Մեկնարկել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ինկուբատորների առաջին փուլի բացումը

Եվրամիության կողմից ֆինասնավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր՝ ապրիլի 11-ին, տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորների առաջին փուլի բացումը միաժամանակ Երևանում, Վանաձորում, Գավառում, Գյումրիում և Կապանում:

Երևանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ ՔՀԿ-ների ինկուբատորների առաքելությունը մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելն է Հայաստանի ՔՀԿ-ներին, ծրագրի շրջանակում թիրախային 9 ոլորտի և 4 ուղղությամբ կարողությունների զարգացման նպատակով։

«Հանրային քաղաքականությունների մշակման առյուծի բաժինը ծնվում է կառավարությունում, իսկ կառավարությունը բաղկացած է նախարարություններից ու առընթեր մարմիններից, պետք է ունենալ իրենց կոնտակտները, աշխատել նրանց հետ, ունենալ կառուցողական երկխոսություն»,-ասաց Կարեն Զադոյանը։

Նա նաև նշեց, որ շուտով կոնտակտային տվյալների բազա կստեղծվի, հանդիպումներ կկազմակերպվեն երկու կողմերի միջև. «Դուք կկարողանաք կառուցողական աշխատանքների շնորհիվ ձեր գործունեությունը արդյունավետ դարձնել»։

Կարեն Զադոյանը ներկայացրեց նաև քննարկվող 4 թեմատիկ կարողությունները, որոնք են՝
 
1. Հանրային բյուջեների և քաղաքականությունների մոնիթորինգ,
2. Փաստարկված քաղաքականությունների մշակում,
3. Կոալիցիաների ստեղծում և/կամ զարգացում,
4. Հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական մասնակցություն/ երկխոսություն Կառավարության և ՏԻՄ-երի հետ,
 
ինչպես նաև ծրագրի թիրախային 9 ոլորտները`
 
1. Հանրային ֆինանսների կառավարում
2. Մարդու իրավունքներ 
3. Արդարադատություն
4. Բիզնես
5. Կրթություն
6. Գյուղատնտեսություն
7. Տնտեսություն
8. Էներգետիկա 
9. Սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում 

Հավելենք, որ ՔՀԿ-ների ինկուբատորները անցկացվելու են երկու փուլով՝ հետևյալ հինգ քաղաքներում․ Երևան, Գյումրի, Վանաձոր, Գավառ և Կապան։ Յուրաքանչյուր փուլին, ընդհանուր առմամբ, մասնակցելու են 36 ՔՀԿ-ներ, որոնք ընտրվելու են Հայաստանում Ամերիկյան Համալսարանի կողմից կազմակերպված ուսուցումն ավարտած ՔՀԿ-ների շարքից։ ՔՀԿ-ների ինկուբատորները ավարտելուց հետո մրցութային հիմունքներով տրամադրվելու են ընդհանուր թվով 33 դրամաշնորհներ, յուրաքանչյուր փուլի համար նախատեսելով 16-17 դրամաշնորհ։

Տավուշի մարզի ՔՀԿ-ները հնարավորություն կունենան օգտվելու Վանաձորում գործող ինկուբատորից, Արագածոտնի ՔՀԿ-ները՝ Երևանի, Գյումրու և Վանաձորի ինկուբատորներից՝ ըստ ՔՀԿ-ների տարածքային դիրքից, Վայոց ձորի ՔՀԿ-ները՝ Կապանի կամ Երևանի ինկուբատորից։

Նշենք, որ սեմինարն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ–ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ–ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաև ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու, կենտրոնական և տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացման համար: Ծրագիրն ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններինև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը: