Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Արտյոմ Մեսրոպյանը նոյեմբերի 6-ին մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնության» (ՀՕԲՆ) կազմակերպած կլոր-սեղան քննարկմանը, որի ընթացքում աշխատանքային խմբերը փորձել են վեր հանել հանքարդյունաբերության ոլորտում առկա խնդիրները և դրանցից առանձնացնել առաջնային օրենսդրական լուծումներ պահանջողները:
Տեղեկացնում ենք, որ (ՀՕԲՆ) նպատակներից է մշակել և պետական իրավասու մարմիններին ներկայացնել օրենսդրական ակտերի այնպիսի նախագծեր, որոնք կավելացնեն հանքարդյունաբերության տված հասարակական և տնտեսական օգուտները և, միաժամանակ, կնվազեցնեն շրջակա միջավայրի և հանրային առողջության վրա ունեցած բացասական ազդեցությունները:
Հիշեցնենք նաև, որ Իրավաբանների հայկական ասոցիացիայի առաջարկությունների հիման վրա Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնություն-Հայաստան գործողությունների չորրորդ ծրագրով ՀՀ Կառավարությունը հանձնառել է ներդնել իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը՝ իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառման ռեգիստրի շրջանակներում ստեղծելով և գործարկելով համապարփակ գրանցամատյան։
Ծրագրով նախատեսված է իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրում նաև հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերություններին, որը միտված է բարձրացնելու նշված ոլորտում թափանցիկությունը և հանրային վերահսկողության մեխանիզմները: