Այս տարի Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներն անցկացնում է մայիսի 6-ից մայիսի 27-ը։
Եվրոպայի օրվա մարզային առաջին բացօթյա տոնակատարությունը անցկացվեց Գյումրիում։ Մայիսի 12-ին Գյումրու թատերական հրապարակում տեղի ունեցավ Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող ծրագրերի տեղեկատվական ցուցահանդեսը։ Տեղեկատվական ցուցահանդեսի ընթացքում դեսպան Պյոտր Սվիտալսկին և Գյումրիի քաղաքապետը շրջեցին տաղավարներում և խոսեցին ծրագրերն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Թատերական հրապարակում առանձին տաղավարներում ԵՄ աջակցությամբ Շիրակի մարզում իրականացվող ծրագրերին ծանոթացան նաև ներկաները։
Տեղեկատվական ցուցահանդեսին մասնակցում էր նաև «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ-ի Գյումրու մասնաճյուղը։ Տաղավարում ներկայացվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և Հայաստանի համայնքների միության հետ համատեղ:
Ներկայացվեց նաև «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» նախաձեռնության ներքո իրականացվող «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրը, որն իրականացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիան (ԵԲԱ): Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել բիզնես անդամ կազմակերպությունների ազդեցությունը՝ ՓՄՁ ոլորտի բարեփոխումները խթանելու համար:
«Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ-ի Գյումրու մասնաճյուղի կամավորները ակտիվ մասնակցում էին միջոցառմանը՝ կազմակերպելով ինտերակտիվ և ինտելեկտուալ խաղեր, որին մասնակցում էին ներկա գտնվողները։
Նշենք, որ 1950թ. մայիսի 9-ին կատարվեց Եվրոպական միության ստեղծման առաջին քայլը: 1985թ. ԵՄ առաջնորդների` Միլանում կայացած գագաթնաժողովում որոշում ընդունվեց մայիսի 9-ը նշել որպես Եվրոպայի օր: Շարունակելով վերջին վեց տարիների ավանդույթը` Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպում է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ` Հայաստանում խաղաղությունն ու միասնությունը միասին տոնելու համար: