Սույն թվականի սեպտեմբերի 12-ից 14-ը Երևանի Մարիոթ հյուրանոցում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) կողմից կազմակերպված Ֆրանկոֆոն հասարակական միջազգային կազմակերպությունների 11-րդ համաժողովը https://www.francophonie.org/-conferenceOINGerevan- , որին հայկական կողմից, ի թիվս ՀՀ-ում գործող այլ հասարակական կազմակերպությունների, մասնակցում էր նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարությունը համակարգող՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիամ Զադոյանը: Ֆրանկոֆոն երկրներից համաժողովին մասնակցել է 127 ներկայացուցիչ։
Համաժողովի բացման արարողությունը կայացավ ս.թ. սեպտեմբերի 12-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՖՄԿ Գլխավոր քարտուղար Միքայել Ժանի մասնակցությամբ:
Համաժողովի երկրորդ օրն ընթացավ կլոր սեղան-քննարկումներ ձևաչափով՝ ֆրանսերեն լեզվով՝ նվիրված մշակութային երկխոսության, իրավական պետության, խտրականության դեմ պայքարի, միգրացիայի ժամանակաշրջանում երիտասարդների զբաղվածության, կանանց և տղամարդկանց իրավահավասարության թեմաներին:
Մարիամ Զադոյանը մասնակցեց իրավական պետության և խտրականության դեմ պայքարի թեմաներին նվիրված կլոր սեղան-քննարկմանը և ներկայացրեց “Ապրել միասին” կարգախոսի շրջանակներում կազմակերպության կողմից իրականացված գործունեությունը։ Համաժողովի ընթացքում ձեռք բերվեցին նոր գործնական կապեր և քննարկվեցին եզրեր հնարավոր համագործակցության վերաբերյալ։