Առողջապահության, կրթության, ոստիկանության և պետական եկամուտների հավաքագրման ոլորտներում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան բարեփոխումների մի շարք առաջարկություններ է ներկայացրել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին, որոնց մի մասը ընդունվել են խորհրդին կից գործող փորձագիտական խմբի անկախ փորձագետների կողմից։ Այս առաջարկությունները խորհրդի կողմից հաստատվելուց հետո կներառվեն 2015-2018 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրում։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհրդի նիստը նախագահում էր Կառավարման խորհրդի նախագահ Թևան Պողոսյանը:
Այս մասին այսօր հայտնեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ կոալիցիայի կառավարման խորհրդի հերթական նիստին՝ ներկայացնելով կատարված վերջին աշխատանքներն ու դրանց արդյունքը։
Այնուհետև Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Մարիամ Զադոյանը կառավարման խորհրդի անդամներին ներկայացրեց նոր «Թափանցիկության խոստում» նախաձեռնությունը և դրան միանալու հարցը նպատակահարմարության հարցը։ Որոշվեց այս հարցը բարձրացնել և քննարկման առարկա դարձնել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում:
Նա նաև ներկայացրեց, թե ինչ փուլում են բիզնեսի ոլորտում կոռուպցիոն ռիսկերը կանխարգելելուն ուղղված առաջարկությունները․ դեռևս նախորդ տարի կոալիցիան շուրջ 100 առաջարկություն է ներկայացրել կառավարությանը, որոնց հիմնական մասը ընդունվել է, որոշ մասի վերաբերյալ սակայն հակասական պատասխաններ են ստացվել և անհրաժեշտություն կա հստակեցնելու։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց Հայաստանում ընդունվող իրավական ակտերի հակակոռուպցիոն ազդեցության գնահատման/փորձաքննության գործընթացում առկա խնդիրները, քննարկվեցին դրանց լուծման հնարավոր տարբերակները։
Կարեն Զադոյանը ներկայացրեց կառավարության 2017-2022թթ. ծրագրով նախատեսված՝ կոռուպցիոն հանցագործություններ քննող նախաքննական մարմինների ենթակայության և կոռուպցիոն հանցագործությունների քննության լիազորությունները մեկ մարմնին տրամադրելու հնարավորության հարցը և քննարկվեց այս հարցն ուսումնասիրելու ուղղությամբ առաջարկել Կառավարությանը առաջիկայում ստեղծել աշխատանքային խումբ` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մասնակցությամբ և հարցը քննարկման առարկա դարձնել նաև Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում:
Կառավարման խորհուրդը, քննարկելով բոլոր հարցերը, որոշեց դրանց ընթացք տալ առաջիկա շաբաթվա ընթացքում։