԱՀԿ-ի և Եվրոխորհրդի հայաստանյան գրասենյակների, “Եվրասիա” հիմնադրամի, գերմանական “GTZ” կազմակերպության, “Քեմոնիքս ինտերնեյշնըլ ինք.” հայաստանյան գրասենյակի, “IFES”-ի, “Փրայս Ուոթերս Հաուզ Քուփերս” և այլ կազմակերպությունների հետ: Կազմակերպությունը փոխգործակցում է տեղական իրավաբանական կազմակերպությունների հետ, այդ թվում ՀՀ Փաստաբանների միության, Փաստաբանների միջազգային միության, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի, մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, տարբեր հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱԿԻՐՃ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԵԻԱ-ն իր գործունեությունն իրականացնում է ելնելով իր առաքելությունից, կանոնադրական նպատակներից և խնդիրներից: Կարող ենք առանձնացնել ՀԵԻԱ գործունեության երկու հիմնական ուղղություններ:
ա) Բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ու բնակչության իրավունքների պաշտպանությանը ուղղված գործունեություն:
Կազմակերպությունը ստեղծման պահից ի վեր գործունեություն է ծավալել այս նպատակի իրականացման համար: Առավել ակտիվորեն կազմակերպությունը ներգրավվեց այս ոլորտում 1999թ-ից, երբ կենտրոնական գրասենյակին զուգահեռ ստեղծվեցին երկու մարզային գրասենյակներ ևս: Այնուհետև գրասենյակների թիվն ընդլայնվեց: Կազմակերպության գրասենյակները իրականացնում են բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ու բնակչության սոցիալապես անապահով խավերի իրավունքների պաշտպանությանը ուղղված հետևյալ գործունեությունը.
• անվճար իրավաբանական խորհրդատվություն,
• իրավաբանական ներկայացուցչություն դատարաններում,
• ՀՀ օրենսդրության տարբեր ոլորտներին վերաբերվող տեղեկատվական թերթիկների հրատարակում և տարածում,
• տարբեր իրավական թեմաներով հեռուստա – ռադիոհաղորդումների հեռարձակում,
• բնակչության համար իրավական տարբեր թեմաներով սեմինարների կազմակերպում:
Կազմակերպության կողմից հրատարակվել են “Իրավաբանական ծառայությունները Հայաստանում” ուսումնասիրությունը և “Անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման և տեղեկատվության տարածման կենտրոններ” ձեռնարկը:
բ) Երիտասարդ իրավաբանների, փաստաբանների և ուսանող-իրավաբանների մասնագիտական ունակությունների բարձրացմանն ուղղված գործունեություն:
Այս ուղղությունը նույնպես ՀԵԻԱ հիմնական նպատակներից է, որի իրագործմանը կազմակերպությունը հետամուտ է ստեղծման պահից: Այս ոլորտում կազմակերպությունը առավել ակտիվ սկսեց գործել 1999 թ-ից, երբ հաջողվեց նախ կենտրոնական գրասենյակում, ապա նաև մարզային գրասենյակներում ստեղծել իրավաբանական ուսուցման և տեղեկատվական միջոցների կենտրոններ: Այդ կենտրոնները իրենց մեջ ներառում են ժամանակակից իրավաբանական գրադարան, ՀՀ օրենսդրության համակարգչային համակարգ, ինտերնետ կապ, համակարգչային այլ տեխնիկա և այլն: Բացի այն, որ վերը նշված ռեսուրսները տրամադրվում են շահառուներին, այն է երիտասարդ իրավաբաններին, փաստաբաններին և ուսանող-իրավաբաններին, նաև նրաց համար կազմակերպվում են մասնագիտական ուսուցումներ, սեմինարներ, քննարկումներ և այլն: Կենտրոններում իրականացվում է նաև հարակից հմտությունների (համակարգչային գրագիտություն, անգլերեն լեզու) ուսուցում:
Բացի վերը նշված հիմնական ուղղություններից կազմակերպությունը իրականացնում է այլ գործունեություն ևս: Մասնավորապես կազմակերպությունը ակտիվորեն աջակցել և ներկայումս աջակցում է ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին, մասնավորապես, փաստաբանության ոլորտի բարեփոխմանը: Կազմակերպվել են մի շարք սեմինարներ և քննարկումներ, այդ թվում` փաստաբանության ոլորտի բարեփոխումներին նվիրված միջազգային սեմինար: Կազմակերպությունը ծրագրեր է իրականացրել և իրականացնում նաև միգրացիայի և փախստակաների խնդիրների վերաբերյալ:
Կազմակերպությունը լուրջ աշխատանքներ է կատարել նաև Հայաստանում հասարակական կազմակերպությունների սեկտորի կայացման և հասարակական կազմակերպությունների գործունեության օրենսդրական դաշտի ստեղծման և հետագա բարեփոխումների ուղղությամբ: Կազմակերպությունը ապագայում նույնպես շարունակելու է այս ուղղությամբ կատարվելիք աշխատանքները:
ՀԵԻԱ նախաձեռնությամբ կազմավորվել են անվճար իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների (ինտերնետային էջի հասցեն` www.legalaid.am) և սոցիալական ոլորտում աշխատող կազմակերպությունների կոալիցիաներ:
ՀԵԻԱ ուժեղ կողմերից են նաև կազմակերպության ներքին ինստիտուցիոնալ զարգացումը, որը կատարվել է հետևյալ մեթոդներով.
• Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության Հայաստանյան գրասենյակի կազմակերպությունների զարգացման խորհրդատուի աջակցությամբ կազմակերպության վերջին մի քանի տարիների գործունեության ինքնագնահատման իրականացում:
• Ինքնագնահատման հաշվետվության հիման վրա կազմակերպության 2003թ.-ի զարգացման պլանի մշակում ու իրականացում:
• Կազմակերպության 2001-2002 թվականների ֆինանսական գործունեության միջազգային աուդիտի անցկացում ու դրական եզրակացության ստացում:
• Կազմակերպության հաշվապահության իրականացում էլեկտրոնային հաշվապահության ծրագրի միջոցով:
• Կազմակերպության ինտերնետային էջի ( www.ayla.am) պատրաստում և գործարկում:
Վերը նշված ուժեղ կողմերին զուգահեռ, կազմակերպությունում առկա են նաև մի շարք խնդիրներ և թույլ կողմեր, որոնք հետևյալն են.
• Ֆինանսական անկանխատեսելիություն և ինքնաֆինանսավորման միջոցների անբավարարություն.
Ներկայումս կազմակերպության բյուջեի մեծ մասը գոյանում է միջազգային և արտասահմանյան դոնոր կազմակերպությունների դրամաշնորհներից: Քանի որ միանգամայն հնարավոր է միջազգային դոնոր կազմակերպությունների քաղաքականության փոփոխությունը, այդ թվում նաև նրանց գործունեության դադարեցումը, ապա սա կարող է հանգեցնել ֆինանսական անկանխատեսելիության, քանզի կազմակերպության ինքնաֆինանսավորման աղբյուրները դեռևս անբավարար են կազմակերպության գործունեության ապահովման համար: Ներկայումս կազմակերպության ինքնաֆինանսավորման աղբյուրները երկուսն են` անդամավճարներ և կազմակերպության տնտեսական ընկերության շահույթ:
Կազմակերպության անդամներից հավաքվող անդամավճարները կազմում են կազմակերպության տարեկան ընդհանուր բյուջեի մոտ 1-ից 2 տոկոսը, որը խիստ անբավարար է կազմակերպության գործունեության ապահովման համար: Կազմակերպության կողմից հիմնադրված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը սկզբնական շրջանում որոշակի ակտիվություն ունենալով, ներկայումս գրեթե գործունեություն չի իրականացնում, սակայն վերափոխումներից հետո պլանավորվում է տնտեսական ընկերության վերագործարկում:
• ՀԵԻԱ որոշ մարզային գրասենյակների սեփական տարածքների բացակայություն:
Սեփական գրասենյակային տարածքների առկայությունը նվազեցնում է ծախսերը և խիստ կարևորվում է ֆինանսական ու կազմակերպական կայունության տեսանկյունից: Թեպետ կազմակերպությանը արդեն հաջողվել է գնել երեք գրասենյակային տարածքներ Երևանում, Կապանում և Գյումրիում, այնուամենայնիվ, հրատապ է մյուս գրասենյակներին սեփական տարածքներով ապահովելու խնդիրը, ինչը մեծապես կնպաստի ֆինանսական կայունությանը:
• ՀԵԻԱ մարզային գրասենյակների կախվածություն կենտրոնական գրասենյակից:
Կազմակերպության մարզային գրասենյակները դեռևս ի վիճակի չեն ինքնուրույն հայթայթել իրենց գործունեության ապահովման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, ինչն էլ հանգեցնում է կախվածության կենտրոնական գրասենյակից, որն էլ ապահովում է նրանց ֆինանսական կայունությունը: Անհրաժեշտ է, որ մարզային գրասենյակները աստիճանաբար անցնեն ֆինանսական միջոցների ինքնուրույն հայթայթման` կազմակերպության առաքելության շրջանակում ինքնուրույն համագործակցելով դոնոր կազմակերպությունների հետ, ինչպես նաև, զարգացնեն ինքնաֆինանսավորման աղբյուրները:
• ՀԵԻԱ անդամների անմիջական կապի և շփումների անբավարարություն:
Կազմակերպության անդամության մեծացման հետ զուգահեռ անհրաժեշտ է ակտիվացնել շփումները կազմակերպության բոլոր անդամների միջև` շեշտը դնելով մարզային մասնաճյուղերի անդամների և մյուս անդամների կապերի ակտիվացմանը: Այս առումով դեռևս ակտիվորեն չեն կազմակերպվում մասսայական միջոցառումներ, որոնք կնպաստեին անդամների միջև շփումներին և կապերի ընդլայնմանը:
ԱՊԱԳԱՅԻ ՊԱՏԿԵՐ
Ապագայում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան պետք է հանդիսանա Հայաստանի իրավաբանական դաշտում գործող ամենազդեցիկ, հայտնի, զորեղ և օգտակար կազմակերպություններից մեկը, որը կազմված կլինի գիտակից, նոր մտածելակերպի տեր, իրավաբանական մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող համախոհներից:
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՐԺԵՔՆԵՐ
Կազմակերպության առաքելությունն է.
Ձևավորել կրթված, մասնագիտական բարձր կարողություններ ունեցող, նոր մտածելակերպի տեր իրավաբանների սերունդ, որի գործունեությունը մեծապես կնպաստի Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները` պաշտպանված:
Կազմակերպության արժեքներն են.
ա) Հայ բազմադարյա արժեքների և ժառանգության վրա խարսխված արդի իրավական մշակույթ:
բ) Իրավագիտակից, կիրթ և սեփական իրավունքների պաշտպանությունը գիտակցող հասարակություն:
գ) Իրավաբանական նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր գիտելիքների տեր պրոֆեսիոնալ իրավաբաններ և փաստաբաններ, պաշտպանված մարդու իրավունքներ:
դ) Հզոր հասարակական կազմակերպություններ` ուժեղ քաղաքացիական հասարակություն:
ՀԵԻԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ
Նպատակ
1. Բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացում, բնակչության իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն:
Խնդիր 1.1
Իրավաբանական խնդիրներ ունեցող և անվճարունակ (սոցիալապես անապահով) անձանց իրավաբանական օգնության մատուցում:
Գործողություն 1.1.1
ՀՀ բնակչության սոցիալապես անապահով խավերի համար անվճար իրավաբանական խորհրդատվության մատուցում ՀԵԻԱ Երևանի և մարզային բոլոր գրասենյակների կողմից (գրասենյակներում և հեռախոսակապի միջոցով):
Ժամանակահատված – 2004-2006թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ փոխնախագահ:
Գործողություն 1.1.2
Փախստականների և ապաստան հայցողների գործերով դատական ներկայացուցչության իրականացում:
Ժամանակահատված – 2004-2006թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ փոխնախագահ:
Գործողություն 1.1.3
ՀԵԻԱ իրավաբան-խորհրդատուների (փաստաբանների), հնարավորության դեպքում նաև իրավաբանական կոալիցիայի իրավաբանների մասնագիտական որակավորման դասընթացների և այլ վերապատրաստման դասընթացների կազմակերպում:
Ժամանակահատված – Տարին մեկ անգամ:
Պատասխանատու – ՀԵԻԱ փոխնախագահ:
Գործողություն1.1.4
Իրավաբանական խորհրդատվության որակի ստանդարտների մշակում և կիրառում:
Ժամանակահատված – 2004-2006թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ փոխնախագահ:
Խնդիր 1.2
Բնակչության շրջանում մատչելի մեթոդներով իրավաբանական, այդ թվում պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տարածում:
Գործողություն 1.2.1
ՀԵԻԱ գրասենյակներ դիմած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի վիճակագրության հիման վրա իրավաբանական բնույթի տեղեկատվական թերթիկների տպագրում և տարածում:
Ժամանակահատված – Տարին մեկ անգամ:
Պատասխանատու – ՀԵԻԱ փոխնախագահ:
Գործողություն1.2.2
Պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական թերթիկների և ձեռնարկի տպագրում ու տարածում:
Ժամանակահատված – Տարին մեկ անգամ:
Պատասխանատու – ՀԵԻԱ փոխնախագահ:
Գործողություն1.2.3
Բնակչության շրջանում ԶԼՄ-ների միջոցով իրավաբանական տեղեկատվության տարածում:
Ժամանակահատված – 2004-2006թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ փոխնախագահ:
Գործողություն1.2.4
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունն ապահովելու համար համատեղ տեղեկատվական կենտրոնների ստեղծում:
Ժամանակահատված – Տարին մեկ անգամ:
Պատասխանատու – ՀԵԻԱ փոխնախագահ:
Խնդիր 1.3
Բնակչությանը մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների նոր մեթոդների կիրառում:
Գործողություն1.3.1
Իրավաբանական խորհրդատվության մատուցում ինտերնետի միջոցով` շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ միասին:
Ժամանակահատված – 2004-2006թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ փոխնախագահ:
Գործողություն1.3.2
ՀՀ օրենսդրական բազայի անվճար տեղադրում ինտերնետում` շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ միասին:
Ժամանակահատված – 2004-2006թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ փոխնախագահ:
Գործողություն1.3.3
Հանրային իրազեկության ծրագրի փորձարկում ու զարգացում:
Ժամանակահատված – 2004-2006թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ փոխնախագահ:
Խնդիր 1.4
Իրավաբանական պարբերականի հրատարակում:
Գործողություն1.4.1
Իրավաբանական պարբերականի հրատարակում` շահագրգիռ այլ իրավաբանական կազմակերպությունների հետ միասին:
Ժամանակահատված – 2004-2006թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ փոխնախագահ:
Սպասվելիք արդյունքներ
ա) ՀՀ բնակչության սոցիալապես անապահով խավերը կունենան հնարավորություն` ստանալու որակյալ անվճար իրավաբանական ծառայություններ, որոնց շնորհիվ կպաշտպանվեն շահառունների խախտված իրավունքներն ու կլուծվեն նրանց կողմից բարձրացված հարցերը:
բ) Կբարձրանա ՀԵԻԱ իրավաբան-խորհրդատուների (փաստաբանների) մասնագիտական որակավորումը և կհսկվի նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակը` իրավաբանական խորհրդատվության որակի ստանդարտների մշակման և կիրառման միջոցով:
գ) Կբարձրանա ՀՀ բնակչության իրավագիտական մակարդակը, այդ թվում` պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունների վերաբերյալ:
դ) Կամփոփվի ՀԵԻԱ գրասենյակներ դիմած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի վիճակագրությունը, որի հիման վրա կտպագրվեն ու ՀԵԻԱ շահառունների շրջանում կտարածվեն համապատասխան իրավաբանական բնույթի տեղեկատվական թերթիկներ:
ե) Կուսումնասիրվի պետության կողմից, մասնավորապես կրթության, առողջապահության ու սոցիալական ապահովության բնագավառներում մատուցվող հանրային ծառայությունների վերաբերյալ ամբողջ տեղկատվությունը, որի հիման վրա կտապագրվեն ու շահառունների շրջանում կտարածվեն համապատասխան տեղեկատվական թերթիկներ և ձեռնարկ:
զ) ՀԵԻԱ գրասենյակներ դիմած հաճախորդների կարծիքների ուսումնասիրման և ծառայությունների մատուցման նոր մեթոդների կիրառման հետևանքով անընդհատ կբարելավվեն և աշխարհագրորեն կընդարձակվեն ՀԵԻԱ կողմից մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունները:
է) ՀԵԻԱ կունենա իր խոսափողը (իրավաբանական պարբերականը), որի միջոցով ավելի արդյունավետ կերպով հնարավոր կլինի մասնակցել որոշումների ընդունման գործընթացին:
Նպատակ
2. Նոր սերնդի երիտասարդ իրավաբանների, փաստաբանների, ուսանող իրավաբանների մասնագիտական կարողությունների ու հարակից հմտությունների զարգացում:
Խնդիր 2.1
Նոր սերնդի երիտասարդ իրավաբանների, փաստաբանների, ուսանող իրավաբանների մասնագիտական կարողությունների և ունակությունների զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում:
Գործողություն 2.1.1
ՀՀ օրենսդրության տարբեր ճյուղերին, Եվրոպական իրավունքին և մարդու իրավունքներին նվիրված ուսուցումների, սեմինարների, քննարկումների, վերապատրաստման դասընթացների, կոնֆերանսների, մրցույթների կազմակերպում և փորձի փոխանակում:
Ժամանակահատված – 2004-2006թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար:
Խնդիր 2.2
ՀԵԻԱ ներսում բարեփոխումների իրականացում:
Գործողություն 2.2.1
ՀԵԻԱ ներսում մասնագիտացված հանձնաժողովների, ակումբների և ուսանող իրավաբանների բաժանմունքի ստեղծում ու գործունեության իրականացում:
Ժամանակահատված – 2004-2006թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար:
Գործողություն 2.2.2
ՀԵԻԱ անդամների և աշխատակիցների հարակից գիտելիքների զարգացում` համակարգչային գրագիտության և այլ անհրաժեշտ դասընթացների կազմակերպում, մշակութային և մարզական տարբեր միջոցառումների կազմակերպում և անցկացում:
Ժամանակահատված – 2004-2006թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար:
Խնդիր 2.3
Համապատասխան ռեսուրսներով ՀԵԻԱ գրասենյակների հարստացում:
Գործողություն 2.3.1
Մասնագիտական իրավաբանական գրականության և անհրաժեշտ այլ ռեսուրսների, այդ թվում հնարավորությունների սահմաններում ՀԵԻԱ մարզային գրասենյակների սեփական տարածքների ձեռք բերում:
Ժամանակահատված – 2004-2006թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար:
Սպասվելիք արդյունքներ
ա) Կբարձրանա նոր սերնդի երիտասարդ իրավաբանների, փաստաբանների և ուսանող իրավաբանների իրավագիտական մակարդակն ու մասնագիտական կարողությունները, և նրանք ավելի անմիջականորեն կընդգրկվեն Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումների իրականացմանը:
բ) Կհզորանա ՀԵԻԱ կարողությունները, մասնավորապես, անդամության և աշխատակազմի հարցերում:
գ) Կհզորանա ՀԵԻԱ մասնագիտական և բնականոն գործունեության համար անհրաժեշտ այլ ռեսուրսների բազան:
Նպատակ
3. ՀՀ-ում փաստաբանության ինստիտուտի բարեփոխման և կայացման աջակցություն:
Խնդիր 3.1.
Գործուն աջակցություն փաստաբանության ոլորտի օրենսդրության բարեփոխումներին:
Գործողություն 3.1.1
“Փաստաբանական գործունեության մասին” գործող օրենքի բարեփոխման կամ “Փաստաբանության և փաստաբանական գործունեության մասին” նոր օրենքի ընդունման աջակցում` առաջարկությունների, քննարկումների, ԶԼՄ-ներով միջոցառումների կազմակերպման ու մասնակցության, օրենքի նախագծի լոբբինգի կատարման միջոցով` գործընկեր կազմակերպությունների և փորձագետների հետ համատեղ:
Ժամանակահատված – 2004-2006թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ փոխնախագահ և ՀԵԻԱ անդամ փաստաբաններ:
Խնդիր 3.2.
Աջակցություն ՀՀ-ում փաստաբանության ինստիտուտի կայացմանը և զարգացմանը:
Գործողություն 3.2.1
ՀՀ փաստաբաննների միության (պալատի) ներկազմակերպական բարեփոխումների իրականացման աջակացություն` ՀՀ փաստաբաննների միության (պալատի) ղեկավարության, գործընկեր կազմակերպությունների և փորձագետների հետ համատեղ:
Ժամանակահատված – 2004-2006թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ փոխնախագահ և ՀԵԻԱ անդամ փաստաբաններ:
Գործողություն 3.2.2
ՀՀ-ում փաստաբանության ինստիտուտի կայացմանը և զարգացմանը նվիրված միջոցառումների կազմակերպում և ԶԼՄ-ներով փաստաբանների դերի ու նշանակության բարձրացմանն ուղղված քարոզչական աշխատանքների կատարում` գործընկեր կազմակերպությունների և փորձագետների հետ համատեղ:
Ժամանակահատված – 2004-2006թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ փոխնախագահ և ՀԵԻԱ անդամ փաստաբաններ:
Սպասվելիք արդյունքներ
ա) ՀՀ-ում փաստաբանության ինստիտուտի զարգացմանը նպաստող իրավական դաշտի ստեղծում` համապատասխան օրենսդրության բարեփոխումների միջոցով, մասնավորապես, ՀՀ-ում փաստաբանական մեկ մասնագիտական կառույց (միություն, պալատ և այլն) ունենալու հնարավորության, փաստաբանների միության (պալատի) կողմից փաստաբանների գերակշիռ մասնակցությամբ որակավորման անկախ հանձնաժողովի ստեղծում, որակավորման քննությունների առավել արդյունավետ (օր.` միայն թեստային) համակարգի, ինչպես նաև օրենքում փաստաբանության ինստիտուտի զարգացմանը նպաստող այլ դրույթների ամրագրում:
բ) ՀՀ փաստաբաննների միության (պալատի) ներկազմակերպական ժողովրդավարական և մասնակցային գործընթացի վերաբերյալ բարեփոխումների իրականացում:
գ) ՀՀ հասարակության շրջանում փաստաբանության ինստիտուտի դերի և հեղինակության բարձրացում, փաստաբանների ինքնուրույնության և անկախության զարգացում:
Նպատակ
4. ՀՀ-ում հասարակական կազմակերպությունների սեկտորի կայացման և զարգացման աջակցություն:
Խնդիր 4.1.
Գործուն աջակցություն ՀԿ գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումներին:
Գործողություն 4.1.1
ՀԿ գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումների իրականացում` համապատասխան իրավական դաշտի ուսումնասիրությունների, առաջարկությունների կատարման, քննարկումների, ԶԼՄ-ներով միջոցառումների կազմակերպման ու մասնակցության, օրենքի նախագծի լոբբինգի կատարման միջոցով` գործընկեր կազմակերպությունների և փորձագետների հետ համատեղ:
Ժամանակահատված – 2004-2006թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար և ՀԵԻԱ վարչության անդամներ:
Խնդիր 4.2.
Աջակցություն ՀՀ-ում ՀԿ սեկտորի կայացմանը և զարգացմանը:
Գործողություն 4.2.1
ՀԿ սեկտորի վերաբերյալ համալիր հետազոտության իրականացմանը և ՀԿ սեկտորի դերի ու նշանակության բարձրացմանն ուղղված հանրապետական քարոզարշավի և այլ աշխատանքների իրականացման աջակցություն` գործընկեր կազմակերպությունների և փորձագետների հետ համատեղ:
Ժամանակահատված – 2004-2006թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար և ՀԵԻԱ վարչության անդամներ:
Գործողություն 4.2.2
ՀԵԻԱ մասնակցությամբ գործող իրավաբանական կոալիցիայի հզորացում` ուսուցումների, հնարավորությունների սահմաններում համապատասխան մասնագիտական գրականության, նյութերի ու այլ անհարաժեշտ միջոցների տրամադրման միջոցով:
Ժամանակահատված – 2004-2006թթ.:
Պատասխանատու – ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար և ՀԵԻԱ վարչության անդամներ:
Սպասվելիք արդյունքներ
ա) ՀՀ-ում ՀԿ սեկտորի զարգացմանը նպաստող իրավական դաշտի ստեղծում` համապատասխան օրենսդրության բարեփոխումների (օր.` ՀԿ-ների կողմից անմիջական ձեռնակատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի ձեռք բերում, ՀԿ-ների գրանցման և վերագրանցման համակարգի ապակենտրոնացում և այլն) միջոցով:
բ) ՀԿ սեկտորի վերաբերյալ համալիր հետազոտության իրակացում, ՀՀ հասարակության շրջանում ՀԿ-ների դերի, հեղինակության բարձրացում և ՀԿ սեկտորի զարգացում:
գ) Իրավաբանական կոալիցիայի հզորացում:
ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանը Եվրոխորհրդի անդամ է, երկրում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները և կայացման փուլում է գտնվում քաղաքացիական հասարակությունը:
ՀԵԻԱ հանդիսանում է երկրի բնակչության կողմից ճանաչված ՀԿ-ներից մեկը և բնակչությունը վստահում է կազմակերպությանը:
Հայաստանի պետական իրավասու մարմինները նպաստում են ՀԵԻԱ գործունեության իրականացմանը:
Միջազգային դոնոր և գործընկեր կազմակերպությունները հետաքրքրված են ՀԵԻԱ հետ համագործակցությամբ:
ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՒ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Այս ռազմավարական պլանում նշված ռազմավարական նպատակների և խնդիրների իրականացման ընդհանուր մոնիտորինգը կիրականացնի ՀԵԻԱ գործադիր տնօրենը` սերտ համագործակցելով ՀԵԻԱ կողմից իրականացվող տարբերի ծրագրերի պատասխանատուների, ՀԵԻԱ ռազմավարական ուղղությունների պատասխանատունների և ՀԵԻԱ ռեգիոնալ գրասենյակների ղեկավարների հետ` գործողությունների պլանի, աշխատանքային պլանների և իրականացվող ծրագրերի ուսումնասիրության հիման վրա:
ՀԵԻԱ 2004-2006 թվականների ռազմավարական պլանի ուժեղ և թույլ կողմերը բացահայտելու համար ՀԵԻԱ անդամների կողմից կիրականացնի ՀԵԻԱ գործունեության բոլոր մակարդակների տարեկան ինքնագնահատում:
Մոնիտորինգի և գնահատման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը ՀԵԻԱ անդամների համար կտպագրվի և կտեղադրվի ՀԵԻԱ ինտերնետային էջում, որից հետո ՀԵԻԱ 2004-2006 թվականների ռազմավարական պլանը կվերանայվի ՀԵԻԱ անդամների ընդհանուր հավաքի և կհաստատվի ՀԵԻԱ վարչության կողմից:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՀԵԻԱ 2004-2006 թվականների ռազմավարական պլանավորման մասնակցային գործընթացի իրականացման պլան
1. Անհատական հարցազրույցներ ՀԵԻԱ իդեալական ապագայի, հաջողության ցուցանիշների, հիմնական ռազմավարական ուղղությունների (3 տարվա համար) վերաբերյալ:
Պատասխանատու անձ – Կազմակերպությունների զարգացման խորհրդատու:
Մասնակիցներ.
Լիանա Հարությունյան (ՀԵԻԱ վարչության անդամ), հունիսի 2, 2003թ., 2 ժամ:
Արտյոմ Փիլոյան (ՀԵԻԱ վարչության անդամ), hունիսի 2, 2003թ., 2 ժամ:
Գարիկ Հայրապետյան (ՀԵԻԱ վարչության անդամ), hունիսի 3, 2003թ., 2 ժամ:
Արշավիր Խալափյան (ՀԵԻԱ վարչության անդամ), hունիսի 3, 2003թ., 1 ժամ:
Կարեն Զադոյան (ՀԵԻԱ նախագահ), hունիսի 5, 2003թ., 1 ժամ:
Դավիթ Աբգարյան (ՀԵԻԱ փոխնախագահ), hունիսի 6, 2003թ.1 ժամ:
Ընդամենը – 1 շաբաթ:
2. Արդյունքների ամփոփում
Պատասխանատու անձ – Կազմակերպությունների զարգացման խորհրդատու:
Ժամկետներ – Հունիսի 9-11, 2003թ.:
Տևողություն – 3 օր:
3. Ռազմավարական պլանավորման խմբի աշխատանքային հանդիպում (1-ին օր)
• Ամփոփված արդյունքների պատկերավոր ներկայացում` պլանավորման խմբի անդամներին:
• Քննարկում-լրացումներ մասնակիցների կողմից:
• SWOT:
• Տեսլականի սահմանում:
• Առաքելության և արժեքների սահմանում:
• Հիմնական ռազմավարական ուղղությունների (3 տարվա համար) առանձնացում` ըստ առաջնայնությունների:
Պատասխանատու անձ – Կազմակերպությունների զարգացման խորհրդատու:
Մասնակիցներ – ՀԵԻԱ նախագահ, փոխնախագահ, վարչության և աշխատակազմի անդամներ, ՀԵԻԱ ակտիվ անդամներ ու կամավորներ (Երևան, ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակ):
Ժամկետներ – Հունիսի 12, 2003թ.:
Տևողություն – 1 օր:
4. Ռազմավարական պլանավորման խմբի աշխատանքային հանդիպում (2-րդ օր)
• Կազմակերպության հաջողության գլխավոր չափանիշների սահմանում:
• 4 հիմնական ռազմավարական
նպատակների սահմանում:
• Այդ նպատակներին հասնելու ռազմավարությունների մշակում:
• 3 տարվա գործողությունների պլանի մշակում:
Պատասխանատու անձ – Կազմակերպությունների զարգացման խորհրդատու:
Մասնակիցներ – ՀԵԻԱ նախագահ, փոխնախագահ, վարչության և աշխատակազմի անդամներ, ՀԵԻԱ ակտիվ անդամներ ու կամավորներ (Երևան, ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակ):
Ժամկետներ – Հունիսի 13 2003թ.:
Տևողություն – 1 օր:
5. ՀԵԻԱ ռազմավարական պլանի նախագծի մշակում
Պատասխանատու անձ – ՀԵԻԱ փոխնախագահ:
Ժամկետներ – Հունիսի 16, 2003թ.:
Տևողություն – 2 ամիս:
6. Խորհրդատվություն` ՀԵԻԱ ռազմավարական պլանի նախագծի բարելավման ուղղությամբ
Պատասխանատու անձ – Կազմակերպությունների զարգացման խորհրդատու:
Ժամկետներ – Օգոստոսի 16, 2003թ.:
Տևողություն – 1 շաբաթ:
7. ՀԵԻԱ ռազմավարական պլանի նախագծի քննարկում Երևանում` բոլոր հետաքրքրված անդամների մասնակցությամբ
Պատասխանատու անձ – Կազմակերպությունների զարգացման խորհրդատու:
Մասնակիցներ – ՀԵԻԱ նախագահ,վարչության ադամներ ՀԵԻԱ Երևանի մասնաճյուղի ակտիվ անդամներ և կամավորներ (Երևան, ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակ):
Ժամկետներ – Օգոստոսի 22, 2003թ.:
Տևողություն – 10 օր:
8. ՀԵԻԱ ռազմավարական պլանի նախագծի քննարկում մասնաճյուղերում“ բոլոր հետաքրքրված անդամների մասնակցությամբ:
Պատասխանատու անձ – ՀԵԻԱ փոխնախագահ,վարչության անդամներ:
Մասնակիցներ – ՀԵԻԱ մարզային մասնաճյուղերի ակտիվ անդամներ և կամավորներ (Կապան, Գորիս, Գավառ, Իջևան, Վանաձոր և Գյումրի, ՀԵԻԱ մարզային գրասենյակներ):
Ժամկետներ – Օգոստոսի 22 – սեպտեմբերի 22, 2003թ.:
Տևողություն – 10 օր:
9. ՀԵԻԱ ռազմավարական պլանի նախագծի վերջնական քննարկում և ընդունում ՀԵԻԱ անդամների հավաքի կողմից
Պատասխանատու անձ – ՀԵԻԱ նախագահ,կազմակերպությունների զարգացման խորհրդատու:
Մասնակիցներ – ՀԵԻԱ վարչության և աշխատակազմի անդամներ, ՀԵԻԱ ակտիվ անդամներ և կամավորներ (Ծաղկաձոր, Գրողների ստեղծագործական տուն):
Ժամկետներ – Սեպտեմբերի 5 – 6, 2003թ.:
Տևողություն – 2 օր:
10. ՀԵԻԱ ռազմավարական պլանի նախագծի վերջնականացում
Պատասխանատու անձ – ՀԵԻԱ նախագահ:
Ժամկետներ – Սեպտեմբերի 8 – նոյեմբերի 8, 2003թ.:
Տևողություն – 2 ամիս:
11. ՀԵԻԱ ռազմավարական պլանի հաստատում
Պատասխանատու անձ – ՀԵԻԱ վարչություն:
Մասնակիցներ – ՀԵԻԱ վարչության նախագահ, փոխնախագահ և անդամներ (Երևան, ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակ):
Ժամկետներ – Դեկտեմբերի 9, 2003թ.:
Տևողություն – 1 օր:
Ընդամենը – 6 ամիս: