Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներն ապրիլի 10-ին հյուրընկալեցին Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին։
Դասընթացին քննարկվեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության, այդ թվում այդ նպատակով ձևավորվելիք մրցութային խորհրդի գործունեությանը վերաբերող հարցեր:
Ինչպես հայտնի է ապրիլի 10-ին ուժի մեջ է մտնում Կոռուպցիայի կանխարգելման մասին օրենքի որոշ դրույթներ, ըստ որի ՀՀ Ազգային Ժողովի նախագահը դիմելու է նաև ՀՀ փաստաբանների պալատին նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար կազմավորվելիք մրցութային խորհրդի կազմում ներկայացուցիչ ներկայացնելու առաջարկով:
Ներկայումս Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպումներ են ունենում բոլոր այն կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց կողմից մրցութային խորհրդի կազմում ներկայացուցիչ է լինելու:
Հիշեցնենք, որ երեկ դպրոցի կողմից հայտարարություն էր տարածվել այն մասին, որ մշտադիտարկում է իրականացնելու Ազգային Ժողովի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության, այդ թվում այդ նպատակով ձևավորվելիք մրցութային խորհրդի գործունեության նկատմամբ: