Հասարակական կազմակերպությունները պետք է մասնակցեն հանրային քաղաքականությունների մշակման ողջ գործընթացին։ Վստահ են ՀԿ ներկայացուցիչները։
Նրանց համոզմունքն է, որ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին պետք է հնարավորություն ընձեռնվի մասնակից լինել որոշումների կայացմանը՝ հենց սկզբնական փուլից, հակառակ դեպքում, կառավարության որոշումներն ու լուծումներն արդյունք չեն տա մեր երկրում։
Այսօր «Կառուցողական երկխոսության հանձնաձության» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հերթական ֆոկուս խմբի հանդիպումը՝ Մոր և մանկան առողջության հայկական դաշինքի հետ։
Հանդիպումը վարում էր Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ) ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը։
Նա ներկայցնելով ծրագիրը՝ հայտնեց, որ այդ շրջանակներում որպես թիրախային ոլորտ ընտրվել են 3-ը՝ արդարադատություն, կրթություն և բիզնես, ևս 6-ը դեռ պետք է ընտրվեն։
«Այդ ոլորտների հրատապ թվացող խնդիրները վեր ենք հանելու, տանելու ենք որոշում կայացնող մարմինների մոտ և քաղհասարակության, պետության հետ, փորձելու ենք դրանց լուծումներն առաջարկել»,- ընդծեց Ալեքսանդր Շագաֆյանը։
Ծրագրի մանրամասները և ՔՀԿ-ների ներկայացուցիչների պատկերացումները՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների՝ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ:
Գևորգ Թոսունյան
Ալեքսանդր Սարգսյան