Այսօր Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամները հանդիպում ունեցան ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, որի ժամանակ քննարկվեցին առաջարկությունները։ Հանդիպում-քննարկմանը ներկա էին նաև գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը, խորհրդական Գոռ Աբրահամյանը և կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արսեն Սիմոնյանը։
Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ դատախազության և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև ստորագրված համագործակցության հուշագրի առաջնահերթությունների շրջանակում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում հանրային իրազեկվածության, մասնակցության ապահովման առավել արդյունավետ կառուցակարգեր մշակելուն, նախատեսված համատեղ միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր:
Արթուր Դավթյանն իր խոսքում նշեց, որ լրջորեն է վերաբերում Կոալիցիայի գործունեությանը և կոալիցիայի հետ կոռուպցիոն հանցագործությունների, դրանց դեմ քրեաիրավական պայքարի արդյունքների շուրջ տեղեկատվության օպերատիվ, ակտիվ փոխանակման անհրաժեշտությունը: Այն նշանակալի ազդեցություն կունենա ինչպես ազդարարի ինստիտուտի կայացման, այնպես էլ՝ ապօրինի հարստացման հնարավոր դեպքերի բացահայտման, պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներկայացվող տվյալների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու ուղղություններով:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, կարևորելով դատախազության հետ հակակոռուպցիոն պայքարի ոլորտում համագործակցությունը, շեշտել է ՔՀԿ-ներ-ԶԼՄ-ներ-Դատախազություն շփումների գործնական հարթակ ձևավորելու անհրաժեշտությունը։
Օրինակ,առաջարկեց նաև դատախազության կայքում ստեղծել հնարավորություն, որպեսզի քաղաքացիներն անձամբ հնարավորություն ունենան ԶԼՄ հրապարակման հղումներ փոխանցել և հատուկ ուշադրություն հրավիրել կոնկրետ հրապարակումների վրա, ինչպես դա նախատեսված է ազդարարաների ինստիտուտի դեպքում։ Նա հավելեց նաև, որ Կոալիցիան և Իրավաբանների հայկական ասոցիացիան կանգնած են ազդարարների ինստիտուտի ներդրման ակունքներում և բազմիցս նշել են, որ ազդարարաման համակարգը պետք է գործարկվի և վերահսկվի միայն մեկ մարմնի կողմից, որը պետք է լինի գլխավոր դատախազությունը։
Կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիան արդեն իսկ մշակել և գլխավոր դատախազության են ներկայացրել իրավական փաստաթուղթ, որով մի շարք առաջարկություններ են ներկայացված հատկապես կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների հիման վրա քրեական գործերի հարուցման մեխանիզմների, չափանիշների վերաբերյալ։
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել դրանց շուրջ առաջիկայում աշխատանքային ձևաչափերով ավելի առարկայական քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ: