Հայաստանում Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակներում 2017 թվականի մայիսի 13-ին Վանաձոր քաղաքում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կազմակերպեց միջոցառում:
Վանաձորում Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունը սկսվեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկու ողջույնի խոսքերով: Ողջույնի խոսքերին հաջորդեց Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի տեղեկատվական ցուցահանդեսը։ Տեղեկատվական ցուցահանդեսի ընթացքում դեսպան Պյոտր Սվիտալսկին և Վանաձորի քաղաքապետը շրջեցին տաղավարներում և խոսեցին ծրագրերն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հայքի հրապարակում տեղի ունեցած տեղեկատվական ցուցահանդեսին մասնակցել է նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Լոռու մասնաճյուղը: Տաղավարում ներկայացվել է ԵՄ ֆինանսավորմամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և Հայաստանի համայնքների միության հետ համատեղ:
Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների՝ 9 թիրախային ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի վրա ազդեցության ուժեղացումն է, իսկ առանձին նպատակ են հանդիսանում ՔՀԿ-ների՝ կոալիցիաների կառուցման կարողությունների ուժեղացումը, նրանց մասնակցությունը հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացներին, թիրախային ոլորտներում խնդիրների հատկորոշումը և համապատասխան քաղաքականությունների մշակումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ու կենտրոնական պետական մարմինների հետ քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական և ռազմավարական փոխգործակցությունը:
Վանաձորում Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունը եզրափակվեց տոնական համերգով: