«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում նորամուծությունները բազմաթիվ են և մի շարք պարտավորություններ են սահմանված ՀԿ-ների համար։ Պետությունը մինչև հաջորդ տարվա փետրվարի 4-ը ժամանակ է տվել ՀԿ-ներին իրենց կանոնադրությունը նոր օրենքին համապատասխանեցնելու և իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցելու համար․ «Իհարկե, սա չի նշանակում, թե փետրվարի 4-ից հետո պատժամիջոցներ կկիրառվեն այն ՀԿ-ների հանդեպ, որոնք իրենց կանոնադրությունը մինչ այս համապատասխանեցրած չեն լինի օրենքին»,- օրենքի նորամուծությունների վերաբերյալ դասընթաց-քննարկման ժամանակ ասաց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ինկուբատորների համակարգող, իրավաբան Մարատ Ատովմյանը։ Նշենք, որ ՀԿ ներկայացուցիչների համար նախատեսված դասընթացն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի շրջանակներում նաև տրամադրվում է անվճար իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն․ «Դասընթացն արդյունավետ է, քանի որ մատչելի եղանակով ներկայացվեցին բոլոր այն նորամուծությունները, որոնց մասին մենք պարտավոր ենք իմանալ։ Եվ գնահատելի է ոչ միայն նման դասընթացի կազմակերպումը, այլև այն, որ կարող ենք հետադարձ կապ ունենալ, հարցերի դեպքում կապվել և պրակտիկայում լուծել խնդիրը»,- ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ ներկայացուցիչ Լիլիթ Հովհաննիսյանը։ Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված ծրագրի ղեկավար, «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգայի կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Սուրեն Մխիթարյանը նշեց, որ այս քննարկման ժամանակ վեր են հանվում օրենսդրական խնդիրները: «Օրենքում դեռևս հստակեցման կարիք ունեցող կետեր կան: Մենք զբաղվում ենք սոցիալական ձեռնարկատիրության զարգացմամբ, և օրենքն էլ նախատեսում է ՀԿ-ների համար ձեռնարակտիրությամբ զբաղվելու իրավունք և այս մասով դեռևս քննարկում եղավ, կլինի նաև հետագայում․․․»,- ասաց Սուրեն Մխիթարյանը: Նշենք, որ Երևանում, Շիրակի, Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում ՀԿ ներկայացուցիչների համար դասընթացներն ու անվճար իրավաբանական խորհրդատվությունները իրականացվում են Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: