Փետրվարի 8-ին կառավարության նիստին գործադիր մարմնի անդամները հավանություն տվեցին որոշման նախագծին, որը վերաբերում էր կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի 526-Ն որոշման մեջ փոփոխությունների և լրացումների կատարմանը։
Որոշման նախագիծը ներկայացվեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից։ Այս որոշմամբ կարգավորվում է պետական գնումների գործընթացի կազմակերպման ժամանակ առաջացած այն խնդիրը, երբ մինչև 70 միլիոն դրամ գնումներ իրականացնելու դեպքում պահանջվում էր միակողմանի տուժանքի ձևով հայտի ապահովում։ Այս խնդրի մասին բարձրձայնել է Իրավաբանների հայկական ասոցիացիան և առաջարկել փոփոխություն կատարել։
«Այս հարցը նաև բխում է Ձեր հանձնարարականից։ Նախորդ տարի, երբ ներդրեցինք գնումների նոր համակարգ, եղավ հանձնարարություն, որ համակարգը մշտապես պահենք մեր դիտակետում, որպեսզի ընթացքում որևէ խնդիրներ առաջանալու պարագայում արագ լուծումներ տանք, ընդ որում՝ համագործակցելով հասարակական կազմակերպությունների հետ։ Պետք է զեկուցեմ, որ մենք շատ ակտիվ աշխատում ենք «Իրավաբանների հայկական ասոցիացա» ՀԿ-ի և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» ՀԿ-ի հետ։ Եվ այն կարգավորումները, որոնք նախագծում տրված են, նաև իրենց կողմից բարձրացված խնդիրներին է վերաբերում»,-ասաց նախարարը։
Վարդան Արամյանը նշել է, որ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մինչև 70 միլիոն դրամ գնումներ իրականացնելու դեպքում պահանջվում էր միակողմանի տուժանքի ձևով հայտի ապահովում, ինչը ձևական բնույթ է կրում և ոչ էական թերությունների պատճառով մերժվում են մասնակիցների հայտերը, ինչի հետևանքով նվազում է պետական գնումների մասնակցության մակարդակը։
«Նաև ՀԿ-ներն են դա փաստում, որ եթե որևէ մասնակից պատշաճ ձևով չի մասնակցում գնումներին և մենք անմիջապես սև ցուցակ ենք գցում նրան, տուժանքի այս ձևն իր նպատակին չի ծառայում, դրա համար մենք սա հանում ենք»,-ներկայացրեց Արամանյանը։