ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «Հայաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիա» ՀԿ-ները դատապարտում են ՀՀ առողջապահության նախարարության որդեգրած վարվելակերպն առանց պատշաճ կարգի պահպանման դեղատոմսերի դուրս գրման վերաբերյալ։
Մասնավորապես, սույն թվականի փետրվարի 28-ին, ի կատարումն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի պահանջների, ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումը, որով սահմանվում են դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու և դեղերի ու դեղանյութերի հաշվառման կարգերը։ Նշենք, որ այս որոշմամբ սահմանված չեն դեղատոմսով և առանց դեղատոմս դուրս գրվող ցանկերը։
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի, մասնավորապես՝ վերջինիս 16-րդ հոդվածի 25-րդ մասի վերլուծությունից պարզ է դառնում, որ դեղատոմսով և առանց դեղատոմս դուրս գրվող ցանկերը պետք է սահմանվեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարարի։ Բացի այդ, նշյալ նորմով դրված է այդ ցանկերի հրապարակայնության և նշյալ նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրման պահանջ։
Հարկ է նշել, որ թեև ՀՀ առողջապահության նախարարության կայքում հրապարակված են դեղատոմսով և առանց դեղատոմսի բաց թողնված դեղերի ցանկերը, սակայն, նշված չէ այն իրավական ակտը, այն է՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, որով նախատեսված են այդ ցանկերը։ Այս կապակցությամբ ուշագրավ է այն, որ պաշտոնական տեղեկագրի կայքում՝ arlis.am –ում առկա են ՀՀ առողջապահության նախարարի գործող երկու նույնանուն հրամաններ՝ ՀՀ-ում առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը հաստատելու մասին։ Զավեշտալին կայանում է նրանում, որ վերոնշյալ երկու հրամաններն ընդունվել են 2005 և 2007 թվականներին՝ ի կատարումն «Դեղերի» հին օրենքի, որն ուժը կորցրել է «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմամբ՝ 2016 թվականի մայիսի 17-ին։ Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի՝ անվավեր ճանաչված իրավական ակտի կատարումն ապահովված այլ իրավական ակտերի համապատասխան դրույթները կորցնում են իրենց իրավաբանական ուժը` վիճարկվող ակտի ուժը կորցնելու հետ միաժամանակ:
Վերոնշյալը նշանակում է, որ այս պահին չկա որևէ գործող իրավական ակտ, որը կարող է հիմք հանդիսանալ դեղերը դեղատոմսով կամ առանց դեղատոմս դասելու ցանկերին, որի արդյունքում փաստացի չի կարող ապահովվել «Դեղերի մասին» օրենքով և ՀՀ կառավարության փետրվարի 28-ին ուժի մեջ մտած N 1402-Ն որոշման պահանջները։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից պարզ է դառնում որ ՀՀ օրենքներով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում ՀՀ նախարարները ընդունում են նորմատիվ հրամաններ: Տվյալ դեպքում, ինչպես վերը նշվեց, ՀՀ առողջապահության նախարարը պարտավոր էր հրաման կայացնել՝ դեղատոմսերը կամ առանց դեղատոմս դուրս գրվող ցանկերը սահմանելու վերաբերյալ։ Սակայն, ՀՀ առողջապահության նախարարի այսօրվա ասուլիսը դիտելիս պարզվեց, որ վերջինս ոչ միայն չի սահմանել նման իրավական ակտ, այլ առհասարակ տեղյակ չէ, որ ունի նման պարտավորություն։ Ավելին, վերջինս իր խոսքում նշեց, որ այդ իրավական ակտն ընդունվելու է ՀՀ կառավարության կողմից, փաստացի ընդունելով, որ նման ակտ դեռևս դե յուրե առկա չէ, այսինքն՝ բժիշկների, պացիենտների և դեղագործների վրա դրվում է ոչ իրավաչափ պահանջ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից՝ անձը պարտավոր չէ կատարել իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած իրավական ակտի պահանջները: Անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած իրավական ակտի պահանջների խախտման համար:
Հարկ է հավելել, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի համաձայն՝ իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտը պաշտոնատար անձանց կողմից կիրառելը համարվում է պաշտոնեական լիազորությունների սահմանի անցում և առաջացնում է օրենքով նախատեսված քրեական պատասխանատվություն: Իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտը կիրառելը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներին, ազատություններին, արտոնություններին վերաբերող իրավական ակտերը սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակելը կամ դրանք չտրամադրելը կամ դրանց տրամադրմանը խոչընդոտելը, սահմանված կարգով ուժի մեջ մտած և գործող իրավական ակտի կատարմանը խոչընդոտելը կամ դրա կատարումն ապահովելու համար լիազորված պաշտոնատար անձի կողմից համապատասխան միջոցներ չիրականացնելն առաջացնում է օրենքով սահմանված վարչական, քրեական և կարգապահական պատասխանատվություն:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 14-րդ հոդվածի համաձայն՝ Պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են ․․․ բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Ամփոփելով, նշենք, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքն ունի բավականաչափ թերացումներ և բացեր, որոնք խոչընդոտ կհանդիսանան վերջինիս արդյունավետ կիրառման համար և կբերեն կոռուպցիոն ռիսկերի։ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «Հայաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիա» ՀԿ-ները առաջարկում են ստեղծել (ad-hoc) ձևաչափով աշխատանքային խումբ նշյալ թերացումները և բացերը շտկելու ուղղությամբ և հայտնում են իրենց պատրաստակամությունը մասնակցել այդ խմբի աշխատանքներին։