Հայաստանում խնդիրները շատ են, համակարգային լուծումները՝ քիչ: Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանն այսօր Կրթության և գիտության նախարարությունում ասաց, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող այս նոր ծրագրով մեր երկրում առկա խնդիրները կհամակարգվեն ու կառաջարկվեն դրանց իրական լուծումները. «Մենք այսօր բոլորս էլ գիտենք, որ սուբյեկտիվ և օբյեկտիվ տարբեր խնդիրներ կան բոլոր ոլորտներում, բայց նաև պետք է կարողանալ դրանք համակարգել ու համապարփակ լուծումներ առաջարկել», – նշեց պարոն Զադոյանը:
Այս նպատակներին հասնելու համար, ի թիվս այլ գործողությունների, հզորացվելու են նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները. «Թիրախը քաղաքացիական հասարակության կազմակերպություններն են, որոնց մենք կդարձնենք այն մակարդակի, որ դրանից հետո առանց մեզ իրենք հանգիստ կարողանան իրենց գործունեությունը շարունակել», – նշեց Կարեն Զադոյանը:
Իսկ ինչպե՞ս հասնել այս նպատակին. ԵՄ-ի ծրագրով երկու մոտեցում է որդեգրվել՝ ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացում և ֆինանսավորում: 9 թիրախային ոլորտներում մասնագիտացված 100 կազմակերպություններ են ընտրվելու, Կարեն Զադոյանը նշում է՝ ամենօրյա աշխատանքի միջոցով, պատկերավոր ասած՝ նրանց ձեռքից բռնելով, հասնելու են նպատակներին, իսկ լավագույն ՔՀԿ-ները ֆինանսավորվելու են: Հասարակական կազմակերպությունների վերապատրաստումները ավանդական և հնացած սկզբունքներով չեն իրականացվելու, ծրագրով նախատեսվում է համագործակցություն Կառավարության հետ, վերապատրաստման դասընթացները մշակվելու են առաջատար բուհերից մեկի ջանքերով, որը կընտրվի մրցույթային եղանակով.
«Մենք չենք ուզում հասարակական կազմակերպությունների ուժերով այդ ամենը կազմակերպել, ինչպես դա մինչ այժմ իրականացվել է Հայաստանում, ուզում ենք կազմակերպական զարգացման նոր մակարդակի վրա դնել այս գործընթացը», – նշեց Կարեն Զադոյանը: Ի դեպ, ծրագրի շրջանակներում նախատեսվում է դրամաշնորհներ տրամադրել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նախ ներողության հայցեց նախարարի անունից. հանդիպումը ի սկզբանե պետք է լիներ Լևոն Մկրտչյանի հետ, սակայն նա ներկա չէր, քանի որ կառավարությունում հրատապ քննարկման էր մասնակցում:
Նախարարի տեղակալը հետաքրքրվեց ծրագրի էության և թիրախային ոլորտների մասին, մասնավորապես հենց կրթությանն առնչվող:
Քանի որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է խնդիրներ վեր հանել հենց պատասխանատու գերատեսչությունների, տվյալ դեպքում՝ Կրթության և գիտության նախարարության հետ, հանդիպմանը քննարկվեցին նաև առկա խնդիրները և համաձայնություն ձեռք բերվեց դրանք ամփոփելու և թղթի հանձնելու ուղղությամբ:
Կարինե Հարությունյանը առանձնացրեց մեկ կարևորագույն խնդիր. «Աշակերտների ծնողները համաձայնության դաշտում են գործում դպրոցի ղեկավարության և ուսուցիչների հետ, այսինքն՝ ընդունված բան կա, եթե ծնողն դեմ արտահայտվի, ապա կարող են երեխայի նկատմամբ վատ վերաբերմունք ձևավորել: Ես կարծում եմ, որ այս մոտեցումը պետք է փոխվի, ծնողներն ավելի պասիվ են՝ սկսած դպրոցի ծնողական ժողովներից՝ վերջացրած կառավարման խորհրդի աշխատանքներում», – նշեց փոխնախարարը:
Հանդիպմանը ներկա ԵՄ միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը, որպես այս խնդրի լուծման տարբերակ, ներկայացրեց անգլիական փորձը՝ ասելով, որ Հայաստանում ծնողական ժողովներ են իրականացվում, իսկ Լոնդոնում անհատական ժամանակացույց են կազմում և ամեն մի ծնողի հետ հանդիպումներ ունենում: «Այսինքն՝ անկեղծ նստում և զրուցում են, ծնողը կոմպլեքսավորված չի լինում, որ իր երեխայի վերաբերյալ կարող են բացասական կարծիք հայտնել բոլորի ներկայությամբ, այլ դասվարի հետ առանձին քննարկում են ընդհանուր հարցերը», – նշեց մասնագետը:
ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի ներկայացուցիչ Արտակ Մանուկյանը մեկ այլ խնդիր առանձնացրեց, նրա խոսքերով՝ բացառապես բոլոր դպրոցներում զգուշացնող գրություն է փակցրված, ըստ որի՝ ծնողներն իրավունք չունեն առանց համապատասխան թույլտվության մտնել դպրոց. «Դա հակասում է օրենքին, որովհետև ծնողն ընդհուպ կարող է գնալ ու հետևել դասապրոցեսին, բայց մտեք որևէ դպրոց, ձեզ պահակը թույլ չի տա բարձրանալ վերև»,- նշեց նա:
Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ) նախագահ Ալեքսանդր Շագաֆյանը հույս հայտնեց, որ նախարարության հետ կստեղծվի արդյունավետ համագործակցություն. «Այն ինֆորմացիան, որ պետք է փոխանակենք շատ հաճախ կարծում եմ՝ ամենօրյա ռեժիմով կապ կազմակերպելու խնդիր կունենանք»,- նշեց բանախոսը:
Հիշեցնենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից, մասնակիցներն են՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան, «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնը (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միությունը: Նախապես ընտրվել էին երեք թիրախային ոլորտներ, սակայն ներկայումս կառավարության և ոլորտների մյուս դերակատարների հետ քննարկվում են դրանց ավելացման հարցը, վեր են հանվում խնդիրներ պարունակող ոլորտները: