Երազել և հավատալ, որ անհնարին, անիրականանալի ոչինչ չկա աշխարհում․ նույնիսկ կոռուպցիայի դեմ կարող ես հաղթել, եթե կա հավատ ու կամք։ Այս սկզբունքով են ուսուցանվելու 2018 թվականի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի մասնակիցները։ Հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) կողմից` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցայի հետ համագործակցությամբ: Դպրոցի առաջին օրը ներածական էր, դպրոցի ունկնդիրները դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանի օգնությամբ կատարեցին SWOT վերլուծություն` պարզելու հակակոռուպցիոն պայքարում Հայաստանի Հանրապետության ուժեղ և թույլ կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները: Նշենք, որ դպրոցը տևելու են շուրջ մեկ տարի․ դպրոցի ավարտը նախատեսվում է այս տարվա դեկտեմբերին։ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի մասնակիցներ են ընտրվել կոռուպցիայի դեմ պայքարով և բարեխղճության սկզբունքների տարածման, հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման, Հայաստանում հակակոռուպցիոն միջավայրի ու մշակույթի փոփոխման հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդներ: Դպրոցում սովորելու ընթացքում մասնակիցները ունկնդրելու են հակակոռուպցիոն թեմատիկ դասախոսություններ, ունենալու են ակումբային քննարկումներ և հյուր դասավանդողներ, այցելելու են տարբեր պետական մարմիններ, հասարակական, միջազգային և բիզնես կազմակերպություններ՝ տեղում ծանոթանալու նշված մարմինների հակակոռուպցիոն գործունեությանը և բարեխղճության սկզբունքների կիրառմանը: