Այսօր՝ հունիսի 11-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում բիզնեսի և տնտեսության թիրախային ոլորներում ենթադրամաշնորհ ստացած կոալիցիաների մասնակիցները հանդիպում են ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի և փոխնախարար Ալբերտ Բաբայանի հետ։
Հանդիպման նպատակը նախարարին, ծրագրի շրջանակում իրականացվող, «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» և «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրերի ներկայացումն է:
Նախարար Արծվիկ Մինասյանը կարևորեց ծրագիրն ու տարվող աշխատանքը՝ նշելով, որ համատեղ նոր գաղափարներ ու ծրագրեր կմշակեն։ Նա նշեց, որ նախարարությունում որոշ գաղափարներ կան, որոնք պետք է վերածվեն հայեցակարգային ծրագրի։
«Կոռուպցիայի դեմ պայքարը երկար տարիներ է, և մենք հաճախ ջանքեր են գործադրել կոռուպցիոն պահանջարկի վրա ազդեցություն ունենալով՝ քրեական պատասխանատվությունը ուժեղացնելով, հայտարարագրման համակարգերը հզորացնելով, որոնք վերաբերում են պաշտոնատար անձանց, կամ այն անձանց, ովքեր որոշակի լիազորություններ ունեն այս կամ այն որոշումը կայացնելու կամ ազդեցություն ունենալու մասով։ Սա, անշուշտ, լավ է, և անհրաժեշտ է, որքան հնարավոր է զարգացնել այս համակարգերը։ Հատկապես խոշոչ կորպորացիաները կամ կազմակերպությունները պետք է ավելի շատ թափանցիկ լինեն և ավելի շատ հակակոռուպցիոն համապատասխանության սխեմաներ գործադրեն ու հրապարակեն, ինչպես օրինակ՝ Համաշխարհային բանկի գնումների գործընթացի հակակոռուպցիոն սխեմաներն են և այլն»,-ասաց Արծվիկ Մինասյան։
Նրա խոսքով, առաջիկայում վարչապետի կողմից նախարարությունում նոր նշանակումներ կարև՝ փոխնախարար մակարդակով և նախարարությունում շատ բարեփոխումներ են արվելու, որի գործընթացներում ցանկալի կլինի, որպեսզի ակտիվ մասնակցություն ունենա նաև հանրային սեկտորը։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայցրեց ծրագիրը՝ նշելով, որ հասարակական կազմակերպությունների կարողությունները երկու ուղղություններով զարգացնում են, որպեսզի նրանք մրցունակ լինեն պատկան մարմինների՝ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքում։ «Ծրագրի շրջանակներում ընտրված են 9 թիրախային ոլորտներում ընտրված (արդարադատություն, մարդու իրավունքներ, հանրային ֆինանսների կառավարում, բիզնես, կրթություն, սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսություն, տնտեսություն, էներգետիկա) յուրաքանչյուր ծրագրի համար 25 միլիոն դրամի դրամաշնորհ է տրվել և ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում ևս 7,5 միլիոն դրամ կհատկացվի կոալիցիային՝ ավելի հզորանալու և ծրագիրը շարունակելու համար»,-նշեց Կարեն Զադոյանը։
«Բիզնեցի համար առաջնային տեղում այս նախարարության հետ համագործակցությունն է, որ լինի ամուր ու արդյունավետ։ Հիմա ունենք հնարավորություն։ Մեր հիմնական կետերից մեկը փոքր և միջին ձեռնարկությունների ռազամավորթյան մշակման աջակցությունն է, այստեղ կա և՛ բյուջե, և՛ փորձագիտական թիմ, որպեսզի կարողնանք այսօրվանից երկխոսության մոդելը ճիշտ մշակենք՝ երկխոսության միջոցով։Եկեք ճիշտ հիմքեր դնենք, որ օգտակար լինի և՛ նախարարության, և՛ հասարակական կազմակերպությունների համար ու տրամադրված ներուժն ու ֆինանսական միջոցները կարողանանք արդյունավետ օգտագործել»,-ասաց ԿԵՀ ծրագրի բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող, ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը։
Գրիշա Հովսեփյանը ԿԵՀ ծրագրի բիզնեսի ոլորտում հաղթած «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի ղեկավարն է, նշեց, որ ՓՄՁ ռազմավարության համար քաղաքական պատասխանատվություն կրում է հենց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը․ «Շատ լավ կլինի, որ դուք, որպես քաղաքական պատասխանատվություն կրող, իսկ մենք պատրաստակամ ենք մեր դերն ունենալու ու համատեղ աշխատանքային կարգ մշակենք, հասկանանք բոլոր ուղղություններն ու ավելի արդյունավետ աշխատենք»,-ասաց նա։
Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացայի ներկայացուցիչ Սաթիկ Բադեյանը ներկայացրեց, թե ինչ է սոցիալական ձեռնարկությունը․ «Այն նոր երևույթ է ինչպես ամբողջ աշխարհում՝ Հայաստանում ևս, և վերջին մի քանի տարիներին է սկսել զարգանալ, սակայն այն շատ երկրներում մեծ թափով է զարգանում ու աջակցություն ստանում պետությունից։ Այն դիտարկվում է որպես շատ լավ մեխանիզմ՝ կառավարաությանն օգնելու տնտեսական զարգացման և համայնքային ու սոցիալական խնդիրներ լուծելու համար»։
Նախարար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց այս գաղափարով ու նշեց, որ այժմ հարկային բարեփոխումների շրջափուլ է և կարելի է ուսումնասիրել ոլորտն ու այն ներկայացնել հարկային քաղաքականության մշակման մեջ ներառելու համար։
Նա նաև առաջարկեց, որպեսզի 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին ընդգրկել բիզնես ծրագրերում։ Կարեն Զադոյանը նշեց, որ քննարկում կկազմակերպեն, իսկ եթե համագործակցությունը մեծ լինի, կարող են համաժողով կազմակերպել ՔՀԿ-ների և կառավարության մասնակցությամբ։
Հանդիպման ավարտին Արծվիկ Մինասյանը նշեց, որ ամբողջ ծավալով պատրաստ են համագործակցության համար և ոչ միայն հանդիպմանը ներկա փոխնախարար Ալբերտ Բաբայանի, այլև մյուս փոխնախարարների ու ստորաբաժանումների հետ ակտիվ համագործակցություն կծավալվի։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: