Առանց փողկապի քննարկում ֆինանսների փոխնախարարի հետ՝ պետգնումների ոլորտի հարցերի շուրջ

Առանց փողկապի և անկաշկանդ միջավայրում այսօր ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները և  բիզնեսի ու նրանց շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական ու բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր սուրճի սեղանի շուրջ քննարկեցին պետական գնումների ոլորտում նկատված խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունները:
 
Հանդիպմանը մասնակցում էին փոխնախարար Կարեն Թամազյանը և պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը:
 

Հանդիպումը կազմակերպվել էր «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ) կողմից:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ Մարիամ Զադոյանը խոսեց armeps համակարգի user-friendliness-ի բարձրացման և հայտերի ապահովումը թերի ներկայացնելու դեպքում այն շտկելու հնարավորության չտրամադրամն մասին։ Սերգեյ Շահնազարյանը այս կապակցությամբ նշեց, որ ներկայումս այս և նմանատիպ խնդիրները վերացնելու ուղղությամբ ֆինանսների նախարարության կողմից մշակվել է օրենդրական փոփոխությունների նախագիծ, որի համաձայն, մինչև 70 միլիոն արժեք ունեցող տենդերների դեպքում հայտի ապահովման ներկայացման պահանջը հանվել է: Այս փոփոխությունը ուղղված է փոքր և միջին բիզնեսի զարգացման խթանմանը։

Մարիամ Զադոյանը ներկայացրեց նաև հակամրցակցային համաձայնություններից ամենահաճախ հանդիպող դրսևորման ձևերից մեկի՝ Bid Rigging-ի դեմ պայքարի լուծման ուղղված գործիքները՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա։ Վերոնշյալը ընկերությունների մի խմբի կողմից գաղտնի համաձայնություններն են պետական տենդերներում առաջարկվող ապրանքների կամ ծառայությունների գնի բարձրացման և որակի իջեցման վերաբերյալ։

Կարեն Թամազյանը ներկայացրեց օրենսդրական վերջին փոփոխությունները՝ հատկապես շեշտադրելով թափանցիկության բարձր մակարդակին ուղղված վերջին գործիքների ներդրումը։ Նա նշեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բաց է բիզնեսների խնդիրները լսելու համար։
Հաջորդիվ բիզնեսները բարձրացրեցին իրենց խնդիրները։

Հանդիպման ավարտին քննարկվեցին հանդիպմանը ներկա բիզնեսի ներկայացուցիչններին հետաքրքրող այլ հարցեր։

Նշենք նաև, որ ծրագրի շրջանակներում գործարկվում է  bizprotect.am կայքը, որը հնարավորություն է տալիս ահազանգել բիզնեսի զարգացմանը խոչընդոտող խնդիրների մասին, որից հետո մասնագետները ուսումնասիրում են հայտը և արագ արձագանքում դրան: Կայքը հնարավորություն է տալիս խնդրի մասին տեղեկացնելու նաև անանուն: Կայքի ստեղծողները միջազգային ստանդարտներն ու փորձը հաշվի առնելով հոգացել են, որպեսզի որևէ մեկը (այդ թվում նաև իրավապահները) չկարողանան հայտնաբերել ահազանգի հեղինակին:  Ստեղծվել է նաև bizprotect.am կամ bizpashtpan.am բջջային հավելվածը, որի դեպքում հնարավոր է խնդրի մասին ահազանգել առավել արագ: Հավելվածը հնարավորություն է տալիս ոչ միայն տեքստային տեղեկություններ փոխանցել, այլև լուսանկարներ, փաստաթղթեր: