Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում 18 քաղհասարակության կազմակերպության (ՔՀԿ) ներկայացուցիչ նոր գիտելիքներ ստացան առցանց գործիքների վերաբերյալ, որոնք հնարավորություն են տալիս հանրային վերահսկողության իրականացման և հանրային քաղաքականության մշակման արդյունավետությունը մեծացնելու։
Դասընթացը կազմակերպվել էր մարտի 30-ին, Երևանում։
«Մենք ներկայումս մեր կազմակերպության կայքի զարգացման ուղղությամբ ենք աշխատում: Եվ այստեղ հետաքրքիր շատ տեղեկություններ ստացանք, որոնք կարող ենք օգտագործել մեր կայքի հասանելությունը մեծացնելու»,- ասաց «Զարգացման սկզբունքներ» ՀԿ հանրայաին կապերի պատասխանատու Քնարինե Սարգսյանը:
«Կին գիտնականների միավորում» ՀԿ նախագահ Արմինե Ավագյանն առաջարկում է նման դասընթացների համար ավելի մեծ ժամանակ ու ռեսուսրներ ներդնել՝ դասընթացը կարևոր է և մեծապես խթանում է կազմակերպության աշխատանքները արդյունավետ դարձնելուն. «Օրինակ, շատ կարևոր էին թիրախային լսարանին ճանաչելու և նրա հետ հետադարձ կապ պահպանելու գործիքները: Կան գործիքներ, որոնք միայն անգլերենով են և այստեղ հայերենով ներկայացվեց, թե ինչպես են դրանցից օգտվում, որոնք են օգտվելու քայլերը»:
Նշենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կրթության և հարակից ոլորտների համակարգող, «Սիվիտաս» ՀԿ գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց ավելի քան 7 առցանց գործիք, որոնց միջոցով հնարավոր է դառնում ավելացնել հասարակական կազմակերպությունների՝ հանրային քաղաքականության ասպարեզում ազդեցությունը։
Եթե Դուք նույնպես քաղակտիվիստ եք և ցանկություն ունեք իրավաբանական աջակցություն ստանալու, ապա դիմեք մեզ [email protected] հասցեով՝ առաջիկա դասընթացին գրանցվելու և իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը: