Բնակչության միայն 9 տոկոսն է պատրաստ ահազանգել կոռուպցիոն դեպքերի մասին․ սրա մասին վկայում է արդարադատության նախարարության կողմից կատարված հետազոտությունը՝ Հայաստանում նոր ներդրվող ազդարարման ինստիտուտի վերաբերյալ․ «Պետք է փոխել հասարակության հանդուրժող վերաբերմունքը կոռուպցիոն երևույթների նկատմամբ։ Փոխել վերաբերմունքը ազդարարման ինստիտուտի վերաբերյալ»,- այս մասին այսօր ասաց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը՝ արդարադատության նախարարության և Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) հետ համատեղ կազմակերպմված միջոցառման ժամանակ։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Մարատ Ատովմյանն իր խոսքում նշեց, որ նախարարության հգետ համագործակցության արդյունքում է ներդրվել ազդարարման ինստիտուտը, որը մի շարք երկրներում գործարկվում է և դրական արդյունքներ ունի։ Եվ ներկայումս հասարակության հանդուրժող վերաբերմունքը կոռուպցիայի հանդեպ կարող է փոխվել այն ժամանակ, երբ կլինեն հաջողության օրինակներ՝ ազդարարման արդյունքում կոռուպցիոն դեպքը կբացահայտվի, ստացված վնասները կփոխահատուցվեն և համապատասխան պատիժն էլ կլինի։ Այսպես է եղել Հոնգ Կոնգում, որտեղ ազդարարման ինստիտուտը հաջողությամբ է գործում։
Նշենք, որ ազդարարման ինստիտուտի ներդրումը Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհային քարտեզի կետերից մեկն էր, որը ներկայացվել էր կառավարությանը 2016 թվականին։