Սպառողական կոոպերատիվները պետք է դիտարկվեն առևտրային կազմակերպություններ. քննարկում Կապանում

Պետք է ոչ միայն ձուկը տալ, այլև սովորեցնել՝ ձուկ որսալու արհեստը. այս մասին այսօր ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ Կապանում կոոպերատիվների կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում առաջացող խնդիրների և ռիսկերի վերհանմանը նվիրված սեմինարի ժամանակ: Նրա խոսքով, պետք է մշակվեն այն օրենսդրական լուծումները, որոնք հնարավորություն կստեղծեն կոոպերատիվների ինքնուրույն և կայուն զարգացման համար:

Միջոցառումը կազմակերպվել էր «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ) կողմից:

Նախ ԻՏՁՄ իրավաբան Արկադի Սահակյանը ներկայացրեց ինովացիոն նոր հարթակը՝ bizpritect.am կայքը: Բիզնեսի խնդիրների և կոռուպցիոն ռիսկերի մասին հնարավոր է ահազանգել՝ մնալով անանուն և նպաստել խնդրի լուծմանը կամ հանցագործության բացահայտմանը:

Ներկաներից մեկի հարցին, թե արդյո՞ք ռիսկային չի լինի այն, որ զրպարտող տեղեկություններ կլինեն և կվնասեն այլ անձանց , Արկադի Սահակյանը պատասխանեց, որ այդ խնդիրը լուծված է. եթե տեղեկություն հայտնողը չի ներկայացնում էական նշանակություն ունեցող հանգամանքներ և տեղեկությունը անհիմն է, ապա դրան ընթացք չի տրվում:

Այնուհետև ԻՀԱ իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեությունը կարգավորող հայաստանյան օրենսդրությունը: Նրա խոսքով, գործող օրենքները լիարժեքորեն չեն կարգավորում կոոպերատիվների ձևավորման, գործունեության և լուծարման գործընթացի հարաբերությունները և ունեն կատարելագործման ու համալրման անհրաժեշտություն: Օրենսդրական բարեփոխումները էական նշանակություն կունենան կոոպերատիվների զարգացման և կայունության համար:

Կոոպերատիվներին առնչվող հայաստանյան օրենքները, ընդհանուր առմամբ չեն համապատասխանում Աշխատանքի միջազգային կազմակերպության 2002 թվականին ընդունված թիվ 193 առաջարկությանը (Հայաստանն անդամակցում է 1992 թվականից) և Կոոպերատիվների միջազգային դաշնության սահմանած դրույթներին:

ԻՀԱ իրավաբան Մարիամ Զադոյանը ներկայացրեց ոլորտում առկա խնդիրները, որոնք կարող են լուծվել օրենսդրական փոփոխությունների միջոցով: Նրա խոսքով, սպառողական կոոպերատիվները դիտարկվում են որպես ոչ առևտրային կառույցներ, նրանց արգելվում է ծավալել առևտրային գործունեություն, մասնավորապես` վաճառել կոոպերատիվների անդամների արտադրանքը:

Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում հասարակական կազմակերպություններին տրվել է ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավասություն, տրամաբանական է, որ համանման իրավասություն տրվի նաև սպառողական կոոպերատիներին: Այս կոոպերատիվներն իրենց գործունեության բնույթով նույնիսկ առավել մոտ են ձեռնարկատիրական գործունեությանը, քան հասարակական կազմակերպությունները:

Այս փոփոխությունը էապես կնպաստի սպառողական կոոպերատիվների գործունեության բարելավմանը, հնարավորություն կստեղծի ծառայություններ մատուցել ոչ անդամներին, կատարել համատեղ վաճառք, ձևավորել լրացուցիչ եկամուտներ:

ԻՀԱ Սյունիքի մարզային գրասենյակի իրավախորհրդատու Վաչե Բաղդասարյանը նշեց, որ Սյունիքի մարզում հետազոտության արդյունքում պարզել են, որ գյուղատնտեսական կոոպերատիվները 4 ուղղվածության են՝ անասնապահություն, հողագործություն, հացահատիկային բույսերի մշակում և խոտհարք:

Կոոպերատիվները ունեն հետևյալ խնդիրներ՝ կապված տեխնիկայի պակասության կամ դրա անսարքության դեպքում համապատասխան պահեստամասերի կամ տեխնիկայի սպասարկման համար համապատասխան մասնագետներ չկան: Կան խնդիրներ ոռոգման ջրի և արոտավայրերի հետ կապված: Ինչպես նաև ֆինանսական աջակցության, ներդրումային ծրագրերի բացակայության հետ կապված:

Միջոցառմանը ներկա մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը հայտնեց, որ մարզի 110 համայնքում գործում է 17 անասնապահական և 15 այլ ուղղվածության կոոպերատիվներ: Մարզպետարանն այս դեպքում ունի զուտ կոորիդնացնելու իրավասություններ:

Քննարկմանը ներկա կոոպերատիվների ներկայացուցիչների հետ վերհանվեցին օրենսդրական խնդիրները, որոնք կվերլուծվեն և դրանց հիման վրա առաջարկություններ կմշակվեն՝ բարեփոխումներ կատարելու համար:

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Բովանդակության համար պատասխանատու է Կոնսորցիումը, և այն կարող է չարտահայտել ԳՄՀԸ, ԵՄ և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության տեսակետը:

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Բովանդակության համար պատասխանատու է Կոնսորցիումը, և այն կարող է չարտահայտել ԳՄՀԸ, ԵՄ և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության տեսակետը: