Իրավաբանների հայկական ասոցիացիայի փաստաբան, կանանց իրավունքների հարցերով փորձագետ Մարիամ Զադոյանն այսօր՝ փետրվարի 26-ին, մասնակցեց ՕքսԵՋեն հիմնադրամի և «Եվրոպական համագործակցություն հանուն ժողովրդավարության» եվրոպական կազմակերպությունների միության (EPD) կողմից կազմակերպված «Երկխոսություն Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների շուրջ. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով միջոցառմանը, որը տեղի ունեցավ «Դաբլթրի բայ հիլթն» հյուրանոցի Փարիջի սրահում:
Հանդիպման նպատակն էր ծավալել երկխոսություն աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրների և դրանց հաղթահարմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների շուրջ՝ ոլորտի պատասխանատու պետական կառույցների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Քննարկումն իրականացվեց «Inspired+Հայաստան» ծրագրի շրջանակներում։ Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ Լուիզա Սարգսյանը և Շաքե Իսայանը, ներկայացուցիչներ ՀՀ առողջապահական պետական տեսչությունից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գրասենյակից, անկախ փորձագետներ և այլն։
Հանդիպման ընթացքում Մարիամ Զադոյանը բարձրաձայնեց գործնականում հաճախ ոտնահարվող կանանց աշխատանքային իրավունքներից մեկը՝ աշխատավայրում սեռական ոտնձգությունների արգելքը։ Վերջինիս խոսքերով՝ թեև «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է նշյալ նորմը լրացնել և սահմանել, թե ինչ է բռնությունը` «այն է՝ նրանց ֆիզիկական և (կամ) հոգեկան և (կամ) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքի կամ դրա սպառնալիք», այնուամենայնիվ վերջինս սահմանվում է զուտ որպես սկզբունք և միայն դեկլարատիվ բնույթ կրող նորմ, և նախատեսված չեն գործուն մեխանիզմներ վերջինիս կիրառման նկատմամբ։ Մասնավորապես, Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի ՀՀ 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցների եզրափակիչ դիտարկումների համաձայն՝ առաջարկվում է մշակել գենդերային խտրականության և աշխատավայրում սեռական ոտնձգությունների վերաբերյալ բողոքների ներկայացման գաղտնի և անվտանգ համակարգ, և ապահովել զոհերի արդյունավետ հասանելիությունը փոխհատուցման միջոցներին, հաջորդ պարբերական զեկույցում ներառել տվյալներ սեռական ոտնձգությունների գրանցված դեպքերի թվի, հետաքննությունների, քրեական հետապնդումների և իրավախախտների վերաբերյալ կայացած դատավճիռների վերաբերյալ»:
«Inspired+»-ը Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որն իրականացվում է Եվրամիության արտոնությունների ընդհանուր համակարգից (GSP+) օգտվող աշխարհի 9 երկրներում, այդ թվում Հայաստանում, և նպատակ ունի ծավալել մասնակցային գործընթաց՝ սատարելու երկրների ջանքերն ուղղված ԵՄ-ի Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) անդամակցության հետ առնչվող միջազգային կոնվենցիաներով ամրագրված պարտադիր հանձնարարականների արդյունավետ իրականացմանը: Հայաստանում Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Եվրոպական համագործակցություն հանուն ժողովրդավարության» եվրոպական կազմակերպությունների միության (EPD), Համաշխարհային առաջնորդական դաշինք-Մադրիդի ակումբի (Club de Madrid (CdM)) և Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի (NIMD) հետ համատեղ :
Լուսանկարները Oxygen-ի ՖԲ կայքից