«Մի բան է վատաբանելը, մեկ այլ բան, երբ քաղաքացիական հասարակության կազմակերպությունը փորձում է ձեռք մեկնել և իր ուժերի ներածին չափով օգնել պետական մարմնին»,- այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի հետ հանդիպմանն ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:
Նա ներկայացրեց ծրագիրը՝ նշելով, որ այն իրականացվում է 6 հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից: Ծրագիրն ունենալու է թիրախային 9 ոլորտ, որից երեքն արդեն իսկ հաստատվել են, մյուս ոլորտների վերաբերյալ ուսումնասիրություններ են իրականացվում, հանդիպումներ են լինում պետական տարբեր գերատեսչությունների պատասխանատուների հետ՝ խնդիրների վերհանման և քարտեզագրելու ուղղությամբ:
Կ. Զադոյանը նշեց, որ ծրագրի ծրագրի իրականացման ընթացքում քայլեր են ձեռնարկվելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հմտությունների ուժեղացման ուղղությամբ, կազմակերպվելու են հատուկ մեթոդներով դասընթացներ, հատկացվելու են դրամաշնորհներ՝ կառուցողական աշխատանքներին մասնակցելու և նպաստելու նպատակով:
Անդրադառնալով կոնկրետ տնտեսական մրցակցության հարցերին, Կ. Զադոյանը նշեց միայն մեկ խնդիր. ներկայումս իրավական առումով հերքվում է մի շարք ոլորտներում մոնոպոլիաների առկայությունը, քանի որ չկան դրանք բացահայտման համապատասխան գործիքները: Մինչդեռ, հենց նաև դրա դեմ է ուղղված Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից ներկայացված առաջարկությունները ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված իրավական գործիքների ներդրումը:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ մեծապես գնահատվում է նրանց կողմից ակտիվ գործունեությունը և հանձնաժողովը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը:
Անդրադառնալով ՏՄՊՊՀ գործունեությանը, Ա. Շաբոյանը նշեց, որ հանձնաժողովի անվանումը շատերի մոտ թյուրըմբռնումների տեղիք է տալիս և կարծում են, որ տնտեսական մրցակացության հետ կապված բոլոր հարցերում պատասխանատուն ՏՄՊՊՀ-ն է, մինչդեռ այս կառույցը ունի որոշակիորեն սահմանափակ գործառությունների շրջանակ:
Ի դեպ, հանձնաժողովի գործառույթների վերաբերյալ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի գործընկեր «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանը նշեց, որ միգուցե պետք է իրազեկմանն ուղված քայլեր կատարվեն, թիրախային խմբերին մատչելի, պարզ լեզվով ներկայացվեն, թե որ դեպքերում պետք է դիմել ՏՄՊՊՀ և ինչ քայլեր ակնկալել նրանից: Որոշվեց այս ուղղությամբ առանձին քննարկում իրականացնել՝ հարցը համատեղ լուծելու համար:
Ինչ վերաբերում է ՏՄՊՊՀ-ի կողմից վերհանված խնդիրներին, ապա Ա. Շաբոյանի խոսքով, դրանք հաճախ այլ պետական մարմինների կողմից միգուցե ոչ պատշաճ կերպով իրենց գործառույթները կատարելու հետևանքներ են:
Նա անդրադարձավ նաև պետական գնումների ոլորտում իրենց կողմից կատարված ուսումնասիրություններին. իհարկե, եղել են դեպքեր, որոնց կապված են եղել հակամրցակցային պայմանավորվածություններին, սակայն հիմնականում խախտումները վերաբերում են գնումների ընթացակարգերին:
Ա. Շաբոյանը ներկայացրեց նաև ՏՄՊՊՀ կատարած աշխատանքներն ու միջազգային վիճակագրական տվյալները, որոնց համաձայն, Հայաստանը տնտեսական մրցակցության ոլորտում էապես բարելավում է իր դիրքերը:
Հանդիպման վերջում Արտակ Շաբոթյանն իր պատրաստակամությունը հայտնեց համագործակցության նպատակով տարբեր նմանատիպ և այլ ֆորմատներով հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն կյանքի է կոչվելու Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ: