ԴԻՄՈՒՄ-ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

 

            ՀՀ Կառավարությանն ենթակա պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ ՊԵԿ) 2018 թվականի նոյեմբերի 1-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հրապարակել է «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնց  վերաբերյալ ներկայացնում ենք հետևյալը.

Ա) «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը, որի կարգավորումների համաձայն Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը:

Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի գործող կարգավորումները հստակ սահմանում են, որ կազմակերպությունը պարտավոր է հաշվետվություն հրապարակել, եթե Կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները: Այսինքն, Կազմակերպության կողմից հաշվետվությունը հրապարակելու համար միակ օրենքով նախատեսված պայման է հանդիսանում այն դեպքը, երբ Կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները, իսկ Նախագծով առաջարկվող կարգավորումներից հետևում է, որ այդ պահանջը հանվում է, հետևաբար նախագծի ընդունումից հետո Կազմակերպությունների հաշվետություններում պարտադիր կերպով ներառվելու են նաև ոչ հանրային միջոցների օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը: Վերոգրալը հիմնավորվում է ինչպես նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով առաջարկվող փոփոխությամբ, որով նախատեսվում է Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում «նախատեսված  դեպքերում» բառերը փոխարինել «սահմանված կարգով և ժամկետներում» բառերով, այնպես էլ Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու առաջարկվող փոփոխությամբ, ինչից հետևում է, որ Օրենքի 24-րդ հոդվածի կարգավորումների իմաստով Կազմակերպությունները ներկայացնելու են մեկ հաշվետվություն:

Իսկ նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ վերոնշյալ կարգավորումների սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու, ինչպես նաև հանրային հաշվետվողականությունը ապահովելու հանգամանքներով:

Այստեղ հարկ ենք համարում նշել, որ վերը նշված «տարընթերցումները» առաջացել են բացառապես իրավասու մարմինների կողմից հայեցողական մեկնաբանման արդյունքում, քանի որ հիշյալ հարցը գործող օրենքով հստակ կարգավորված է։

Նախ նորմի հայեցողական, և ոչ թե նպատակային մեկնաբանման արդյունք է եղել այն, որ ՊԵԿ նախագահի 2018 թվականի փետրվարի 13-ի թիվ 59-Ն հրամանով հաստատել է «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը, լրացման կարգը, հաշվետվության հրապարակման և ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացնելու մասին» կարգը (այսուհետ՝ Հրաման), որն ուժի մեջ է մտել 2018 թվականի մարտի 11-ից և որի ուժի մեջ մտնելուց հետո  կազմակերպությունները հաշվետու տարվա համար փաստացի ՊԵԿ են ներկայացրել իրենց հաշվետվությունները, որոնց մեջ ներառվել է իրենց ողջ գործունեության մասին տեղեկատվությունը:  Հրամանի կարգավորումներն ուղղակիորեն հակասում են Օրենքի 24-րդ հոդվածի դրույթներին, քանի որ Հրամանով  որևէ նորմ չկա սահմանված, որը կվերաբերի հանրային դրամական միջոցների մասով հաշվետվության ներկայացմանը և պարզ չէ, թե Հրամանն ինչպես է ՀՀ արդարադատության նախարարության կողմից պետական գրանցում ստացել (26 փետրվարի 2018 թ, գրանցման համարը՝ թիվ 12418065) և ուղարկվել հրապարակման:             Հրամանով նախատեսված կարգավորումները և՛ Օրենքի հետ բովանդակային հակասության առումով, և՛ իրավակիրառ պրակտիկայում բարձրացված հարցադրումների և դրանց վերաբերյալ լիազոր պետական մարմիններից ստացված մեկնաբանությունների համատեքստում մի շարք խնդիրներ են առաջացրել, ինչը հիմք է հանդիսացել որպեսզի հասարակական կազմակերպությունների վրա ոչ իրավաչափ պարտականություն դրվի:  Հետևաբար գտնում ենք, որ առկա են այն բոլոր հիմքերը, որպեսզի վիճարկվի Հրամանի իրավաչափությունը:

Հաջորդ արձանագրված արդյունքն այն է, որ ՊԵԿ-ն առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստան Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմատիվ իրավական ակտի նորմի «նպատակային մեկնաբանման սկզբունքով»՝ իր գրավոր պատասխանով  տրված մեկնաբանությամբ պարտադիր է համարել հաշվետվության մեջ ներառել ոչ միայն հանրային միջոցների, այլ նաև հանրային միջոց չհանդիսացող միջոցների և դրանց հետ կապված տեղեկատվություն այն դեպքում, երբ կազմակերպության հաշվետվությունը ենթակա է հրապարակման:

Այդուհանդերձ, ՀՀ արդարադատության նախարարությունը իր պատասխանում արտահայտել է սկզբունքորեն հակառակ դիրքորոշումը՝ նշելով, որ համաձայն Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի՝ այն կազմակերպությունները, որոնց գույքի աղբյուր չեն հանդիսացել Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրային միջոցները, իրավունք ունեն կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակելու ինչպես նշված հոդվածով նախատեսված հաշվետվությունը, այնպես էլ իր գործունեության ցանկացած արդյունքի վերաբերյալ տեղեկություններ կամ նյութեր: Հետևաբար, այն հասարակական կազմակերպությունները, որոնց գույքի ստացման աղբյուր չեն հանդիսացել վերը նշված հանրային միջոցները, հաշվեվություններ ներկայացնելը իրավունք է, ոչ թե՝ պարտականություն:

Թերևս ՀՀ արդարադատության նախարարության նման դիրքորոշումը հիմնավորված է նաև այնքանով, որ մինչև Ազգային ժողովի կողմից Օրենքի ընդունելը, դրա մշակման և հետագայում Ազգային ժողովին ներկայացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարարությունը, հետևաբար Օրենքն ընդունելիս Օրենքի 24-րդ հոդվածի դրույթների իմաստին ու նշանակությունը, ինչպես նաև Օրեսդրի կամքի բովանդակությանը լիովին  տիրապետել է և այս առումով ՀՀարդարադատության նախարարության դիրքորոշումն առավել հստակ է՝ այդ թվում նորմի նպատակային մեկնաբանման տեսանկյունից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Նախագծով նախատեսված կարգավորումներն ոչ միայն ուղղակիորեն հակասում են Օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կարգավորումներին՝ նկատի ունենալով Կազմակերպությունների կազմակերպաիրավական առանձնահատկությունները,  այլ նաև 4-րդ հոդվածով սահմանված Կազմակերպությունների գործունեության սկզբունքներին, մասնավորապես ինքնակառավարման և հաշվետվողականության սկզբունքներին, քանի որ հասարակական կազմակերպությունները գործում են ինքնակառավարման սկզբունքից ելնելով, հանդիսանում են ոչ պետական կազմակերպություններ և չեն կարող հաշվետու լինել որևէ պետական մարմնի:

Ավելին, Նախագիծը հակասում է նաև Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կազմակերպության գործունեության պետական երաշխիքներին, ըստ որի «4. Պետական մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին և նրանց պաշտոնատար անձանց արգելվում է միջամտել կամ խոչընդոտել Կազմակերպության օրինական գործունեությանը»:

Հետևաբար, նախագծի հիմնավորման մեջ ներկայացվող այն միտքը, թե նախագիծը նպատակ է հետապնդում նաև հանրային հաշվետվողականություն ապահովելու, հիմնավորված չէ այնքանով, որ Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Կազմակերպությունների գործունեության՝ հանրային միջոցների մասով (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները),  հաշվետվություններ ներկայացնելու պահանջը հենց բացառապես ուղղված է հանրային միջոցների նկատմամբ վերահսկելիության բարձրացմանը և հանրային հաշվետվողականության ապահովմանը,  ինչն էլ, լիարժեքորեն, արտացոլում է Օրենսդրի կամքի բովանդակությունը և ոչ մի կերպ կազմակերպությունների կողմից իրականցվող գործունեությունը վերահսկելու նպատակ չի հետապնդել:

Ուստի առաջարկում ենք Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները թողնել անփոփոխ, իսկ 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Եթե Կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները), ապա Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը միայն հանրային միջոցների մասով:»:

Հայտնում ենք նաև, որ Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի գործող կարգավորումներն իրենց բնույթով նույնպես խնդրահարույց են, որոնց վերաբերյալ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով դիմել ենք ՊԵԿ-ին: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ներկայացված պարզաբանումերը հիմնավոր ձևով չեն տալիս բարձրացված մի շարք առանցքային հարցերի պատասխաններ, ուստի ստորև առաջարկում ենք Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրանք.

«3. Կազմակերպության հանրային դրամական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը ներառում է.

  • Կազմակերպության` լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը և պաշտոնական ինտերնետային կայքը(առկայության դեպքում).
  • հանրային դրամական միջոցներով իրականացվող ծրագրի անվանումն ու վայրը, ծրագրի կարգավիճակը (ավարտված կամ ընթացքի մեջ) և տեղեկատվություն դրանց մասին (նպատակ, խնդիր, ակնկալվող արդյունքը).
  • Հանրային դրամական միջոցների տարեկան մուտքերի (դրամական և/կամ գույքային) ընդհանուր գումարը և ստացման աղբյուրը.
  • Հանրային դրամական միջոցների և/կամ տրամադրված գույքի օգտագործման ծախսերը.
  • սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում անկախ աուդիտորի եզրակացությունը:»:

Բ) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Օրենքի նախագիծ) 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 39-րդ հոդվածի 1-ին պարբերության 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ, որով փորձ է արվել հստակեցնելու «ֆինանսավորման աղբյուրներ» հասկացությունը՝ սահմանելով թե այն տեղեկատվության ինչպիսի շրջանակ է իր մեջ ներառում և թե ներառվող տեղեկատվության որ մասը կարող է հրապարակային լինել՝ հաշվի առնելով անձնական տվյալների շրջանակը, դրանց հրապարակման և համացանցում հասանելիության պայմանները:

Այդ առնչությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Օրենքի նախագծով առաջնային պետք է դիտարկվեր և բավարար չափով որոշակիացվեր նախ այն, թե հիմնադրամի գործունեության մասին հաշվետությունն ընդհանրապես ի՞նչ ծավալի տեղեկատվություն պետք է իր մեջ պարունակի՝ օրինակ, արդյո՞ք հիմնավորված է ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը՝ անկախ ֆինանսավորման եղանակից, հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվության մեջ ներառելու պահանջը, թե՝ ոչ և թե այն ի՞նչ նպատակ է հետապնդում: Եթե հաշվետվության մեջ միայն ներառվեր հիմնադրամների կողմից հանրային հատվածի դրամական միջոցների (մասնավորապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներգրավված միջոցների) մասին տեղեկատվություն՝ այդ թվում դրանց օգտագործման վերաբերյալ, ապա այս համատեքստում տեղեկատվության մանրամասն նկարագրությունը  հիմնավորված կարելի էր համարել, քանի որ դրա նպատակը հանրային միջոցների շարժի վերահսկումն է, հրապարակայնության և թափանցիկության ապահովումը:

Այդ առնչությամբ գտնում ենք, որ և՛ հիմնադրամների, և՛ հասարակական կազմակերպությունների դեպքում անհրաժեշտ է միասնական մոտեցում որդեգրել և դիտարկել նշված կազմակերպությունների կողմից հաշվետությունների հրապարակման այնպիսի մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, որոնց պարագայում հնարավորինս հաշվի առնված կլինի այդ կազմակերպությունների և կազմակերպաիրավական առանձնահատկությունները, և գործունեության սկզբունքները՝ այդ թվում ինքնակառավարման և հաշվետվողականության, և  հաշվետվություններում ներառվող անձնական տվյալների նվազագույն քանակությամբ մշակելու այն օրինական նպատակը, որին հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ներկայացված նախագծերում չեն պահպանվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սամանված օրենսդրական տեխնիկայի կանոնները, մասնավորապես՝ չեն պահպանվել նախատեսված դրույթների համակարգվածությունը և հոդվածների մասերի, կետերի հաջորդական համարակալումը:

Տեղեկացնում ենք, որ 2018 թվականի նոյեմբերի 9-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված «ՊԵԿ-ի կողմից մշակված «Հասարակական կազմակերպությունների մասին» և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագծերին նվիրված հանրային քննարկում-սեմինարի ընթացքում  քննարկմանը մասնակցող հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչների կողմից վերոնշյալ նախագծերի վերաբերյալ լրացուցիչ հարցադրումներ են ներկայացվել, որոնք, նախագծերի լրամշակման համար հետագայում պլանավորվող աշխատանքային քննարկումների ժամանակ լրացուցիչ քննարկման առարկա պետք է դառնան: Այդ հարցադրումները հետևյալին էին վերաբերում.

  1. Արդյո՞ք նպատակահարմար չի լինի Օրենքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու ճանապարհով  Կազմակերպությունների՝ Օրենքի պահանջների կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունն իրականացնող լիազոր մարմին ճանաչել արդարադատության նախարարությանը, իսկ հարկային հսկողության առումով՝ պետական եկամուտների կոմիտեին:
  2. Արդյո՞ք ճիշտ է այն մոտեցումը, որ ներկայումս գործունեություն ծավալող որոշ Կազմակերպությունների կամ հիմնադրամների գործելակերպում նկատվող օրինականության խախտումների պատճառով պետք է խստացվի պետական վերահսկողության մեխանիզմները՝ դրանով խախտելով Կազմակերպությունների համար Օրենքով երաշխավորված գործունեության ինքնակառավարման սկզբունքները: Գտնում ենք, որ այդ կազմակերպությունների կողմից օրենսդրության առանձին պահանջների խախտումները պետք է մանրամասն վերլուծության ենթարկվեն համապատասխան պետական իրավասու մարմինների կողմից և եթե այդ վերլուծությունների արդյունքում բացահայտվի, որ դրանք  ուղղակիորեն կապված են եղել թերի կամ ոչ հստակ կարգավորումների հետ,  ապա այդ դեպքում միայն օրեսդրության մեջ հասցեական լրացումներ և փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես գալ: Թերևս, միայն այդպիսի դեպքերում հիմնավորված կլինի պետության կողմից Կազմակերպությունների գործունեության վերահսկման նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը՝ բացառիկ դեպքերում դրանց կիրառման համար:
  3. Լրացուցիչ քննարկման կարիք ունի այն մոտեցումը, որ ներկայացված օրենքների նախագծերով նախատեսված պետական վերահսկողական մեխանիզմների խստացումը պայմանավորված է նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼԱՖ) դեմ պայքարի շրջանակներում տարվող վերահսկողության և պատասխանատվության միջոցների կիրառման հարցերի հետ,  այն դեպքում, երբ Եվրոպայի Խորհրդի Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջոցների գնահատման փորձագետների կոմիտեն (МONEYVAL) 2018թ. հուլիսին հրապարակված Հայաստանի գնահատման զեկույցում ՀՀ-ի կողմից առաջընթաց է գրանցել հասարակական կազմակերպություններին վերաբերող 8-րդ հանձնարարականի կատարման կապակցությամբ, որի արդյունքում այն վերագնահատվել է որպես բավարար՝ նշելով, որ հասարակական կազմակերպություններն ունեն ցածր ռիսկայնություն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կապակցությամբ։  Անհրաժեշտ է հիմնավոր կերպով գնահատել, թե վերոնշյալի համատեքստում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների չկատարման ինչպիսի ռիսկեր կարող են առաջանալ:
  4. Օրենքի 26-րդ հոդվածի կարգավորումների համաձայն՝ եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից ֆինանսավորվել է հինգ միլիոն և ավելի Հայաստանի Հանրապետության դրամի չափով, ապա օրենքով սահմանված կարգով պետական մարմիններ ներկայացված նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները ոչ ուշ, քան հաջորդող տարվա մայիսի 15-ը հանրային միջոցներից ֆինանսավորման մասով ենթակա են պարտադիր աուդիտի՝ Կազմակերպության ժողովի ընտրած անկախ աուդիտորի կողմից: Անհրաժեշտ է գնահատել, թե  որքանո՞վ է հիմնավորված Օրենքի հիշյալ նորմով նախատեսված պարտավորության կատարման պահանջն այն դեպքում, երբ հանրային միջոցներից ֆինանսավորման ժամանկ տրամադրվող միջոցների չափի մեջ առանձին չի ներառվում ֆինանսավորման մասով ենթակա պարտադիր աուդիտի անցկացման համար անհրաժեշտ ֆինանսավորման չափը, որը հետագայում  լրացուցիչ բեռ է դառնում  հասարակական կազմակերպությունների համար: Իսկ շատ դեպքերում անկախ աուդիտ անցկացնող կազմակերպություններին վճարվող դրամական միջոցների չափը բավականին մեծ գումարներ են կազմում ի համեմատ Կազմակերպությանը տրամադրված հանրային դրամական միջոցների չափին: Միևնույն ժամանակ լրացուցիչ խնդիրներ են առաջանում նաև, երբ անկախ աուդիտ իրականացնող կազմակերպությունները Կազմակերպություններից պահաջում են իրենց ողջ գործունեությանը առնչվող փաստաթղթերը,  որպեսզի կարողանան ամբողջական պատկեր ունենալ: Նշված խնդիրները առաջանում են հատկապես այն դեպքերում, երբ Կազմակերպությունների կողմից որոշակի ծրագրերի իրականացման համար ներգրաված հանրային դրամական միջոցներն ուղղակիորեն բավարար չեն լինում և ֆինանսական այլ ռեսուրսների ներգրավման անհրաժեշտություն է առաջանում, հետևաբար աուդիտի է ենթարկվում ամբողջ ծրագիրը: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ միջազգային դոնոր կազմակերպություններն՝ իրենց կողմից տրամադրված ֆինանսական միջոցների չափի մեջ որոշակի չափով դրամական միջոցներ են նախատեսում նաև իրենց միջոցներով Կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի աուդիտի անցկացման համար և նման մոտեցումը պետք է ամրագրվի նաև հանրային դրամական միջոցների  ներգրավման դեպքում:
  5. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված Կազմակերպության հաշվետվության մեջ ներառվող տեղեկատվության շրջանակը բովանդակային առումով վերանայելու անհրաժեշտություն կա, քանի որ, եթե խոսքը գնում է միայն հանրային դրամական միջոցների ներգրավման մասով հաշվետվության հրապարակման, ապա պետք է այդ տեղեկատվության շրջանակն ընդգրկի այդպիսի միջոցներով իրականացվող ծրագրի արդյունքների, ստացված և ծախսված միջոցների մասին, այլ ոչ թե մանրամասնություններ պարունակի Կազմակերպության ողջ գործունեության վերաբերյալ:
  6. Անհրաժեշտ է լրացուցիչ քննարկել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցներից տրամադրվող հանրային դրամական միջոցները՝ Կազմակերպություններին մրցույթային կարգով տրամադրելու հարցը և օրենսդրական կարգավորման լուծման տարբերակներ առաջ քաշել՝ նպատակ հետապնդելով ապահովելու այդ գործընթացում թափանցիկությունը և հաշվետվողականությունը:
  7. Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրության առարկա դարձնել առկա միջազգային այն փորձը, որով առաջնորդվել են հիշյալ նախագծերում առաջարկվող կարգավորումները նախատեսելիս և դիտարկել դրանց վերաբերելիությունը և համարժեքությունը հայաստանյան իրականությանը:
  8. Մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտության կա հատկապես նախագծերի այն կարգավորումների մասով, ըստ որոնց՝ հրապարակվող հաշվետվությունները ունենալու են ոչ հրապարակային հատվածներ, որտեղ ներառվելու են տարեկան մուտքերի ստացման աղբյուրին վերաբերող անձնական տվյալներ՝ այդ թվում ֆիզիկական անձանց: Այդ առումով անհրաժեշտ ենք համարում նշել, որ Կազմակերպություններին նվիրատվություն կամ նվիրաբերություն կատարող ֆիզիկական անձինք շատ դեպքերում չեն ցանկանում,  որ իրենց նվիրատվությունների կամ նվիրաբերությունների վերաբերյալ տեղեկատվությունը դառնա հրապարակային, , ավելին՝ հանգանակությունների ընթացքում գործնականում հնարավոր չէ գրանցել բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնք դրամական միջոցներ են հատկացնում: Գտնում ենք, որ հիշյալ խնդիրներն անհրաժեշտ է դիտարկել և անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքի համատեքստում, ըստ որի՝ տվյալների մշակումը պետք է հետապնդի օրինական նպատակ, դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր, և անձնական տվյալների՝ երրորդ անձանց  փոխանցումը բացառող հստակ կարգավորումների սահմանման համատեքստում:

            Ի լրումն վերոգրյալ հարցադրումների՝ դեռևս օրակարգային են շարունակում մնալ նախկինում Կազմակերպությունների կողմից բարձրացված մի շարք այլ հարցադրումներ, որոնք վերաբերվում են Կազմակերպությունների համար հարկային բեռի և վարչարարության պարզեցմանը: Դրանք վերաբերում են օրինակ. ա) հարկային օրենսգրքով «դրամաշնորհ» հասկացության հստակ սահմանմանը և դրանց շրջանակներում առաջացող հարկային պարտավորությունների հստակեցմանը, բ) ֆիզիկական անձանց կողմից վճարվող եկամտային հարկի նվազեցումներին այնքանով, ինչքանով ֆիզիկական անձը իր տարեկան վճարվող եկամտային հարկից հասարակական շահ հետապնդող նախընտրյալ կազմակերպությանը գումար կնվիրաբերի, ինչը լրացուցիչ բեռ չի առաջացնում նվիրաբերող սուբյեկտների համար, այլ իրենից ներկայացնում է վճարվող եկամտային հարկի վերաբաշխում (Լեհաստանում՝ 1%, Սլովակիայում՝ 2%), որը խթան  է Կազմակերպությունների ֆինանասական դրության բարելավման համար, գ) Կազմակերպությունների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում առաջացող հարկային պարտավորության բեռի թեթևացմանը և այլն:

Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք հետ կանչել հանրային քննարկման ներկայացված նախագծերը և հիմնական դերակատարների՝ և՛ հասարակական կազմակերպությունների և՛ հիմնադրամների մասնակցությամբ ստեղծել աշխատանքային խումբ և բովանդակային քննարկման առարկա դարձնել առաջարկվող փոփոխությունները, քանի որ ներկայացված նախագծերը ոչ միայն սպառիչ կերպով չեն տալիս այն հարցադրումների պատասխանները, որոնք նախապես ներկայացրել էին օրենքների կարգավորումների վերաբերյալ, այլև հակառակը՝ Կազմակերպությունների գործունեության հաշվետվությունների վերաբերյալ նախագծերով առավել խիստ պահանջներ են  նախատեսվել՝ հնարավորություն տալով վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին առավել շատ գործիքներ ունենալ Կազմակերպությունների գործունեության վերահսկման համար։

Վերոգրյալն ամենևին նպատակ չի հետապնդում կասեցնելու պետական իրավասու մարմինների կողմից հասարակական կազմակերպությունների հանրային հաշվետվողականության բարձրացմանը միտված նախաձեռնությունները, այլև հակառակը՝ օրենքի նախագծերի վերաբերյալ ներկայացվող առաջարկությունները և բարձրացվող հարցադրումները նպատակ են հետապնդում նպաստելու պետական իրավասու մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների միջև կառուցողական երկխոսության ծավալմանը և այնպիսի օրենսդրական լուծումներ գտնելուն, որոնցում համադրված կլինեն շահագրգիռ կողմերի շահերը: Հիմք ընդունելով վերոգրյալը առաջարկում ենք հետ կանչել նախագծերը, ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և փորձագետների ներգրավմամբ կառուցողական քննարկում սկսել ՀԿ-ների և հիմնադրամների հետ համատեղ՝ մասնակցային և երկկողմանի ընդունելի նախագծեր ունենալու նպատակով։

Սույն դիմում-դիրքորոշման նախագիծը մշակվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում և լրամշակվել հանրային քննարկման արդյունքներով:

 

 

 

Դիմում-դիրքորոշումը ներկայացվում է հետևյալ կազմակերպությունների անունից՝

  1. «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ
  2. «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ
  3. «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ
  4. Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ
  5. «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ
  6. «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ
  7. Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ
  8. «Հայաստանի բանկերի միություն» ՀԿ
  9. «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿ
  10. «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ
  11. «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական հիմնադրամ
  12. Հայաստանի մանուկներ հիմնադրամ
  13. «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
  14. «Տապան էկո-ակումբ» ՀԿ
  15. «Փյունիկ» ՀԿ
  16. «Զարգացման սկզբունքներ» ՀԿ
  17. «Արազա» ԲՀԿ
  18. «Ապագան քոնն է» ԲՍՀԿ
  19. «Զարգացման լուծումների ինստիտուտ» հիմնադրամ
  20. «Վստահություն» առողջապահական ՀԿ
  21. Հայաստանի իրավաբանական հիմնադրամ
  22. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հիմնադրամ
  23. «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՀԿ
  24. «Տեղական ժողովրդավարության զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ
  25. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
  26. Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ
  27. Սոցիալական աշխատողների ասոցիացիա
  28. «Զինվորի մայր» ՀԿ
  29. ՆՓԱԿ հիմնադրամ
  30. ՓԻՆՔ Արմենիա
  31. «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամ
  32. «Հայ կոնսալտ» խորհրդատվական հիմնադրամ
  33. «Հայաստանի շինարարների միություն» ՀԿ
  34. «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամ
  35. Համահայկական հայրենասիրական շարժում
  36. «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ
  37. IDEA հիմնադրամ
  38. «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ
  39. «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ
  40. «Սոցիոսկոպ» ՀԿ
  41. «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ
  42. «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ
  43. Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիա
  44. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
  45. «Մարդու իրավունքների միջազգային հանրություն» ՀԿ
  46. Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ
  47. ««Սևան» երիտասարդական ակումբ ՀԿ 
  48. «Հավասարության ինդեքս» իրավապաշտպան ՀԿ
  49. «Քաղաքացիական նախաձեռնությունների հարթակ» ՀԿ
  50. «Արեգունի» ՀԿ
  51. «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ
  52. «Լրագրողների «Սելեն» ակումբ» ՀԿ
  53. «Մշակույթի և կատարողական արվեստների միջազգային ակադեմիա» ՀԿ
  54. «Իջևան» Երիտասարդական դաշինք» ՀԿ
  55. «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս-կենտրոնների ցանց
  56. «Գործընկերություն և ուսուցում» (ԳՈՒՄ) ՀԿ
  57. «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամ
  58. «Էկոթիմ» ՀԿ 
  59. «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ
  60. «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամ
  61. «Գորիսի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
  62. «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ
  63. «Միասին հանուն տնտեսական զարգացման» ՀԿ
  64. «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ
  65. ««Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն»» ՀԿ
  66. «Համայնքի զարկերակ» ՀԿ
  67. «Արգինա» մշակութային ՀԿ
  68. «Միջհամայնքային համագործակցություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ՀԿ
  69. «Սոցիալական տեխնոլոգիաների կենտրոն» ՀԿ
  70. «Բաց սահմաններ» ՀԿ
  71. «Աշխատանք և հայրենիք» տարածքային զարգացման ՀԿ
  72. ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ
  73. «Աժդահակ» համայնքային զարգացման ՀԿ
  74. «Կապանի ուսուցիչներ» ՀԿ
  75. Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ
  76. «Գարուն վերածնունդ» սոցիալ-մշակութային, բարեգործական ՀԿ
  77. Եղեգնաձորի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամ
  78. «Շենացնենք  մեր  գյուղը» ՀԿ 
  79. «Երիտասարդ Տավուշ» ՀԿ
  80. «Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական ՀԿ
  81. «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ
  82. «Արմտումար» ԿՍՀԿ
  83. «Բժիշկների կատարելագործման  միջազգային ակադեմիա» ՀԿ
  84. «Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ
  85. «Կենաց ծառ» կրթամշակութային ՀԿ
  86. «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
  87. «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
  88. «Օրենքը՝ հանուն իրավունքի գերակայության» ՀԿ
  89. Ռոբերտ Բողոսյան և որդիներ հիմնադրամ
  90. «Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
  91. Էներգախնայողության աջակցման հիմնադրամ 
  92. «Գյումրի Ակումբ» ՔՀԿ
  93. «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ
  94. «Թրեյներների Ազգային Թիմ» ՀԿ
  95. «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ
  96. «Թուխմանուկ» ՀԿ
  97. «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ 
  98. «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ
  99. Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ
  100. «Իվան Սքայ» երիտասարդական համայնքային զարգացման հիմնադրամ
  101. «Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ
  102. «Ախուրյան» երիտասարդական ՀԿ
  103. «Իննովացիոն և տեխնոլոգիական համայնք» ՀԿ