Երևանում այսօր տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառության» ծրագրի անդամների և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի աշխատանքային հանդիպումը։
Հանդիպմանը ԱԼԳ-ից մասնակցում էին Հայաստանի ազգային պլատֆորմի 5 ոլորտային աշխատանքային խմբի ներկայացուցիչները և նույն պլատֆորմի քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանը:
Հանդիպումը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ով ներկայացում էր պատրաստել կազմակերպության և ևս 5 ՀԿ-ների կողմից իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի վերաբերյալ։
Կարեն Զադոյանը մանրակրկիտ ներկայացրեց ծրագիրը և դրա նպատակները․ «Ծրագրի առանձնահատուկ նպատակներն են քաղաքացիական հասարակության և նրանց կոալիցիաների կարողությունների ուժեղացումը, ինչպես նաև մենք նպատակադրված ենք աջակցել կազմակերպությունների ու կոալիցիաների մասնակցությամբ հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացներին, հանրային վերահսկողության իրականացմանը, թիրախային ոլորտներում խնդիրների հատկորոշմանը և հանրային քաղաքականությունների մշակմանը, ՏԻՄ-երի և կառավարության հետ քաղաքականությունների մշակման գործընթացքում ռազմավարական փոխգործակցությանը»,- շեշտեց պարոն Զադոյանը։
Ներկայացումից հետո ծավալվեց արդյունավետ քննարկում ծրագրի շուրջ, Կարեն Զադոյանը պատասխանեց հարցերին, այնուհետև հարցուպատասխանը սահուն կերպով վերածվեց ծանրակշիռ քննարկման։ Արդյունքում, վեր հանվեցին մի շարք խնդիրներ հանրային քաղաքականությունների մշակման և վերահսկողության իրականացման դաշտում, կառավարության հետ երկխոսության ոլորտներում, ինչպես նաև մատնանշվեցին ոլորտային հիմնախնդիրները ու առանձնացվեցին հանրության համար կարևոր և արդիական այլ ոլորտներ։
ԱԼԳ-ի աշխատանքային խմբի անդամները ներկայացրին իրենց ոլորտներում առկա խնդիրները՝ կարևորելով կոալիցիաների ձևավորումն ու դրանց կայունության ապահովումը։
Հիշեցնենք, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն կյանքի է կոչվելու Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Գևորգ Թոսունյան
Ալեքսանդր Սարգսյան