«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը պաշտոնապես բացվեց

Այսօր Երևանում պաշտոնապես բացվեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը։

«Այս ծրագրի առանցքում երկխոսությունն է»,- Հայտարարեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Նրա խոսքերով՝ նոր ծրագիրը լայն հնարավորություններ է ընձեռնում հասարակական կազմակերպություններին և Հայաստանի կառավարությանը։

«Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական ակտիվիզմով։ Չորս հազար հասարակական կազմակերպություն կաՆ, հազար հիմնադրամ, որ գրանցված են Հայաստանում։ Եթե անգամ սոսկ մի մասն է այս կազմակերպությունների ակտիվ գործում, ոմանք՝ 10-15 տոկոսն են նշում, ապա սա այդուհանդերձ շատ հզոր ներուժ է։ Երկխոսությունն այս ծրագրի առանցքում է։ Այն չափազանց կարևոր է»,- ասաց պարոն Սվիտալսկին

«Երկխոսության հասնել հեշտ չէ»,- ԵՄ դեսպանի կարծիքն է, սակայն առանց դրա որևէ արդյունք չես կարող արձանագրել։ Բացի կառավարության հետ երկխոսությունից, դեսպանի համոզմամբ՝ կարևոր է նաև կազմակերպությունների միջև երկխոսության ձևավորումը, այս տեսանկյունից մեծ ներդրում է ունենալու ծրագիրը, որի շրջանակներում կձևավորվեն նոր կոալիցիաներ․ «Հասարակական կազմակերպությունները երբեմն մրցում են միմյանց դեմ։ Երբ Եվրոպական միությունը հավաքագրում է հայտեր ֆինանսավորման համար, ոմանք դժգոհ են լինում արդյունքներից, խնդիրներ են առաջանում, բայց մենք հույս ունենք, որ այս ծրագրի ներքո կհիմնվեն դաշինքներ ու մեզ կհաջողվի նոր կամուրջ կառուցել քաղհասարակության կազմակերպությունների միջև, որովհետև այս դաշտում երկխոսությունը մեզ համար ևս շատ կարևոր է։ Եվրոպական միությունը հանձնառու է աջակցություն ցուցաբերել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»,- նշեց դեսպանը։

Կառավարության և քաղաքացիական հասարակության ջանքերի մեկտեղումն այլընտրանք չունի Հայաստանում՝ բարեփոխումների իրականացնելու առումով։ Նշեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը։ Նոր ծրագիրը 9 ոլորտներում կբերի դրական փոփոխություններ։

«Մենք ուժեղացնելու ենք հասարակական կազմակերպությունների կարողությունները, կարողություններ, որոնք կազմակերպություններն օգտագործելու են իրենց ամենօրյա աշխատանքներում փաստերի վրա հիմնված հանրային քաղաքականություններ մշակելու և իրականացնելու, կոալիցիաներ կառուցելու և զարգացնելու, հանրային վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ կայուն և կառուցողական երկխոսություն իրականացնելու ուղղությամբ։ Սրանք չորս հիմնական թիրախ ոլորտներն են, որ մեր ծրագիրը փորձելու է օգնել հասարակական կազմակերպություններին»,- վստահեցրեց պարոն Զադոյանը։

Բացի Երևանից, ծրագիրն իրականացվելու է նաև մարզերում։ Նպատակն է՝ մարզային հասարակական կազմակերպությունների կարողությունները բերել այն մակարդակի, որպեսզի նրանք արդյունավետ ազդեն համայնքներում հասարակական խնդիրների լուծմանը։

«Ծրագիրը կարևոր է նաև նրանով, որ մենք պետք է մշակույթ ձևավորենք ՔՀԿ-ների միջև եղած համագործակցությունը զարգացնելու համար, եթե մենք կառավարությունից, ՏԻՄ-երից պահանջելու ենք համագործակցել մեզ հետ, մենք պետք է օրինակ ծառայենք և կարողանանք համագործակցել ինքներս իրար հետ, այդ պատճառով ծրագիրն ունի թիրախ՝ 9 ոլորտներում ստեղծել կամ զարգացնել կոալիցիաներ ՔՀԿ-ների, որոնք կարող են լինել առաջատարն ու ավանգարդը, կորդինացնելու են շարժումը, որը բերելու է փոփոխություններ այդ ոլորտներում։ Սա մեզ համար շատ կարևոր է, ու սկիզբը դրել ենք մեր կոնսորցիում վեց գործընկերներով՝ ցույց տալով, որ մենք կարող ենք նաև ծրագիր իրականացնել ոչ թե 1-2 կազմակերպություներով, այլ 6 կազմակերպություններով»,- ասաց նա։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, մոտենալով ամբիոնին, հայտարարեց, որ վարչապետից հանձնարարություն ունի խոսել կառավարության անունից։ Նա շեշտեց՝ եկել է ասելու՝ կառավարությունը պատրաստ է ամբողջովին, խորապես և անկեղծ համագործակցել։

«Սա հայտնում եմ վարչապետի խոսքը՝ ողջ կառավարության անունից, իհարկե, մենք լավ հասկանում ենք, որ կառավարությունն է քաղաքականությունների մշակման հիմնական պատասխանատուն, ինչպես նաև իրագործման պատասխանատուն, սակայն, եթե խոսում ենք պատասխանատվության մասին, մենք պետք է հստակ գիտակցենք, որ պատասխանատվությունը ամենևին չի նշանակում մեկուսացում, կառավարման համակարգի արդյունավետությունը կարող է բարձրանալ միմիայն այն դեպքում, երբ հասարակությունը կառուցված է ակտիվ քաղաքացիների վրա»,- կարծիք էր հայտնում պարոն Հարությունյանը։

Այս տեսանկյունից նախարարը վստահություն հայտնեց՝ քաղհասարակության հետ համագործակցությունը կտա իր արդյունքները։

«Այս ծրագիրը հետաքրքիր է նրանով, որ զարգացվելու են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները։ Խոսքը չի վերաբերում զուտ դժգոհությանը, այլ փաստերի հիման վրա քաղաքականություն մշակելուն և հասարակական վերահսկողություն իրականացնելուն, սա հեշտ կարողություն չէ, շատ ավելի հեշտ է քննադատելը քան մասնակցելը»,- նշեց նա։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ընդգրկվել են 9 թիրախ ոլորտներ։ Ծրագրի՝ կառավարություն-ՔՀԿ երկխոսության համակարգող, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների քարտեզագրման և ոլորտների հատկորոշման զեկույցը։

«Դրանք են՝ բիզնես, կրթություն, արդարադատություն, որը արդեն ծրագիրը ներկայացնելուց որոշվել էր, կոնսորցիումի թիմը ներկայացրել էր, մյուս 6 ոլորտները՝ ըստ զեկույցի արդյունքների, ըստ քաղաքացիների հետ հանդիպումների, ՔՀԿ-ների, սոցիալական ոլորտն է, աշխատանքային ոլորտը, էներգետիկան, ՏԻՄ և համայնքներ, որը ներառում է նաև տրանսպորտային խնդիրներ, գյուղատնտեսություն, սննդի անվտանգություն, նաև մարդու իրավունքներ, որ այս փուլում մտածեցինք ավելի նպատակահարմար կլինի արդարադատության ոլորտի հետ մեկտեղել»,- ընդգծեց նա։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ԵՄ փորձագետ Քարլ Ուլբրիխտի խոսրքերով՝ նոր ծրագիրը կբերի քաղաքացիների կյանքը բարելավող փոփոխություններ․ «Հանրային քաղաքականության ազդեցությունների ներուժը ամբողջությամբ չի օգտագործվել, ուստի մենք պետք է ուղիներ գտնենք այն ամբողջությամբ կիրառելու։ Այդ շրջանակներում նախատեսվում է նպաստել ՔՀԿ-ների  ազդեցությունը՝ հանրային քաղաքականության վրա, այդ եղանակներն են օրինակի համար՝ մոնիթորինգները, կոալիցիաների ստեղծումը և զարգացումը, ԵՄ լավագույն փորձի կիրառումը, փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակումը և երկխոսության մեջ ներգրավումը»,- հայտնեց ԵՄ փորձագետը։

Հիշեցնենք՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: Սա Եվրոպական միության կողմից Հայաստաոնում ֆինանսավորվող ամենախոշոր ծրագրերից է, տևողություն 34 ամիս է, այն մեկնարկվել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին: Ծրագրի բյուջեն կազմում է 2 մլն 222 հազար եվրո, որից 2 մլն եվրոն տրամադրում է Եվրոպական Միությունը:

Գ․Թ․
Ա․Ս․