Իրավաբանների հայկական ասոցիացիան փաստահավաք աշխատանքներ է կատարել Արցախում

Ապրիլի 1-ից Արցախի և Ադրբեջանի սահմանային հատվածում՝ ադրբեջանական կողմի հրահրմամբ սկսվեցին մարտական գործողությունները, որոնք տևեցին 4 օր: Այս օրերի ընթացքում տուժել և սպանվել են ոչ միայն զինծառայողներ, այլ նաև քաղաքացիներ:

Ապրիլյան ռազմական գործողությունների հետևանքով վնասվել են սահմանամերձ բնակավայրերը:

Իրավաբանների հայկական ասոցիացիան իր կողմից գործարկվող Իրավաբան.net կայքի թիմի հետ՝ ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանի գլխավորությամբ մեկնել է Արցախ, կատարել փաստահավաք աշխատանքներ:

«Մեր առաջնային նպատակը՝ փաստահավաք աշխատանքների իրականացումն էր, մենք եղանք այն շրջաններում և գյուղերում, որտեղ խաղաղ բնակչությունը տուժել էր ռազմական գործողությունների արդյունքում: Այս աշխատանքներին հաջորդելու է իրավիճակի վերաբերյալ հաշվետվություն` ներառյալ մարդու իրավունքների պաշտպանությանը միտված առաջարկություններ և հստակ գործողություններ: Ինչո՞ւ է սա կարևոր ոչ միայն մեր կազմակերպության, այլ ողջ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ողջ համայնքի համար: Շատ պարզ պատճառով՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համայնքը պետք է հենց այս պահերին լինի խաղաղ բնակչության կողքին՝ պաշտպանելով մարտական գործողություններից տուժած քաղաքացիների իրավունքները»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասել է Արտակ Սարիբեկյանը:

Փաստահավաք աշխատանքներն ամփոփելուց հետո առաջիկայում Իրավաբանների հայկական ասոցիացիան հանդես կգա համապատասխան զեկույցով: