Թափանցիկության սկզբունքը ենթադրում է գործել տեսանելի, կանխատեսելի և ընկալելի, ինչի արդյունքում բոլոր շահագրգիռ կողմերը կկարողանան մասնակցություն ունենալ կառավարչական մարմինների գործուղություններին և դրանց հաշվետվողականությանը:
Այս և բարեխղճության մյուս սկզբունքների և հակակոռուպցիոն թեմաների վերաբերյալ այսօր Գյումրիում վերապատրասման դասընթացներ անցկացվեցին Շիրակի մարզում աշխատող 15-ական հոգուց բաղկացած համայնքային և քաղաքացիական ծառայողների խմբերի հետ:
Դասընթացները անցկացվեցին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի կողմից՝ Բաց կառավարման գործընկերություն – Հայաստան Գործողությունների ծրագրի շրջանակներում:
Ի դեպ, այս ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը և Իրավաբանների հայկական ասոցիացիան Երևանում, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում կիրականացնեն 200 հանրային ծառայողների բարեխղճության և հակակոռուպցիոն թեմաներով վերապատրաստումներ:
Կարեն Զադոյանը նշեց, որ կառավարության հետ համագործակցության արդյունքում վերջին տարվա ընթացքում լուրջ քայլեր են կատարվել հակակոռուպցիոն պայքարի ոլորտում: Մասնավորապես, Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից նախորդ տարվա գարնանը կառավարությանը ներկայացվեց հակակոռուպցիոն պայքարի ոլորտում հաջողության հասնելու ճանապարհային քարտեզ, որը բաղկացած էր վեց կետից:
Ներկայացվեցին մշակված իրավական փաստաթղթերի նախագծեր և համատեղ աշխատանքների արդյունքում քրեականացվեց ապօրինի հարստացումը, ներդրվեց կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ ազդարարների ինստիտուտը, մասնակիորեն իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը, ստեղծվեց կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելման մարմինը: