Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մասնակցել է ՀՀ-ին ուղղված նոր հակակոռուպցիոն առաջարկների ներկայացմանը

Սույն թվականի հուլիսի 3-ից 5-ը Ֆրանսիայի Փարիզ քաղաքում կայացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի (ՀԿՑ) լիագումար նիստը: Նիստին մասնակցել են Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ոլորտի պատասխանատուները պետական համակարգից, մասնագիտացված միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ ՀՀ պատվիրակության կազմում էին, ի թիվս այլոց, ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը և հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անապիոսյանը,  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ Մարիամ Զադոյանը։ 

ՀԿՑ-ի շրջանակներում իրականացվում է նշյալ երկրների հակակոռուպցիոն բարեփոխումների մշտադիտարկումը, որին ՀՀ-ն միացել է 2006 թվականից։ Մինչ օրս իրականացվել է Հայաստանի մշտադիտարկման երեք փուլ, և լիագումար նիստի օրակարգում էր, ի թիվս այլ հարցերի, Հայաստանի չորրորդ փուլի մշտադիտարկման զեկույցի քննարկումը և ընդունումը, որը կհրապարակվի 2018թ.-ին։ Հարկ է նշել, որ յուրաքանչյուր մշտադիտարկման փուլի ընթացքում հրապարակվում են նաև առաջընթացի գնահատման միջանկյալ զեկույցներ։

Զեկույցը պատրաստելու նպատակով ՏՀԶԿ մշտադիտարկման խումբը մարտի 12-18 այցելել էր ՀՀ, որի շրջանակներում քննարկումներ էին անցկացվել ՀՀ պետական մարմինների  և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչների հետ երեք թեմատիկ քննարկումների ընթացքում՝ ընդհանուր, բիզնեսի և կրթության ոլորտներում։

Հավելենք, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան մշտապես ներկայացրել է նաև այլընտրանքային զեկույցներ։ Վերջին հրապարակված զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

Նշյալ միջոցառմանը և ՀՀ պարտավորությունների կատարման ընթացքին են անդրադարձել նաև մի շարք լրատվական կայքեր՝ https://www.lragir.am/2018/07/10/363048/, https://armenpress.am/arm/news/940441/, https://www.1in.am/2388063.html