Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Առաջնային համարելով ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներկայիս իրավիճակը և հասարակության, քաղաքական ուժերի ու իշխանությունների կառուցողական երկխոսության հանձնառության անհրաժեշտությունը, ինչպես նաև հասարակության շրջանում արդեն ձևավորված ազնիվ կառավարման պահանջարկը, կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականությունը, կարևորելով վերջին տարիներին Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի (Հակակոռուպցիոն կոալիցիա) նախաձեռնող և մասնակից դերը երկրում իրականացված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումների (ապօրինի հարստացման քրեականացում, ազդարարների պաշտպանության համակարգի ներդրում, անկախ հակակոռուպցիոն մարմնի` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծում, հանրային գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրում և այլն) շարունակականությունը և ի վերջո նպատակ ունենալով նպաստել Հայաստանում Կոռուպցիայի դեմ պայքարի նոր հանրային օրակարգի ձևավորմանը՝
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
հանրային լայնածավալ և արմատական հակակոռուպցիոն բարեփոխումների մեկնարկ.
- Կոռուպցիայի հետևանքով Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասների փոխհատուցման նպատակով ակտիվների վերադարձման ինստիտուտի անհապաղ ներդրում, որի շրջանակներում անհրաժեշտ է ձեռնամուխ լինել կոռուպցիայի հետևանքով Հայաստանից դուրս հանված ակտիվները՝ ՀՀ պետական բյուջե վերադարձնելու գործընթացը՝ ակտիվ ներգրավելով ՀՀ կենտրոնական բանկին, ՀՀ դատախազությանը, իրավապահ մարմիններին և հանրությունը` բացառելով ներկայումս ՀՀ տարածքից ակտիվների արտահոսքը։
- Երկրում անպատժելիության մթնոլորտը վերացնելու նպատակով ապօրինի հարստացման դեպքերի շուտափույթ հայտնաբերում և կոալիցիայի շրջանակներում հանրային անկախ փորձագիտական խմբի ձևավորում, որը միտված կլինի պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող գույքի, եկամուտների և շահերի բախման հայտարարագրերը վերլուծելուն և ապօրինի հարստացման դեպքերը վերհանելուն ու քրեական գործեր հարուցելու նպատակով դրանք ՀՀ գլխավոր դատախազություն փոխանցելուն:
- Կոռուպցիայի դեմ պայքարում հանրության վստահությունը ձեռք բերելու նպատակով՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի և հանձնաժողովի անդամների ընտրության համար Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի, Փաստաբանների պալատի կողմից ձևավորվելիք մրցութային խորհրդի անդամների ընտրության գործընթացի օրինականության, թափանցիկության և հաշվետվողականության ապահովում։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամների մեխանիկական վերարտադրության բացառման և բարեխիղճ, պրոֆեսոնալ, հակակոռուպցիոն արժեքներ դավանող ու համապատասխան հակակոռուպցիոն փորձ ունեցող թեկնածուների ընտրություն:
- Կոռուպցիայի դեմ արդյունավետորեն պայքարելու նպատակով ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հիմքի վրա հակակոռուպցիոն բազմաֆունկցիոնալ ունիվերսալ մարմնի ստեղծում, որն օժտված կլինի ոչ միայն կրթական և կանխարգելիչ գործառույթներով կոռուպցիայի դեմ պայքարում, այլև՝ նախնական քննության անցկացման գործառույթով, ներառյալ՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավասությամբ։
- Մենաշնորհների և գերիշխող դիրքի դեմ արդյունավետ պայքարելու նպատակով առևտրային ընկերություններում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ընտրված անկախ աուդիտի կողմից հակակոռուպցիոն աուդիտի իրականացում, իրական սեփականատերերի բացահայտման ռեգիստրի հիմնում և գրանցամատյանի վարում։
- Ընտրություններում քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով՝ ՀՀ սահմանադրության ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին ՀՀ օրենքի, քրեական օրենսգրքի արմատական հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացում:
- Դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով՝ կոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարանի կամ հատուկ մասնագիտացված դատական կազմի ստեղծում՝ կադրային բարեփոխումների իրականացման միջոցով»:
Ստորև` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ կազմակերպությունների ցանկը.
# | Կազմակերպություն | Ներկայացուցիչ | Մարզ/քաղաք |
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, Կոալիցիայի քարտուղարություն | Կարեն Զադոյան | Երևան | |
«Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ | Հակոբ Ավագյան | Երևան | |
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» իրավաբանական անձանց միություն | Սեդրակ Վարդանյան | Երևան | |
«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ | Արզուման Հարությունյան | Երևան | |
«ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿ | Արմինե Պոդոսյան | Երևան | |
«ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ | Արա Մելիքջանյան | Շիրակ, Գյումրի | |
«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ | Գևորգ Գրիգորյան | Երևան | |
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ | Ժաննա Ալեքսանյան | Երևան | |
Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ | Գագիկ Պողոսյան | Երևան | |
«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ | Խաչիկ Գևորգյան | Երևան | |
«Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միություն | Էմին Երիցյան | Երևան | |
«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ | Սաթիկ Բադեյան | Գեղարքունիք, Սևան | |
«Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿ | Վահագն Համբարձումյան | Երևան | |
«Պետական կառույցների հետ համագործակցության «Հանրային ցանց» իրավաբանական անձանց ոչ ֆորմալ միություն, «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ | Գևորգ Մանուկյան | Լոռի, Վանաձոր | |
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ (ՄԶՄԿ) | Թևան Պողոսյան | Երևան | |
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ | Արտակ Կիրակոսյան | Երևան | |
«Շվեցարիայի շրջանավարտների ասոցիացիա» ՀԿ | Հասմիկ Հովհաննիսյան | Երևան | |
«Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ | Սամվել Մկոյան | Երևան | |
«Հասարակական ձայն» ՀԿ | Արթուր Համբարձումյան | Երևան | |
«Լոռեցիների միավորում» ԲՀԿ | Մենուա Բրուտյան | Լոռի, Վանաձոր |