2018 թ. դեկտեմբերի 19-ին Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված հակակոռուպցիոն միջոցառման շրջանակներում անցկացվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 3-րդ համաժողովը:
Համաժողովի ընթացքում կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի կողմից ներկայացվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 21.07.2017-31.10.2018թթ. ժամանակահատվածի գործունեության հաշվետվությունը, որից հետո այն հաստատվեց քննարկման արդյունքում: Այնուհետև, կոալիցիայի ներկայացուցիչներ Սյուզաննա Սողոմոնյանը, Մարիամ Զադոյանը և Մարատ Ատովմյանը ներկայացրեցին կոալիցիայի 2019-2023 թվականների ռազմավարությունը: Քննարկումից հետո այն հաստատվեց: Ռազմավարությամբ արտահայտված էին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ռազմավարական նպատակները, խնդիրները և գործողությունների պլանը։ Հիմնական նպատակները 3-ն են՝
1. Բարձրացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետև` ՔՀԿ-ներ) կողմից կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումների նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետությունը,
2. Նպաստել կոռուպցիայի վերացմանն ուղղված արդյունավետ քաղաքականությունների և կառուցակարգերի ներդրմանն ու զարգացմանը, նպաստել բարեխիղճ` թափանցիկ, հաշվետու, արհեստավարժ կառավարման համակարգի զարգացմանը,
3. Նպաստել հասարակության մեջ կոռուպցիայի` որպես հասարակության սպառնալիքի ընկալման ձևավորմանն և արմատավորմանը, կոռուպցիայի նկատմամբ հասարակության անհանդուրժողականության ընկալման, քամահրանքի միջավայրի և հասարակության շրջանում ազնիվ կառավարման պահանջարկի ձևավորմանը և հասարակության իրազեկության մակարդակի բարձրացմանը` հակակոռուպցիոն կենտրոնների վերագործարկման միջոցով` հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման և պատժի անխուսափելիության հիման վրա:
Հիմնական խնդիրների թվին են պատկանում՝
- Նպաստել ՀՀ-ում անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մասնագիտական մարմնի ներդրմանը` փաստարկված հաջողված միջազգային փորձի հիման վրա,
- Նպաստել ՀՀ-ում ազդարարների իրավունքների պաշտպանությանը և ազդարարման պետական միասնական անանուն էլեկտրոնային հարթակի գործարկմանը,
- Զարգացնել bizprotect.am ազդարարման հանրային անանուն էլեկտրոնային հարթակը,
- Նպաստել ապօրինի հարստացման ինստիտուտի բարեփոխումների և ապօրինի հարստացման գործերով մոնիթորինգի իրականացմանը,
- Նպաստել ՀՀ-ում իրական իրական սեփականատերերի գրանցամատյանի ներդրմանը` փաստարկված հաջողված միջազգային փորձի հիման վրա,
- Նպաստել ՀՀ-ում գողացված ակտիվների վերականգնման ինստիտուտի ներդրմանը և այդ ոլորտի կարողությունների զարգացմանը,
- Նպաստել ՀՀ տնտեսական ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրմանը։
Համաժողովի ընթացքում տեղի ունեցան նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի ընտրությունները: Նախ հաստատվեց կոալիցիայի կառավարման խորհրդի թվաքանակը, իսկ այնուհետև անցկացվեցին խորհրդի նոր կազմի անդամների ընտրությունը: Ստորև ներկայացված է նոր կազմով կառավարման խորհրդի անդամների ցանկը.
- «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ
- «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ
- «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ
- «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ
- «Հայաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիա» ՀԿ
- Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ
- Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
- Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա
- Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ
- Գյումրու «Կանթեղ» Իրավապաշտպան ՀԿ
- Հայաստանի համայնքների միություն
- «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ
- «Լրագրողները՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ