ԿԵՀ ծրագրով ենթադրամաշնորհառու կոալիցիաների ներկայացուցիչները ծանոթացան պահանջվող հաշվետվություններին

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառության» ծրագրի շրջանակում այսօր՝ հունվարի 10-ին, Իրավաբանների հայկական ասոցիացիան ծրագրի ենթադրամաշնորհառու կոալիցիաների ներկայացուցիչների համար անց է կացրել խորհրդատվական սեմինար՝ ենթադրամաշնորհային ծրագրի նպատակներն ու ծրագրային պատմողական հաշվետվությունների պահանջների վերաբերյալ:

ԿԵՀ ծրագրում «Բի-Դի-Օ Արմենիա» ՓԲ ընկերությունն իրականացնելու է ենթադրամաշնորհային շահառուների ֆինանսական հաշվետվությունների ընդունումը և ֆինանսական վերահսկողությունը։ Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեցին կազմակերպության ներկայացուցիչներ Անի Վարդյանյանը և Աստղիկ Շահգելդյանը:
 
Նրանք ներկայացրեցին, թե հաշվետու ինչ ժամանակահատվածում պետք է ներկայացվեն ֆինանսական հաշվետվությունները, ինչ ծախսերի հիմնավորումներ պետք է նշվեն և այլն: Որպես օրինակ նշվեց ԿԵՀ ծրագրի աշխատակիցների գործուղումների, օրապահիկների, գիշերակացի մասին: Նշվեց, որ գործուղումների ընթացքում վճարվող օրապահիկները պետք է հիմնավորված լինեն գործուղման հրամաններով: Գիշերակացի ծախսերը պետք է հիմնավորված լինեն հյուրանոցի հետ կնքված պայմանագրով և հաշիվ վավերագրով և այլն:
 
Ծրագրի ավարտին բոլոր կազմակերպություններում աուդիտ է անցակցվելու: Աուդիտն իրականացնելու է «Գրանթ Թորնթոն» ՓԲ ընկերությունը։ Ընկերության ներկայացուցիչ Մելինե Հարությունյանը նշեց այն բոլոր կետերը, որոնց պետք է ուշադրություն դարձնել աշխատանքները սկսելու առաջին իսկ օրից:

Մեդիա արշավների, հանրության շրջանում տեղեկատվության ակտիվ տարածման ու հաշվետվողական նյութերի հրապարակմումը ներկայացրեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մեդիա արշավների մասնագետ/լրագրող Ալիսա Չիլինգարյանը: Նա նշեց, որ ծրագրի շրջանակում կատարված բոլոր միջոցառումներն ու աշխատանքները պետք է թափանցիկ կերպով ներկայացվի հանրությանը՝ տեղեկատվական լուրերի ու տարբեր հրապարակումների տեսքով:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Նարինե Մեժլումյանը ներկայացրեց ենթադրամաշնորհային ծրագրերի բովանդակային  հաշվետվությունների կազմման և ներկայացման կարգը, հաշվետվության ձևաչափը: Նա հատկապես կարևորեց հաշվետվությանը կից հիմնավորող/փաստող նյութերի ներկայացումը, նշեց, թե հաշվետու ժամանակահատվածի հիմնական ձեռքբերումների/հաջողությունների հակիրճ նկարագիրը պետք է ներառի այնպիսի փաստեր ինչպիսիք են՝ առանձին նպատակների ուղղությամբ իրականացված գործունեության նկարագիրը, արձանագրված հաջողությունները, դժվարություններն ու դրանց լուծումները:

Նշենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: