Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր՝ դեկտեմբերի 25-ին, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) 15 ներկայացուցչի համար մեկնարկել է ՔՀԿ կարողությունների զարգացմանն ուղղված կրթական հավաստագրային ծրագիրը։ Մասնակիցներն այս անգամ Լոռու և Շիրակի մարզերից, ինչպեսև Երևանից են։
Կրթական ծրագիրն իրականցվում է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Նպատակը Հայաստանում քաղհասարակության շրջանում կայուն և արդյունավետ հմտությունների զարգացումն է՝ երկխոսություն սկսել կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։
«Արդյունավետ կառավարման դեպքում կարևոր է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ լավ գործընկերությունը, ինչը նոր որակ է բերում կառավարման համակարգում: Դա մենք վաղուց զգացել ենք՝ որպես տեղական իշխանություններ։ Շատերը հաջողում են, երբ օգտվում են հատկապես փորձառու հասարակական կազմակերպությունների աջակցությունից՝ ծրագրերի մշակման և իրականացման ժամանակ, և այդ դեպքերը բազմաթիվ են»,- կրթական ծրագրի 4-րդ փուլի բացմանն իր ողջույնի խոսքում ասաց Հայաստանի համայնքների միության նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացնող կոնսորցիումի անդամ Էմին Երիցյանը։
Ծրագրի ավարտից հետո դասընթացի մասնակից ՔՀԿ-ները հնարավորություն կունենան մասնակցելու դրամաշնորհային մրցույթներին։
Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: