Սույն թվականի դեկտեմբերի 4-ին Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ-ի իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը մասնակցեց Ճանապարհային ոստիկանությունում կայացած հանդիպում-քննարկմանը։ Հանդիպմանը ներկա էին Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանը, ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը, Իքս դրայվ ավտո-մոտո սպորտ դպրոց կազմակերպության տնօրեն Արտաշես Ստեփանյանը, Դվին ավտոդպրոցի ղեկավարները, Վարորդ Էյէմի և ոլորտի խնդիրներով հետաքրքրված այլ ներկայացուցիչներ։
Հանդիպման նպատակն էր ԵՄ-Հայաստան համապարփակ գործընկերության համաձայնագրի կիրարկման շրջանակում՝ մի շարք օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու նպատակով Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքներում ներգրավել շահագրգիռ կողմերին ևս։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց վարորդական վկայականի տրամադրման կարգի հետ կապված առկա խնդիրներին, որոնք վերաբերում են տեսական և գործնական հարցաշարերի բացերին։ Ներկաները համաձայնության եկան, որ առավել քան հիմա պետք է ճանապարհային անվտանգության և վարորդների լիարժեք կրթության վրա շեշտադրում կատարել։ Առաջարկվեց խստացնել տեսական և գործնական քննությունների ընթացակարգերը, որպեսզի իրական երաշխիքներ լինեն գրագետ և պատրաստ վարորդներ ունենալու համար։ Ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանն իր խոսքում ողջունեց բոլոր ներկաների մասնակցությունը և նշեց, որ կարևոր է ոլորտային առանձնահատկություններին տիրապետող կողմերին ներգրավել այս աշխատանքներում։ Արդյունքում, Իքս դրայվ ավտո-մոտո սպորտ դպրոցի տնօրեն Արտաշես Ստեփանյանն առաջարկեց նախ ստեղծել աշխատանքային խումբ ավտոդպրոցների ներկայացուցիչներով և այնուհետև վերջնական առաջարկ ներկայացնել Ճանապարհային ոստիկանություն ընթացիկ լրացուցիչ հանդիպումներ և քննարկումներ կազմակերպելու միջոցով։ Աշխատանքային խմբի համակարգող ընտրվեց Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ-ի իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը։
ՃՈ իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանի կողմից ԵՄ ստանձնած պարտավորությունների վերջնաժամկետն է 2019թ․ հունիսի 1-ը։ Ներկաները իրենց պատրաստակամությունը հայտնեցին աշխատանքային խմբում ակտիվ գործունեություն ծավալելու ուղղությամբ։