2017թ․ հոկտեմբերի 18-ին ՀՀ փաստաբանների պալատը քննարկում էր նախաձեռնել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Կլոր սեղան-քննարկմանը ներկա էին ինչպես պալատի ներկայացուցիչները, այնպես էլ ոստիկանությունունից, ՄԻՊ գրասենյակից, հասարակական տարբեր կազմակերպություններից հրավիրյալներ:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մտահոգություն է հայտնել նախագծում զետեղված խնդրահարույց դրույթների վերաբերյալ և տեղեկացրել, որ աշխատանքային խումբ է ստեղծվել և փորձելու են բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ համատեղ ուժերով գործնական առաջարկություններ ներկայացնել:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Զադոյանը նշել է, որ օրինագծի ընդունման անհրաժեշտությունն առկա է, քանի որ ներկայիս օրենսդրությամբ բացակայում են այնպիսի լծակներ, որոնց միջոցով հնարավոր կլինի կանխել ընտանեկան բռնությունը: Մյուս կողմից, փաստաբանը կիսեց իր գործընկերների կողմից բարձրացված այն մտահոգությունը, որ նախագծում մի շարք դրույթներ անկատար են, հետևաբար հայեցողությունների և կոռուպցիոն ռիսկերի տեղիք են տալիս: Մարիամ Զադոյանը նաև բարձրաձայնել է այն հարցը, որ որպես «հոգեբանական բռնություն» անհրաժեշտ է նաև դիտարկել կնոջը իր կամքին հակառակ հղիության արհեստական ընդհատումներին հարկադրելը, ներառյալ` սեռով պայմանավորված: