Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ոլորտում խնդիրները բազմաթիվ և բազմաշերտ են. այս մասին պնդում էին Գավառի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Մարտի 23-ին Գավառում տեղի ունեցավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի հերթական Ֆոկուս խմբի հանդիպումը։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը ներկայացրեց, որ 34 ամիս տևողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից ու իրականացվում է 6 հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից, որը ղեկավարելու է Իրավաբանների հայկական ասոցիացիան: Ծրագրի նպատակը ՔՀԿ-ների կարողությունների զարգացումն է և դրա շրջանակներում նաև դրամաշնորհներ են հատկացվել ՔՀԿ-ներին:
Ծրագրի ՔՀԿ-Կառավարություն երկխոսության համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը հավելեց, որ ծրագիրն ունենալու է թիրախային 9 ոլորտ, որից երեքն արդեն իսկ հաստատվել են, մյուս ոլորտների ընտրության համար ուսումնասիրություններ են իրականացվում:
ՔՀԿ-ների կարողությունների զարգացման նպատակով իրականացվելու են ուսուցումներ՝ մասնագիտացված բուհի կողմից մշակված մեթոդաբանության հիման վրա, ուսուցումները լինելու են մարզերում և Երևանում. շուրջ 100 ՔՀԿ-ներ կմասնակցեն դասընթացներին, որոնք կազմակերպվելու են ինտենսիվ կարգով՝ 5 օր՝ 8 ժամ տևողությամբ:
Ծրագրի շրջանակներում ստեղծվելու են նաև ինկուբատորներ, որոնց աշխատանքը համակարգող փորձագետ Մարատ Ատովմյանը նշեց, որ մարզերում համացանցի օգնությամբ հեռուստակամուրջներ կլինեն Երևանի և Չեխիայի փորձագետների կողմից, կներկայացվեն նրանց փորձը: Մարզերի ՔՀԿ ներկայացուցիչները հնարավորություն կունենան նաև հանդիպումներ ունենալու պետական պաշտոնյաների հետ, քննարկելու իրենց կողմից բարձրձացված խնդիրները: Նրանք, ովքեր կարիք ունեն գրասենյակային տարածքից և համակարգիչներից օգտվելու, կունենան այդ հնարավորությունը:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում: