ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի, Իրավաբանների հայկակական ասոցիացիայի և քաղհասարակության մյուս ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել է ազդարարման ինստիտուտի ներդրման և ազդարարման վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքների մասին հանրային քննարկումների շարքը:
Քննարկումները կազմակերպվել են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի աջակցությամբ: Քննարկումներին ակտիվորեն մասնակցել են հասարակական կազմակերպությունների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում են ազդարարման նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքին, չազդարարելու բացասական հետևանքներին, կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ ազդարարելու պատրաստակամությանը և այլ հարցերին:
Անդրադառնալով ներկայացված հարցման արդյունքներին՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Մարատ Ատովմյանը նշել է, որ այս հարցում կարևոր է մարդկանց իրավագիտակցության մակարդակի բարձրացումը։
«Շատ դեպքերում ազդարարումը նույնացվում է «կլյաուզնիկության» հետ, գործ տալու հետ, այսինքն, դրանք ինչ-որ հոգեբանական խնդիրներ են, և այստեղ շատ աշխատանքներ կան կատարելու՝ կարծրատիպերը կոտրելու հետ կապված: Ուղղակի երբ պետությունում ամեն ինչ փոխկապակցված է, ապա դժվար է բարեփոխումներ անել միայն ազդարարաման համակարգում: Ավելի համակարգային մոտեցում է պետք և հենց դպրոցից»,- նշել է նա:
Այնուհետև, հանդիպման մասնակիցների միջև ծավալվել է քննարկում հակակոռուպցիոն քաղաքականության կատարելագործման և ազդարարման ինստիտուտի առավել արդյունավետ մեխանիզմների ներդրման վերաբերյալ: