Այսօր տեղի ունեցավ ՀՀ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:
Նիստի ընթացքում Խորհրդին կից գործող անկախ փորձագիտական հանձնախմբի պետական եկամուտների հավաքագրման և առողջապահության փորձագետները ներկայացրել են ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում՝ պետական եկամուտների հավաքագրման ոլորտի հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով՝ 19 կոռուպցիոն խնդրի լուծմանն ուղղված 33 միջոցառումները և առողջապահության ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը/նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրով նախատեսված 20 կոռուպցիոն խնդրի ուղղված միջոցառումները:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը բարձր գնահատեց փորձագետների կողմից կատարված աշխատանքը՝ ներկայացնելով որոշ դիտարկումներ: Այնուհետև, Կարեն Զադոյանի առաջարկությամբ Խորհրդի նախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից հանձնարարական տրվեց ՊԵԿ-ին՝ առաջիկա վեց ամսում իրականացնել Հայաստանում մասնավոր դետեկտիվների ինստիտուտի ներդրման նպատակարահարմարության վերաբերյալ ուսումնասիրություն, որը ներկայացվել է ՊԵԿ ոլորտի փորձագետի կողմից:
Խորհուրդը հաստատեց երկու ոլորտային հակակոռուպցիոն ծրագրերը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան բաղկացած է շուրջ 90 անդամից, և հանդիսանում է ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ: