Հունվարի 16-ին տեղի ունեցավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) խորհրդի հերթական նիստը։ Նիստը նախագահող, ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը խորհրդի անդամներին ներկայացրեց 2017 թվականին կատարված աշխատանքները թիրախային մի շարք ոլորտներում։ Մասնավորապես, հակակոռուպցիոն պայաքարի ոլորտում ԻՀԱ-ի ջանքերով էական բարեփոխումներ են կատարվել․ նախորդ տարվա ընթացքում օրինական ուժի մեջ մտան պետգնումների ոլորտում ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված դրույթները, ապօրինի հարստացման քրեականացման դրույթը, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կանխիկ գործարքկներ կատարելու սահմանափակումը, ազդարարաների համակարգի մասին օրենսդրությունը, և այլն։
Հատկանշական է այն, որ 2017 թվականի ընթացքում գործարկվել է նաև bizprotect.am կայքը, որի միջոցով սկսել է գործել ազդարարների ինստիտուտը։ Բիզնես ոլորտի ներկայացուցիչները կայքի միջոցով հնարավորություն են ստացել անանուն կերպով ահազանգեկլ խնդիրների, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Արդեն իսկ կան հաջողված պատմություններ, երբ գործարարի ահազանգի շնորհիվ խնդիրը լուծվել է։
ԻՀԱ-ի թիրախային ոլորտ է նաև քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացումը։ Ներկայումս ԻՀԱ-ի ղեկավարությամբ ՔՀԿ-ների կոնսորցիումի կողմից իրականացվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որի նպատակը ՔՀԿ-ների ազդեցիկության բարձրացումն է փաստարկված հանրային քաղաքականությունների մշակման հարցերում։
Խորհրդի նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր ԻՀԱ-ի կանոնադրությամբ նախատեսված գործունեության հիմնական ոլորտների համակարգման և խորհրդի կազմից պատասխանատուներին նշանակման հարցին։
Խորհուրդը քննարկեց և հաստատեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի 2018-2021 թվականների ռազմավարական պլանը։
Նիստի օրակարգային հարցերից էր նաև ԻՀԱ-ի կողմից գործարկվող անկախ մասնագիտական լրատվական կայքի՝ Իրավաբան․net-ի գլխավոր խմբագիր նշանակելու հարցը։ ԻՀԱ խորհրդի անդամների կողմից գլխավոր խմբագիր նշանակվեց Աստղիկ Կարապետյանը։
Հայտնի է, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն, ՀԿ-ները պետք է կանոնադրությունը վերանայեն և համաձայնեցնեն օրենքի դրույթներին։ ԻՀԱ խորհուրդը որոշեց նաև փետրվարի 2-ին համաժողով հրավիրել և քննարկել ԻՀԱ կանոնադրական փոփոխությունների իրականացման հարցը քննարկել։
Նիստի ընթացքում քննարկվեցին այլ հարցեր ևս: