Եթե դատավորը չունի անկախություն, չի էլ կարող աշխատել այս բարդ համակարգում․ Տաթևիկ Գրիգորյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի քրեական գործերով դատավոր, 31-ամյա Տաթևիկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշում է, որ երբեք իր համոզմունքներին հակառակ դատավճիռ չի կարդացել։ Իրավաբան.net «Հայաստանի դատավորները» շարքի շրջանակներում նա խոսել է դատաիրավական համակարգում իր կողմից նկատվող խնդիրների, դրանց լուծման, ինչպեսև անձնական կյանքը և աշխատանքն իրարից տարանջատելու սկզբունքի մասին։

-Երևանում գործող դատավորներից դուք երկրորդ ամենաերիտասարդ դատավորն եք։ Դժվա՞ր չէ այդքան երիտասարդ տարիքում նման պատասխանատվություն վերցնել ուսերին, դատավճիռ կարդալ, որևէ մեկին մի քանի տարի ազատազարկման դատապարտել կամ նշանակել ցմահ ազատազրկում։

Ընդհանրապես երիտասարդ, թե առավել փորձառու դատավորների համար այսօր աշխատանքի համար առավել դժվարություն ստեղծող խնդիրը գործերի գերծանրաբեռնվածությունն է, ինչը նույնիսկ վերջերս կատարված օրենսդրական բարեփոխումների արդյունքում հնարավոր չէ վերջնականապես լուծել, և դրա միակ լուծումը, միանշանակ, գրեթե բոլորս համարում ենք դատավորների թվի ավելացումը։

Գաղտնիք չէ, որ մեր երկրում հարյուր հազար բնակչի հաշվով դատավորների քանակն այդպես էլ չի համալրվել, և միայն այդ բավարարության շեմը հաղթահարելու դեպքում հնարավոր կլինի իմ կողմից բարձրացված հարցին գրեթե վերջնական լուծում տալ։ Ես սա որպես կամայական բողոք չեմ ասում, բայց ցանկացած անձ, ում հետաքրքրիր է ու անգամ մոտ էլ չէ դատական համակարգին, կարող է դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվող հաշվետվություններն ուսումնասիրել, և պարզ կլինի, թե դատարաններում տարեկան որքան գործեր են քննվում։

Ինչ վերաբերում է  երիտասարդ դատավոր լինելուն՝ գիտեք,  օրենսդրությամբ հստակ ամրագրված են այն չափանիշները, որոնք հնարավորություն են տալիս անձին մասնակցելու դատավորների որակավորման քննությանը, և, բնականաբար, եթե այսօր պաշտոնավարում ենք դատավորի պաշտոնում, ուրեմն համապատասխանել ենք պահանջվող բոլոր չափանիշներին՝ թե՛ տարիքի հետ կապված, թե՛ փորձառության, թե՛ մասնագիտական հմտությունների։

-Իսկ եթե հարցին նայենք ոչ թե մասնագիտական, այլ՝  կենսափորձի տեսանկյունից։

-Ոչ, ես դժվարություն երբևէ չեմ ունեցել իմ արդեն 3 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում։ Պետք է նշեմ, որ բավականին վաղ հասակում աշխատել եմ դատական համակարգում՝ տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել։ Ամենացածր պաշտոնից եմ սկսել։ Ինձ համար նորություն չի եղել այն պատասխանատվությունը, բարդությունը, որ ունենալու եմ դատավորի պաշտոնում աշխատելիս, մանավանդ՝ բավականին բարդ գործեր քննելիս։

– Ձեր վարույթում կան այնպիսի գործեր, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել, օրինակ «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործը», փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործը, մատուցողուհու սպանության գործը և այլն, ի՞նչ կասեք նման գործերի մասին, կա՞ն որևէ առանձնահատկություններ, որ Դուք որևէ կերպ տարբերություն դնեք՝ այլ գործերի նկատմամբ։

-Անկեղծ կլինեմ,  դատավորի պաշտոնում նշանակվելուց օրեր անց ինձ մակագրվել են նման գործեր, որովհետև, ինչպես գիտեք, հիմա դատական գործերը բաշխվում են համակարգչային հատուկ ծրագրի միջոցով, իսկ այդ ծրագիրը երիտասարդ ու առավել փորձառու դատավորներին, չի տարբերակում։ Պետք է նշեմ, որ այդ գործերը քննելիս դատավորից չի պահանջվում առանձնահատուկ վարքագիծ դրսևորել կամ ինչ-որ առանձնահատուկ դատավարական կանոններով առաջնորդվել, որովհետև, ի վերջո, բոլոր գործերը քննվում են դատավարական նույն կանոնների շրջանակում։ Տարբերությունը միայն դատական նիստերի դահլիճում ստեղծված լարվածությունն է, որը մի քանի դատական նիստեր անելուց հետո կամ անհետանում է, կամ նվազում է։

Առանձնահատուկ որևէ խնդիր, կամ ինչ-որ փաստարկ չեմ կարող ներկայացնել, իրոք։ Պարզապես կնշեմ, որ ցանկացած հնչեղություն ունեցող գործ քննելիս դատավորից իրոք պահանջվում է լինել լավ պատրաստված, լինել ընդգծված ուշադիր՝ դատական նիստերի դահլիճում ստեղծված իրավիճակը կառավարելու համար, և դատավորից պահանջվում է ձեռնարկվել բոլոր միջոցները՝ դատավարության արդարադատության պատշաճ և կանոնակարգված ընթացքն ապահովելու համար։ Երևի թե այս կարևորագույն սկզբունքների համատեքստում պետք է իրականացվի հասարակական հնչեղություն ունեցող գործերի քննությունը։

-Նշեցիք, որ դատական նիստերին որոշակի լարվածություն է լինում, ինչո՞վ է դա պայմանավորված։ Միգուցե լրագրողների ներկայությու՞նն է կամ մասնակիցների շատ լինելը, կամ այն, որ հանրությանը հայտնի մարդ է անցնում որևէ գործով։

-Լարվածությունը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով՝ թե՛ դատական նիստերի դահլիճում ներկա գտնվող անձանց որոշակի վարքագծով, թե՛ կողմերի դրսևորած վարքագծով։ Գիտեք, չէի ցանկանա կոնկրետ ինչ-որ գործի վերաբերյալ քննարկումը կազմակերպենք, բայց տարբեր գործերով լինում են լարվածության որոշակի տարրեր, և դատավորը պետք է հասկանա լալարվածության պատճառը և միջոցներ ձեռնարկի այդ լարվածությունը մեղմելու համար։

-Ինչպե՞ս կգնահատեք լրագրողների հետ աշխատանքը։ Արդյո՞ք լրագրողների ներկայությունը կաշկանդում է դատավորին։

-Ես միանշանակ դրական եմ գնահատում լրագրողների կողմից դատական նիստեր լուսաբանելը, և վերջին շրջանում, կարծես թե, ավելացել է դատական նիստեր լուսաբանող լրագրողների թիվը, ինչն, իհարկե, ողջունելի է։ Ի վերջո, դատական նիստերի լուսաբանմամբ նաև իրագործվում է քրեադատավարական մեր կարևորագույն սկզբունքներից մեկը՝ հրապարակայնության սկզբունքը։ Հիմնականում որևէ խնդիր էլ չի եղել մեր գործերի հետ կապված, որևէ սահմանափակումներ, արգելքներ՝ լուսաբանելու կամ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու առումով։ Բայց բոլոր դեպքերում, այս հարցն իրավական առումով պետք է դատարանի կողմից քննարկվի՝ հանրային և մասնավոր շահերի հավասարակշռության պահպանման տիրույթում։ Ինչու՞, որովհետև, օրինակ, վկաների հարցաքննության փուլում, եթե մենք թույլատրենք և դատական նիստերի դահլիճում իրականացվի տեսանկարահանում և հատկապես՝ ուղիղ հեռարձակում, մենք գործնականում չենք կարող իրագործել վկաների միմյանցից անջատ հարցաքննվելու քրեադատավարական կարևորագույն պահանջը, ինչը միանշանակ չի բխի արդարադատության շահից։ Բայց եթե բոլոր մյուս դեպքերում չկան արդարադատության շահին վնասող ինչ-որ խնդիրներ, միանշանակ որևէ դատարանաի կողմից, կարծում եմ, չի լինի արգելք լրատվամիջոցների, հատկապես տեսանկարահանման առումով։

Բայց պետք է նշեմ, որ լրագրողները դատական նիստերը լուսաբանելիս պետք է ցուցաբերեն ընդգծված պրոֆեսիոնալիզմ, ինչու՞, որովհետև հենց լուսաբանումների և հրապարակումների արդյուքնում է կոնկրետ գործի վերաբերյալ ձևավորվում հասարակական կարծիք, իսկ գործի փաստերը խեղաթյուրված, կամ կողմնակալ ձևով ներկայացնելու հետևանքով, կարծում եմ, մենք հետագայում շատ լուրջ խնդիրներ կարող ենք ունենալ։

Ճիշտն ասած, աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ժամանակ չեմ ունենում հետևել իմ վարույթում գործերի վերաբերյալ հրապարակումներին, բայց հուսով եմ, որ դրանք լուսաբանվում են իմ կողմից նշված չափանիշներով։

-Երբևէ որևէ արձագանք չեք ստացե՞լ տարատեսակ հրապարակումների մասին։ Թեկուզ հարազատները կամ ընկերներն ասեն, որ Ձեր մասին որևէ հարց է քննարկվել, և այլն։

-Պատկերացրեք, որ աշխատանքից դուրս հիմնականում իմ շփումները թե՛ հարազատների, թե՛ ընկերների հետ որևէ ձևով կապված չեն իմ գործունեության հետ։ Ինձ մոտ ի սկզբանե այդպես է եղել, որովհետև, ամեն դեպքում, աշխատանքից հետո, երբ օրդ բավականին լարված է անցնում, գոնե հաճելի չէ գործերի վերաբերյալ ինչ-որ քննարկումներ լսել։

-Փետրվարի 14-ին լրացավ դատավորի պաշտոնում Ձեր գործունեության 3 տարին։ Այս տարիների ընթացքում ձեր վարույթում քննված ամենատպավորիչ գործը կարո՞ղ եք առանձնացնել։

-Ինչ-որ առանձնահատուկ որևէ գործ, իրոք, չեմ կարող վկայակոչել։ Ինձ համար իմ վարույթում գտնվող բոլոր գործերն են առանձնահատուկ մոտեցում պահանջում, որովհետև բացարձակապես կապ չունի՝ այդ գործը ունի հասարակական հնչեղություն,  բարդ է, թե՝ ոչ։ Տպավորիչ գործ, երևի թե չկարողանամ վկայակոչել։

-Դուք Ձեզ անկախ դատավոր համարու՞մ եք։

-Իհարկե։ Միանշանակ անկախ համարում եմ և, միանշանակ, կայացված բոլոր դատական ակտերն էլ կայացվում են հենց այդ սկզբունքի, ինչպես նաև ներքին համոզմունքի, դատավարական, նյութական նորմերի համատեքստում։ Եթե դատավորը չունի անկախություն, բնականաբար չի էլ կարող իր գործունեությունը ծավալել կամ աշխատել այս բարդ համակարգում և երբևէ չի եղել այնպիսի դեպք, որ իմ ներքին համոզմունքը կամ իմ դիրքորոշումը տարբերվի իմ կողմից հրապարակվող դատական ակտից։

-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում դատաիրավական համակարգում և ի՞նչը կցանկանայիք փոխել։

-Խնդիրները դատաիրավական համակարգում և, առհասարակ, Հայաստանի Հանրապետությունում, երևի թե հաճախ կատարվող օրենսդրական փոփոխություններն են, որոնք երբեմն հանգեցնում են դատաիրավական համակարգում իրավական խառնաշփոթի։ Լինում են դեպքեր, երբ նույնիսկ դատավորը չի հասցնում հետևել օրենսդրական փոփոխություններին պարզապես այն պատճառով, որ դրանք բավական հաճախ են կատարվում, իսկ դատավորների կողմից օրենդրական դաշտի պատշաճ և խորը չուսումնասիրությունը կարող է հանգեցնել շատ բացասական հետևանքների։ Ես կարծում եմ, որ այս խնդրի լուծումը, իմ պատկերացմամբ, պետք է լինի օրենքների կայունությունը, և դա պետք է ապահովվի օրինաստեղծ գործունեությանը դատավորներին ներգրավելու եղանակով, հատկապես, եթե այդ օրենքները վերաբերում են դատարանի գործունեությանը։

Մենք հաճախ ենք վկայակոչում առաջադեմ երկրների լավագույն փորձը և նաև երբեմն այդ փորձն ուղենշային է լինում մեր երկրում ինչ-որ նոր ինստիտուտներ, կառուցակարգեր ներդնելիս։ Ես հատկապես կցանկանայի վկայակոչել անգլիական իրավական համակարգը, որը կիրառվում է ինչպես Անգլիայում, այնպես էլ, օրինակ՝ Ուելսում։ Բուն էությունն այն է, որ օրենքները մշակվում են հենց դատավորների կողմից՝ դատարաններում, մինչդեռ մեր երկրում ոչ միայն օրենքների մշակման գործունեությանը չեն ներգրավում դատավորներին, այլ նաև երբեմն անհրաժեշտ բավարար ժամանակն էլ չեն տրամադրում օրենքների նախագծերին ծանոթանալու և դիտողություններ ներկայացնելու համար։ Իսկ երբ օրենքների կիրառման ժամանակ ի հայտ են գալիս խնդիրներ, իսկ այդ խնդիրները բարձրացվում են միանշանակ դատավորների կողմից, երևի թե համապատասխան մարմինները նոր սկսում են հասկանալ դատավորներին չներգրավելու բացասական հետևանքները։ Բայց, միևնույնն է, չեն փոխում գործելաոճը։

Փոփոխությունների մասին կարող եմ շատ նշել։ Օրինակ, շատ կցանկանայի, որ փոփոխվի դատական ակտերին ներկայացվող պահանջները։ Ընդհանուր կանոնի համաձայն, դատարանները պետք է կայացնեն պատճառաբանված դատական ակտեր, իսկ դրա կարևորությունը կայանում է նրանում, որ ընթերցողն ի վերջո հասկանա, թե դատարանը ինչ եզրահանգման է եկել, որ իրավանորմերով է ղեկավարվել և նաև հնարավորություն է տալիս վերադաս դատական ատյանի կողմից գնահատել տվյալ դատական ակտի հիմնավորվածությունը և օրինականությունը։ Բայց, օրենսդրորեն հստակ ամրագրված չէ, թե այդ պատճառաբանվածությունը ի՞նչ աստիճանի պետք է կատարվի, արդյո՞ք դատարանը պետք է անդրադառնա կողմերից յուրաքանչյուրի փաստարկներին, եթե՝ ոչ, ապա կոնկրետ ո՞ր փաստարկներին։ Եվ, քանի որ օրենսդրորեն հստակ ամրագրված չեն այս չափանիշները, դատարանները բոլոր դեպքերում փորձում են իրենց դատական ակտերում անդրադառնալ բոլոր հարցերի պատասխաններին, կողմերի փաստարկներին որոշակի դիրքորոշումներ հայտնել, որը պահանջում է բավականին երկար ժամանակ։ Մինչդեռ, մեր դատավարական նորմերի համաձայն, պարտավոր ենք դատական ակտը կողմերին հանձնել 5 օրում։ Այս ժամկետը լիովին արդարացված է դատական ակտը զուտ կողմին հասու դարձնելու և դրա բողոքարկման իրավունքի իրացումը ապահովելու տեսանկյունից։ Բայց արդարացված չէ՝ որակյալ, պատճառաբանված դատական ակտ ներկայացնելու տեսանկյունից։

Մյուս փոփոխությունը, որ շատ կուզենայի, որ մեր երկրում ի վերջո ներդրվեր,  երդվյալ ատենակալների միջոցով հասարակության ներգրավումն է արդարադատության իրականացման հարցում։ Թող տպավորություն չստեղծվի, որ այս փոփխությամբ ցանկանում եմ արդարադատության իրականացման պատասխանատվությունից խուսափել, բնավ՝ ոչ, ուղղակի վստահ եմ, որ այս փոփոխությամբ էականորեն կբարձրանա դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահությունը։

Ինձ համար ամենանախըտրելի դատաիրավական համակարգը  ԱՄՆ-ին է։ Այնտեղ այս համակարգը ներդրված է դեռևս 1791 թ-ից և, ընդ որում, դա Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է, որ մեղադրյալը պահանջի, որպեսզի իր վերաբերյալ գործը քննվի երդվյալների դատարանի կողմից։ Այս համակարգը լայնորեն կիրառվում է նաև Վրաստանում, բայց որոշակի կատեգորիայի գործերի, օրինակ՝ ցմահ ազատազրկում նախատեսող գործերի, բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների գործերով։

Մյուս փոփոխությունը, որ ևս շատ կցանկանայի ներդրվեր՝ մասնագիտացված տեղային դատարանների ստեղծումն է։ Ես վստահ եմ, որ մասնագիտացված տեղային դատարաններ ունենալով մենք կապահովենք բարձր պրոֆեսիոնալիզմով քննված գործերի պատշաճ որակ, նաև կապահովենք արդար դատաքննության իրավունքի մի շարք բաղադրատարեր, այդ թվում նաև գործը ողջամիտ ժամկետում քննելու կարևորագույն պահանջը։ Այսօր, գիտեք, որ դատարաններում կա գերծանրաբեռվածության խնդիր և դրա պատճառով երբեմն պարզապես հնարավոր չի լինում ապահովել այդ սկզբունքը, իսկ Եվրոպական դատարանի մեկանաբանության համաձայն՝ ուշացած արդարադատությունը համարվում է մերժված արդարադատություն։

-Ձեր կողմից նշված` դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրը լուծելու համար հունվարի 25-ից գործում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության մեկ դատարանը և քրեական գործերն այսուհետ 3 դատարանում կքննվեն։ Դուք Կենտրոնի նստավայր եք տեղափոխվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանից, ինչ-որ դժվարություններ առաջացե՞լ են։

-Ես այս փոփոխություններն, ընդհանուր առմամբ, դրական եմ համարում։ Չնայած նրան, որ այս փոփոխությունների վերաբերյալ կարծիքներն իրոք խիստ հակասական են, բայց ես գտնում եմ, որ վաղաժամ է բացասական կարծիք հայտնելու համար, որովհետև կարելի է պարզապես արդյունքների տվյալներն ունենալ՝ թեկուզ մեկ տարի անց և գնահատել այս օրենքի ընդունման հետևանքները։ Ես խնդիրներ չեմ տեսել, միգուցե եղել են զուտ տեխնիկական ինչ-որ չնչին խնդիրներ՝ պայմանավորված գույքի կամ գործերի տեղափոխման, նոր աշխատասենյակի, դրա վերանորոգման հետ։ Բայց այդ տեխնիկական խնդիրները չեն կարող ազդել թե՛ մեր տրամադրության, թե՛ մեր աշխատանքային գործունեության վրա։

-Ես նկատում եմ, որ Ձեր սեղանին աշխատանքային իրերից բացի այլ իրեր, կամ նկարներ, հուշանվերներ չկան։ Ինչպես դուք նշեցիք՝ աշխատանքը և անձնականը իրար չխառնելու հարցով  պայմանավորված, թե՞ նոր եք տեղափոխվել այս սենյակ, և դա է պատճառը։

-Իրոք, ես աշխատանքային սենյակում ավելորդ որևէ իր երբեք չեմ ունեցել։ Ինձ համար պետք է լինեն զուտ աշխատանքային պայմաններ՝ իմ աշխատանքային գործունեությունը ծավալելու համար։ Որևէ իր, արձանիկ, նկար․․․ հաստատ անհրաժեշտ չեն իմ գործունեությունը պլանավորելու կամ գործերը քննելու համար։

Հարցազրույցը՝ Ալիսա Չիլինգարյանի
Լուսանկարները՝ Հայկ Կարապետյանի

Իրավաբան.net