Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր՝ հունվարի 15-ին, մեկնարկեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված կրթական հավաստագրային ծրագրի 5-րդ փուլը։
Այս փուլում մասնակցում են Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Վայոց Ձորի մարզերի, ինչպեսև Երևանի 15 ՔՀԿ-ների 19 ներկայացուցիչներ։
Կրթական նոր ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որի նպատակը Հայաստանում քաղհասարակության ձայնը հանրային քննարկումների ժամանակ լսելի դարձնելն է, նրանց նոր հմտություններ սովորեցնելը՝ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ արդյունավետ երկխոսություն կառուցելու համար։
Ծրագրի ՔՀԿ-կառավարություն երկխոսության համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց ծրագրի նպատակները, թիրախային ոլորտները․ «Մեզ համար կարևոր է խնդիրների վերհանումը, որոնք պետք է իրականացվեն հասարակական կազմակերպությունների և կոալիցիաների կողմից, դրանց վերաբերյալ հանրային քաղաքականությունների մշակումը, որը պետք է նաև զուգորդվի մոնիթորինգների իրականացմամբ և կառավարության իրավասու մարմինների հետ կայուն երկխոսությամբ»,-նշեց նա։ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց նաև, որ ծրագրի շրջանակներում դրամաշնորհային մրցույթներ են նախատեսված ՔՀԿ-ների համար, որոնց կկարողանան մասնակցել այս կրթական ծրագրի շրջանավարտ ՔՀԿ-ները։
Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: