Հայաստանում պետք է իրականացվի բնապահպանական կրթություն։ Վստահեցնում են ոլորտի մասնագետները։ Ընդ որում՝ այն պետք է իրականացվի բոլոր հնարավոր մակարդակներում, սկսած մանկապարտեզներից, վերջացրած բուհերով։
Բնապահպանության ոլորտում խնդիրներն այսքանով չեն ավարտվում։ Առանցքային է նաև հանքարդյունաբերության ոլորտը, որը բացասական ազդեցություն ունի բնակչության առողջության վրա։
Այստեղ հասարակությունը ստիպված է երկխոսություն ձևավորել ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր սեկտորի, տվյալ պարագայում հանքարդյունաբերական ընկերությունների հետ՝ խնդիրները լուծելու ուղղությամբ։
Հայաստանում ներկայումս առկա չէ հստակ քաղաքականություն՝ բնապահպանության վերաբերյալ, այսինքն՝ որն է մեր երկրի առաքելությունը, որից կբխեն մյուս գործընթացները։ Այս մասին Նշում են մասնագետները։
Պակաս կարևոր չէ նաև շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա ազդեցության գնահատման խնդիրը, որն առկա է հանքարդյունաբերության ոլորտում․ «Քանի դեռ մեր երկրում այս մեթոդաբանությունը և ստանդարտները ներդրված չեն, մենք խնդիր ունենք։ Մինչև մենք չիմանանք, թե ինչպես է տվյալ օբյեկտը, նախագիծը կամ քաղաքականությունն ազդում մարդկանց առողջության վրա, բնականաբար, մենք չենք կարողանա լուծել խնդիրները»,- ասում են մասնագետները։
Այս և այլ խնդիրների լուծման համար միասնական մոտեցումներ ձևավորելու համար, այսօր տեղի ունեցավ Բնապահպանական կրթության ցանցի Ֆոկուս խմբի հերթական հանդիպումը։
Այն կազմակերպվել էր «Կառուցողական երկխոսություն հանձնառություն» ծրագրի շրջանակներում։ Հանդիպումը վարում էր Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ) ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, ով ներկայացնելով ծրագիրը խոսեց նպատակներից և ընթացքից։
Հիշեցնենք, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների՝ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ: